Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները 2 օր առաջ Արտաշատ քաղաքից նշված արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկում Արտաշատի Աթարբեկյան 11 տան բնակիչ, «Բիլբուլ» մականվամբ 39-ամյա Արթուր Բիլբուլյանին:
Պարզվում է, որ նա նոյեմբերի 18-ին իր ընկերոջ՝ Արտաշատի բնակիչ 33-ամյա Գրիգոր Հովհաննիսյանի հետ գնացել են «Էլիզա» գիշերային ակումբ, որտեղ իրենց մոտ եղած գազային ատրճանակները ցուցադրաբար դրել են սեղանին և պարուհիներին ստիպել պարել: Արդեն կեսգիշերին նրանք պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում դուրս են բերել ակումբից և ստիպել, որպեսզի նա պարի մայրուղում: Այդ ընթացքում օդ են կրակել:
Արտաշատում բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Արթուր Բիլբուլյանը աշխատում է «Արթուր Բիլբուլյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն և զբաղվում է հացի արտադրությամբ, Արտաշատում էլ ունի խմորեղենի խանութ և սննդի արագ սպառման կետ: Իսկ Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի պետ Արթուր Գալստյանի վարորդն է: Նրանք գիշերային ակումբ գնացել էին Ա. Գալստյանի ծառայողական «ՎԱԶ 2107» մակնիշի 080 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենայով:
Երբ Մասիսի ոստիկանները «Բիլբուլ»-ին բերման են ենթարկել, նրա անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի 11 ՍՕ 331 համարանիշի ավտոմեքենայում՝ փոխանցման տուփի մոտ հայտնաբերել են գազային ատրճանակը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: «Մերսեդեսը»-ը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ, իսկ առգրավված գազային ատրճանակներն ու դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ այս տարվա հոկտեմբերին Աբովյան քաղաքում սպանվել էր նշված գիշերային ակումբի տնօրենը: