Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 22-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգել է անհայտ քաղաքացին և հայտնել, որ Սիրահարների զբոսայգում մի տղամարդու ծեծի են ենթարկում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տղամարդը Դեմիրճյան փողոցի բնակիչ 86-ամյա Միսակ Գրիգորյանն է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Սիրահարների զբոսայգում ինքը վայր է ընկել և իրեն ոչ ոք չի ծեծել։ Արդեն նոյեմբերի 24-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել են, որ Մ. Գրիգորյանը իրենց մոտ է բուժօգնության դիմել՝ ձախ ազդրոսկրի փակ միջտամբիոնային կոտրվածքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 86-ամյա թոշակառու Մ. Գրիգորյանը նշված վնասվածքները ստացել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում՝ Սիրահարների զբոսայգում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրականում ոչ թե վայր է ընկել, այլ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել զբոսայգում, որի ժամանակ Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի բնակիչ «Պողոսյան պարտեզներ» ՍՊԸ անվտանգության պետ 48-ամյա Տիգրան Բեգլույանը հարվածել և վայր է գցել տարեց մարդուն։ Վիրավորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել: