Քիչ առաջ` նոյեմբերի 20-ին, Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր տեղափոխվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանը:
Նշված դատարանին միջնորդություն էր ներկայացրել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչը, միջնորդություն, որպեսզի Դեմիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:
Նշված դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը խորհրդակցական նիստից հետո բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը, և 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը:
Ինչպես ավելի վաղ aravot.am-ին Ստեփանավանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22. 40-ի սահմաններում Ստեփանավան բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ գլխուղեղային փակ տրավմա, գլխի մասում ստացած սալջարդ, ուղեղային կոմա ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը 29- ամյան Ինգա Շիշլոն է: Տեղեկացրել էինք նաեւ, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ա. Դեմիրխանյանը քննիչ Սերգեյ Սերոբյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Քննիչի որոշմամբ նշանակվել են նաև մի շարք փորձաքննություններ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը հայտնեց նաև, որ սպանություն կատարողը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, այդ թվում՝ սպանության փորձ կատարելու համար։
Տեսանյութը եւ լուսանկարները` Գագիկ Շամշյանի