Այսօր դեկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 05:30-ից 06:00-ի սահմաններում, Տոյոտա մակնիշի 20 ԼՍ 445 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Հրազդան-Քաղսի գյուղի ավտոճանապարհի Քաղսի գյուղի սկզբնամասում, Հրազդան հուշահամալիրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել ճանապարհամերձ սեփական տներից մեկի մեջ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության, Կոտայքի մարզի Հրազդանի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել մահացած վարորդին և ուղևորուհուն:
Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի և օպերտիվ գծով տեղակալ Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի, 2-րդ դասակի տեսուչները, վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի և դասակի հրամանատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները, քննչական բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է` որ վարորդը Երևանի բնակիչ 1983 թ. ծնված Վահան Սահակյանն էր, իսկ ուղևորուհին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Սաթենիկ Մաղաքյանն էր: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի տուգանային հրապարակ: Փաստի առթիվ, Կոտայքի մարզի քննչական բաժնում, նյութեր են նախապատրաստվում: