Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԷՐ ՆԱԽՈՐԴԵԼ ԵՎ ՀԱՋՈՐԴԵԼ ՀԱԲ-Ի ԼՈՒԾԱՐՄԱՆԸ

Սեպտեմբեր 02,2000 00:00

1989-99թթ. Հայաստանում արդեն արմատավորվել էին հակախորհրդային բանակային տրամադրությունները։ Խորհրդային բանակը ոչ միայն չէր պաշտպանում արցախահայության, այլեւ՝ Հայաստանի անմիջական սահմանների անվտանգությունը։ Այո, այս պայմաններում հայ ժողովրդի անվտանգությունը սեփական ուժերով պաշտպանելու համար Հայաստանում տարերայնորեն ստեղծվել էին զինված ջոկատներ, որոնց զգալի մասը Հայոց ազգային բանակի՝ ՀԱԲ-ի հովանավորության ներքո էին գտնվում։

Համաձայն ենք այն փաստարկի հետ, թե՝ «Կարճ ժամանակաշրջանում ՀԱԲ-ն արդեն իր մասնաճյուղերն ուներ հանրապետության բոլոր տարածքներում եւ հանդիսանում էր ամենահզոր ուժերից մեկը»։ Միաժամանակ խորանում էր Հայաստանի եւ ԽՍՀՄ կենտրոնի միջեւ առաջացած վիհը։ 90թ. մայիսի 3-ին, ՀՀՇ մեկ-երկու պատգամավորների եւ հենց ժողովրդի ճնշման տակ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը մի քանի աննախադեպ որոշումներ է ընդունում։ Ժամանակավորապես դադարեցվում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող հայազգի զինակոչիկների գարնանային զորակոչը, դադարեցվում են հարկադրաբար իրենց զորամասերը լքած հայազգի զինվորների նկատմամբ քրեական հետապնդումները։

ԳԽ-ն որոշում է կայացնում՝ խորհրդարանին կից ստեղծել Պաշտպանության խորհուրդ, որը համակարգելու էր զինված ջոկատների գործունեությունը։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ երկրի սահմաններն ու արցախահայությանը պաշտպանելու համար զինվել էին ոչ միայն ազնիվ ու հայրենասեր մարդիկ, այլեւ քրեածին տարրեր, որոնք զենքի ուժով Հայաստանի ողջ տարածքում, նաեւ մայրաքաղաքում փորձում էին իրենց իշխանությունը եւ ազդեցությունը հաստատել, եւ դրանց հայրենասերներից զատելը չափազանց դժվար էր, կարծում ենք, նաեւ ՀԱԲ-ի ղեկավարների համար։

ՀԱԲ-ի ներկայացուցիչներն այսօր էլ վստահեցնում են, թե «խորհրդային համակարգի փլուզման ընթացքում ՀԱԲ-ն էր, որ ստանձնեց օգնել ՆԳՆ-ին՝ հանրապետությունում կարգուկանոն ապահովելու նպատակով»։ Բայց փաստ է, որ 90-ի օգոստոսի 28-ին ՀԱԲ-ականները հենց հասարակական կարգի պաշտպանության ջոկատի հետ էին ընդհարվել։

Բացի այդ, ԳԽ նախկին պաշտոնյաները հիշեցրին, որ Նոյեմբերյանում ՀԱԲ-ի ջոկատներն անցել էին ադրբեջանական սահմանը, լուրջ ընդհարումներ եւ զոհեր էին եղել, խորհրդային զինված ուժերը սպառնում էին Հայաստանին։

Փաստ էր նաեւ այն, ինչ արձանագրված է մայիսի 14-ի ԳԽ որոշման մեջ. «Չնայած իրավիճակի կայունացման միջոցառումների ձեռնարկմանը, հանրապետության մի շարք շրջաններում դրությունը մնում է բարդ։ Կատարվում են ծանր հանցագործություններ՝ ավազակային հարձակումներ, կողոպուտ, պետական եւ անձնական գույքի գողություն, առանձին վայրերում գործը հասնում է սպանությունների»։ ԳԽ-ն որոշում է իրավակարգի ամրապնդման եւ իրավախախտումները կանխելու համար հասարակական կազմավորումներ ստեղծել։ ՆԳՆ-ին եւ դատախազությանն առաջարկվում է լուծարել այդ կազմավորումներից դուրս գործող խմբերը։ Որոշվում է նաեւ ԳԽ-ին կից ստեղծել Պաշտպանության խորհուրդ, որը համակարգելու է զինված ջոկատների գործողությունները։

Մոսկվան փորձում էր իր ուժային վերահսկողությունը պարտադրել Հայաստանին։ Արդեն ԳԽ նոր ընտրություններից հետո, հուլիսի 20-ին ՀԽՍՀ ԳԽ-ն որոշում է կայացնում, ըստ որի, խորհրդային բանակի եւ ՆԳ ստորաբաժանումները Հայաստանի տարածքում իրավունք չունեն իրականացնելու պատժիչ գործողություններ՝ առանց Հայաստանի ԳԽ-ի թույլտվության։

Ավելին, Հայաստանում կասեցվում է նաեւ ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի հրամանագիրը՝ սպառազեն կազմավորումներին զինաթափելու եւ անօրինական պահվող զենքն առգրավելու մասին։ Հայաստանյան իշխանությունները փորձում են դիմակայել կենտրոնին եւ թույլ չտալ վերջինիս միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։

