Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐՋԱԴԱՐՁ Է ՍՊԱՍՎՈՒՄ «ԱՌԱՎՈՏԻ» ԹՂԹԱԿՑԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Հոկտեմբեր 30,1998 00:00
Sandoyan

Պայծառատեսի մոտ գնալու նպատակը շատ անմեղ էր։ Դե, լրագրողին ինչ է պետք էս աշխարհից. թուղթ ու գրիչ, ձայնագրիչ՝ փառք Աստծո, դրանց պակասությունը չունեմ, տեղեկատվություն, հանդիպում ու հարցազրույց պաշտոնյաների հետ՝ սա էլ բախտի բան է. թե պաշտոնյայի մամուլի քարտուղարի կամ պարզապես քարտուղարուհու հետ լավ ես՝ հանդիպումդ կկայանա, իսկ եթե ԱԺ-ում հավատարմագրված լրագրող ես՝ ընդհանրապես հարց չկա։ Հա, մեկ էլ դեմ չէի լինի մեկ-մեկ էլ արտասահմանյան գործուղումների մեկնել կամ պաշտոնյաներին ուղեկցել նման այցերի ժամանակ։ Չէ, ես իրատես եմ ու հույս չկապելով երրորդ ցանկությունս իրականություն դառնալու հետ, ընդամենը պայծառատեսից ուզում էի խնդրել, որպեսզի հաջողացնի իմ հանդիպումը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի հետ։

Հուսահատված վիճակս ու պայծառատեսի հայտնագործումը

Արդեն բավական ժամանակ է՝ ուզում եմ հարցազրույց վարել պրն Սանդոյանի հետ՝ չի ստացվում։ Քարտուղարուհին ասում է զանգեք մամուլի քարտուղարին, նա էլ թե՝ «նախարարն առաջիկայում զբաղված է, բյուջե են քննարկում»։ Էդ առաջիկան երկու շաբաթ է, թե երեք ամիս, այդպես էլ գաղտնապահ մամուլի քարտուղարը չասաց, փոխարենը առաջարկեց հարցերս գրավոր ներկայացնել՝ «Մենք կքննարկենք, կպատասխանենք»։ Իբրեւ գաղտնիք ասեմ. ախր հարցերս հեչ գրավոր ներկայացնելու չեն, «Սպիդ-ինֆո» էջի հարցերը ի՞նչ կլինեն։ Ինչեւէ, հայտնի բան է, երբ բոլորովին հուսահատված ես, հույսն ինքն է դուռդ թակում։

Այդպես էլ եղավ, թերթերից մեկում տպագրված հայտարարությունից իմացա, որ կա մի պայծառատես՝ բախտ է գուշակում, թուղթուգիր քանդում, այլ գուշակություններ անում նաեւ լուսանկարով։ Ես էլ վերցրի Էդվարդ Սանդոյանի լուսանկարն ու ուղիղ պայծառատեսի մոտ՝ ասի, թե մի բան է, նա՛ կանի։ Պայծառատես Սվետլանան հեռախոսազրույցի ժամանակ նախ չեմուչում արեց՝ պնդելով, որ ինքը գուշակություններ է անում արեւի լույսով։ Այդուհանդերձ, իմ վճռականությունը ստիպեց, որ նա նույնիսկ երեկոյան ընդունի։ «Խեղճ» կինը երեւի մտածեց անհույս թուղթուգիր արված է ու պետք է շտապ օգնության հասնել (հեռախոսազրույցի ժամանակ, երբ իրեն այցելելու մտադրությանս մասին հայտնեցի, չգիտես ինչու տիկին Սվետան ասաց. «թուղթուգիր կա՞», երեւի ձայնս թուղթուգիր արվածի ձայն էր

Ես տեսա նրան

Պայծառատես Սվետայի բնակարանը շատ սովորական տուն էր, ոչնչով չտարբերվող մեր՝ սովորական մահկանացուներիս տներից եւ չնմանվող մյուս պայծառատեսների տներին, որտեղ սրբերի նկարներ, ժապավեններ, խաչեր ու հազարումի իրեր կան։ Երբ ներս մտա՝ պայծառատես Սվետան մենակ չէր, մի տիկին էլ կար, ծանոթացրեց ու ասաց, որ մտերիմ հարեւանուհին է եւ կարող է ներկա լինել գուշակության «ինտիմ» պրոցեսին։ Գործի անցնելով՝ պայծառատես Սվետան առաջարկեց իր ողջ ընտրանին. գուշակություն սուրճի բաժակո՞վ, խաղաթղթերո՞վ, թե՞ լուսանկարով։ Ես նախընտրեցի լուսանկարով գուշակելու տարբերակն ու մեկնեցի Էդվարդ Սանդոյանի ահա այս լուսանկարը (թեպետ պայծառատեսն ավելի շատ հակված էր բաժակ նայելու տարբերակին

