Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.30-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի կենտրոնական փողոցում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 17 ՍՍ 735 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված «Գազ 31 029» մակնիշի 26 ՏՏ 108 համարանիշի և մեկ այլ՝ «Վազ 31 09» մակնիշի 02 ԼԼ 240 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարից հետո 02 ԼԼ 240 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ մյուս 26 ՏՏ 108 համարանիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ինչի հետևանքով ծառն արմատախիլ է եղել, իսկ ավտոմեքենան հայտնվել մայթին:
Կարդացեք նաև
Վթարի հետևանքով 02 ԼԼ 240-ի ուղևոր 1984թ. ծնված, Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Մակիչ Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի հիվանդանոց, իսկ Սիսավան գյուղի բնակիցչ 1988թ. ծնված Կարեն Վարդանյանը մահացել է: Վթարից հետո «Տուարեգ»-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, մահացածին և վիրավորին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի աշխատակիցները, հրամանատար՝ Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արարատի քննչական բաժնի քննիչը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ: Փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու «Տուարեգ»-ի վարորդին:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի