Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը վերադարձել է իր բնականոն կյանքին։
Արցախի սահմանին արդեն կանգնած են ռուս խաղաղապահները, որոնք ստուգում են Արցախ մուտք գործող և Արցախից դուրս եկող մեքենաները և քաղաքացիների փաստաթղթերը։ Մինչ Ստեփանակերտ հասնելը կան մի քանի անցակետեր, որտեղ պարզապես ռուս խաղաղապահները հետաքրքրվում են՝ քանի՞ հոգի կա մեքենայում, որտե՞ղ եք գնում կամ արդյոք՝ զենք, զինամթերք ունեք մեքենայում։
Երբեմն այս խոսակցությունները զուգորդվում են հումորով, օրինակ՝ «զենք, զինամթերք, կոնյակ ունե՞ք», կամ էլ «զենք, զինամթերք, բեռնախցիկում քնած մարդ կա՞»։
Անցակետերը հաղթահարելուց հետո հասնում եք Ստեփանակերտ, որի փողոցներում էլ ակնհայտ է՝ ռուս խաղաղապահների առկայությունը՝ ռուսական համարանիշներով մեքենաներ են քաղաքում երթևեկում՝ ռուսական դրոշներով, փողոցներում էլ կարելի է հանդիպել ռուս խաղաղապահներին։
Կարդացեք նաև
Ստեփանակերտի փողոցները մարդաշատ են, գործում են քաղաքի շուկաները, խանութները։ Վնասված հաստատություններից որոշներն էլ պատերազմի հասցված վնասներն են վերացնում, որպեսզի վերսկսեն իրենց աշխատանքը։ Ի տարբերություն պատերազմի օրերին՝ երեկոյան ժամերին քաղաքը լուսավոր է, աշխատում են լուսացույցները, տներում վառվում են լույսեր։
Վնասված շենքերի բակերում էլ աշխատանքներ են տարվում։ Ստեփանակերտ վերադարձած բնակիչները, որոնք որ արդեն ստացել են պատուհաններ և անհրաժեշտ նյութեր, փորձում են վերականգնել իրենց բնակարանները։
Բնակիչները ասում են, սակայն, որ աշխատանքները դանդաղ են կատարվում։ Օրինակ, շենքերից մեկի վնասված տանիքը դեռ վերանորոգված չէ։ Եվ բնակիչները մտահոգություն ունեն, որ ձմռանը այս իրավիճակի պատճառով կվնասվի նաև շենքի վերևի հարկում գտնվող բնակարանների գույքը։
Ասում են՝ անհրաժեշտ նյութերը ստացել են, սակայն, երբեմն էլ դա բավարար չէ, որովհետև հավելյալ նյութերի անհրաժեշտություն է առաջանում, և դրանք փորձում են իրենց միջոցներով ձեռք բերել, որպեսզի իրենց ընտանիքներն էլ միանան իրենց։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