Ես ու Էդվարդ Սանդոյանն՝ ըստ պայծառատեսի

Նայելով լուսանկարին՝ պայծառատեսն անմիջապես կռահեց, որ լուսանկարից նայող տղամարդը պաշտոնավոր է, որ նախկինում ֆինանսապես այդքան էլ ապահովված չի եղել, սակայն հիմա գործերը լավ են ու շատ ապահովված է։ Պայծառատեսն ի՛նձ ասաց, ես էլ ձե՛զ ասեմ, պարոն Սանդոյան, որ մոտ ժամանակներս պաշտոնի բարձրացում է սպասում ձեզ (դե, եթե նկատի ունենանք, որ ֆինանսների նախարարի պաշտոնից վարչապետ դառնալը մեկից մեկ է, ուրեմն՝ պայծառատեսի գուշակությունը շատ մոտ է իրականություն դառնալուն)։ Հետո պայծառատեսն անմիջապես հասկացավ, որ այդ տղամարդը (Էդվարդ Սանդոյանը – Լ. Մ.) ամուսնացած է, ընտանիք, կին, երեխաներ ունի։ Իր բնորոշմամբ՝ «պոչով մարդ» է ու չգիտես ինչու այդ կապակցությամբ ցավակցեց ինձ։ Բայց դե սա դեռ ինչ է՝ որ, պայծառատեսի գուշակություններից այնպիսի հայտնագործություններ բացահայտեցի ինքս իմ մասին, որ քիչ էր մնում կասկածեի ես ե՞ս եմ։

Պարզվեց, որ ես ու Էդվարդ Սանդոյանը ժամանակին շա՜տ մտերիմ ենք եղել (խոստովանեմ, որ ընդամենը մեկ անգամ եմ տեսել պարոն Սանդոյանին, այն էլ պատահական ընդունելության ժամանակ), իսկ շրջապատի չար մարդիկ ամեն ինչ արել են մեզ իրարից հեռացնելու համար։ Այդ չար գործին մեծապես նպաստել է ինչ-որ մի կին, ես էլ որպես համեստ մարդ կուլ եմ տվել զգացմունքներս, ինչի համար հիմա շա՜տ եմ նեղվում ու գիշերները լաց լինում։ Բայց դրանից ավելի, ըստ պայծառատեսի, ինձ ցավ է պատճառում այն հանգամանքը, որ լուսանկարի տղամարդը (Էդվարդ Սանդոյանը – Լ. Մ.) ոչ մի անգամ չի փորձում խոսել այդ թեմաներով։ Լավ էր գոնե պայծառատեսն ինձ հանգստացրեց՝ ասելով, որ ինքը (Էդվարդ Սանդոյանը – Լ. Մ.) շատ մաքուր, նուրբ հոգու տեր մարդ է ու ինչքան ես եմ «տառապում» մեր բաժանման համար, նույնքան էլ ինքը (Էդվարդ Սանդոյանը – Լ. Մ.)։

Հետո, չգիտես ինչու, պայծառատես Սվետան կտրուկ անցում կատարեց ու որոշեց, որ էդ մարդը (Էդվարդ Սանդոյանը – Լ. Մ.) կապված է մի ջահել աղջկա հետ (իբր ես ծեր եմ – Լ. Մ.), հետո էլ ինձ հանգստացրեց. «Բայց էդ աղջիկը իրան (Էդվարդ Սանդոյանին – Լ. Մ.) չի սիրում, ֆինանսի ու պաշտոնի համար է կապվել հետը»,- ասաց նա։ Սա էլ իբր քիչ էր, պայծառատես Սվետան ցավ հայտնեց, որ այդ լուրը չհայտնել չի կարող. «Կներեք, բայց չասել չեմ կարող, առողջությունը լավ չի էս մարդու (Էդվարդ Սանդոյանի – Լ. Մ.) ու եթե ինֆարկտ չի տարել, ուրեմն մոտ ժամանակներս կտանի» (լեզուն պապանձվի – Լ. Մ.

Ես շա՜տ նեղվեցի, հետո մտածեցի, դե, ոչինչ, գոնե ըստ պայծառատեսի առողջության վատացումը կոմպենսացվելու է պաշտոնի բարձրացմամբ։ Պայծառատես Սվետան ճամարտակում էր, իսկ ես այդպես էլ չէի ստանում հարցիս պատասխանը՝ հարցազրույցի նպատակով կկայանա՞ արդյոք մեր հանդիպումը։ Մեկ էլ կարծես թե պայծառատեսը կարդաց մտքերս ու թե՝ «Բայց դու մի անհանգստացիր, շատ շուտով դուք կհանդիպեք ու քո կյանքը 180 աստիճանով դեպի լավը կշրջվի»։

Հավանաբար դեմքիս կասկածի արտահայտություն նկատելով՝ ասաց. «Չե՞ք հավատում, այ կտեսնեք, մինչեւ նոր տարի անպայման կկայանա ձեր հանդիպումը ու ձեր կյանքը 180 աստիճանով կշրջվի»,- կրկնեց պայծառատես Սվետան։ Ու երեւի ասածին կշիռ տալու նպատակով ավելացրեց. «Բայց ձեր երկուսի վրա թուղթուգիր է արված, որպեսզի վերացնեմ էդ թուղթուգիրը՝ մի կտոր քո՛, մի կտոր էլ էս մարդու (Էդվարդ Սանդոյանի – Լ. Մ.) շորից կկտրես, կբերես։ Բայց թուղթուգիրը ես ամեն օր չեմ քանդում, մենակ կիրակի օրերին, էն էլ արեւի լույսով»,- եզրափակեց պայծառատես Սվետան։

Ու ես էլ չհասցրի ասել, որ էդ մարդուն (Էդվարդ Սանդոյանին – Լ. Մ.) տեսնելու եւ շորից կտրելու հնարավորություն ունենամ, հենա հարցազրույց կվարեմ, էլ ինչո՞ւ եմ բախտագուշակների դռները ընկնում։ Հիմա միակ հույսս, պարոն Սանդոյան, դուք եք, կամ մի կտոր ձեր շորից ուղարկեք, կամ, որ ավելի նախընտրելի է (գոնե ինձ համար), հարցազրույց տվեք։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031