Լ.Տեր-Պետրոսյանը արդեն ԳԽ նախագահ ընտրվելուց երկու օր հետո՝ օգոստոսի 6-ին, հայտարարում է, թե հայաստանյան իշխանություններն ի վիճակի են սեփական ուժերով լուծել հանրապետության ներքին կյանքին եւ կայունությանը վերաբերող խնդիրները, պայմանով, որ բացառված լինի արտաքին միջամտությունը։ Նա դիմում է ժողովրդին եւ միաժամանակ կոչ անում աշխարհազորայիններին՝ «հավատարմության երդում տալ հանրապետության գերագույն իշխանություններին եւ, մոռանալով ներքին հակասությունները՝ ձեռնպահ մնալ որեւէ անխոհեմ գործողությունից»։

ԳԽ ներկայացուցիչները բանակցություններ են սկսում ՀԱԲ-ի ղեկավարության հետ՝ համոզելով համախմբվել իշխանությունների շուրջ, հանդես գալ միասնական ճակատով։ ՀԱԲ-ը, որ մինչ այդ հայտարարում էր, թե ինքն ամենահզոր ռազմականացված կազմավորումն է եւ իր շարքերում շուրջ 100 հազար մարտիկ ունի, հրաժարվում էր ենթարկվել իշխանություններին՝ թե ինչու, մեզ ուղղված հերքման մեջ նշված չէր։

ՀԱԲ-ի հրամանատարներից ոմանք այսօր էլ վստահեցնում են, թե ռեկետի եւ թաղային կռիվների հետ իրենք որեւէ կապ չեն ունեցել, եւ այդ ամենն իրենց վերագրելը սադրանք էր, բայց անդրադառնալով օգոստոսի 28-ին 26 կոմիսարների շրջանի բենզակայանում տեղի ունեցած միջադեպին, նշում են, որ «հասարակական կարգի պաշտպանության ջոկատի հետ ընդհարումը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ բենզակայանի տերերը հրաժարվել են սպասարկել դիրքերը շտապող ՀԱԲ-ի մեքենաներին, որովհետեւ նրանք ՀԱԲ-ականներ են»։ Բենզակայանի տերերը հրաժարվել են անվճար բենզին տալ ՀԱԲ-ականներին, որոնք չեն ենթարկվում օրինական իշխանություններին։ ՀԱԲ-ականներն էլ որոշում են ծեծել եւ վիրավորել հասարակական կարգի պահպանության ջոկատի 3 մարտիկներին։ Սա, ըստ ՀԱԲ-ականների, անկարգություն չէ, այլ սադրանք։

Նույն գիշեր ՀԱԲ-ի շտաբի մատույցներում հիշյալ ջոկատի անդամ Գ.Միքայելյանի եւ պատգամավոր Վ.Այվազյանի սպանությանը ՀԱԲ-ականները «տեղյակ չեն եղել»։ «ՀԱԲ-ի ղեկավարները կտրականապես հերքում եւ ապացուցում են, որ իրենց կողմից որեւէ կրակոց չի եղել»։ Սակայն ժամանակին, նույն ՀԱԲ-ի հրամանատարներից Համլետ Մկրտչյանը, դեպքից անմիջապես հետո, «Անկախություն» թերթին տված հարցազրույցում նշել է, թե՝ «ՀԱԲ-ի շտաբի վրա 45 րոպե խաչաձեւ կրակոցներ են եղել, իսկ մեր կողմից պատասխան կրակ բացվել է մեծ ուշացումով։ Ասում են՝ մի պատգամավոր է զոհվել եւ էլի ինչ-որ մեկը»։

Իրականությունն այն է, որ Գ.Միքայելյանն ու Վ.Այվազյանը զոհվել են այդ 45 րոպեանոց փոխհրաձգության արդյունքում։ Կատարվածից հետո ԳԽ-ին ոչինչ չէր մնում, քան ՀԱԲ-ի լուծարման մասին որոշում ընդունել եւ նրա մարտիկներին զինաթափման կոչ անել։ ՀԱԲ-ի զինաթափման գործողությունն իրականացրել են ՆԳՆ-ի եւ ՊԱԿ-ի ստորաբաժանումները՝ ՊԱԿ-ի պետ Բադամյանցի գլխավորությամբ։

Միանշանակ կարելի է պնդել, որ ՀԱԲ-ը օրինական կազմավորում չէր եւ պետականության հաստատման տեսանկյունից զինված բոլոր ջոկատներն անխտիր պետք է օրինականացվեին եւ մտնեին պետական կառույցների մեջ։ Մի բան, որին ՀԱԲ-ը չէր ուզում ենթարկվել։ Նա իրեն ռեալ իշխանություն էր համարում։

Ամեն դեպքում, դատելով այսօրվա արդյունքներից, միանշանակ է, որ «նախկին հանցավոր ռեժիմի»՝ կանոնավոր բանակ ունենալու, ձգտումն արդարացված էր։ Միայն զինված ջոկատները պետության կառույցում ի մի բերելով եւ կանոնավոր բանակի ստեղծմամբ էին հնարավոր հայկական բանակի հաղթանակներն ու Արցախի ազատագրումը, ինչը բացառվելու էր ֆիդայական շարժման պայմաններում, իսկ պետության մեջ երկու բանակ լինել չէր կարող։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930