Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան․ «Բանակցություններ են ընթանում, որ թշնամին վերադառնա ելման դիրք»

Դեկտեմբեր 13,2020 00:34

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել հավաքվել Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող ռուսական բազայի մոտ։

Ռուսական բազայի դիմաց հավաքվել էին տասնյակ արցախցիներ Արցախի տարբեր հատվածներից։ Նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչ ճակատագրի կարժանանան Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Հայկ Խանումյանը ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած հանդիպումից հետո զրուցեց Aravot.am-ի հետ։

«Հին Թաղերից ու Խծաբերդից տեղեկատվություն ունեցանք, որ ադրբեջանցիները հարձակվել են, այդ թվում՝ նաև հրետանիով և գրավել են Հին Թաղեր գյուղը, և այնտեղից շարժվում են դեպի Խծաբերդ, ունենք վիրավորներ։ Ռուս խաղաղապահները գնացել են, վիրավորներին դուրս էին բերել, բայց ոչ մի քայլ չէին ձեռնարկել, հետևաբար՝ մենք կոչ արեցինք հավաքվել այստեղ, կոչ անելու ռուսական հրամանատարությունից՝ արդյոք ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանումը, քանզի երաշխավորը իրենք են՝ խաղաղապահ զորքերը։ Հրամանատարի տեղակալը հավաստիացրեց, որ այս պահին ընդհարումներ չկան, մենք ճշտեցինք դա մեր հրամանատարությունից, այս պահին վիճակը հանգիստ էր։ Թշնամին մտել էր Խծաբերդ գյուղ, բայց Խծաբերդի դիրքերում դեռևս մեր զորքերն են։ Վաղը պետք է հստակեցվի։ Բանակցություններ են ընթանում, որ թշնամին վերադառնա ելման դիրք, այսինքն՝ այն դիրքը, որը գործել է նոյեմբերի 10-ի դրությամբ։ Հիմա Բաքվում, Մոսկվայում և Երևանում քաղաքական իշխանությունները և ռազմական հրամանատարությունը բանակցում են դրա շուրջ»,- ասաց նա։

Հայկ Խանումյանը նշեց, որ պարզապես ցանկանում են հասկանալ՝ արդյոք անվտանգ է մնալ Արցախում, թե՞ ոչ. «Իմաստ ունի՞, որ այստեղ մարդիկ ապրեն, թե՞ չապրեն։ Եթե համաձայնագիրն անընդհատ խախտվելու է, ուրեմն՝ վաղը, օրինակ՝ մեր տնից՝ Արմենավանից, թշնամու դիրքը 1700 մետր է, պետք է հասկանանք՝ անվտա՞նգ է այստեղ ապրելը, թե՞ չէ։ Ընդամենը դա ենք ուզում պարզել, որպեսզի մեր գործողություններն էլ հստակ լինեն»։

Ինչպես հայտնի է, Հայկ Խանումյանը նաև մասնակցել է Խծաբերդ գյուղի պաշտպանությանը։ Նա նշեց, որ իրենց փոխարինող զորքն է այժմ այնտեղ կանգնած․ «Կապի մեջ ենք անընդհատ, բայց դա կապ չունի։ Դա կարող էր լինել այլ ուղղությամբ, դա որևէ կապ չունի։ Խնդիրն այն է, որ պահպանո՞ւմ են արդյոք այդ ամենը, թե՞ չեն պահպանում»։

Նա հավելեց․ «Այժմ բանակցություններ են ընթանում, որ մենք հասկանանք՝ ի վիճակի՞ են խաղաղապահ զորքերը կամ նրանց ներկայացնող պետությունը ստիպել կողմերից մեկին հավատարիմ մնալ համաձայնագրին։ Իսկ եթե ի վիճակի չեն, ապա կմտածենք, այլ քայլեր կձեռնարկենք՝ կա՛մ կհեռանանք այստեղից, կա՛մ կփորձենք լայնացնել անվտանգության միջավայրը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031