Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյանը` ԱԱԾ տնօրենին տրված հանձնարարականի մասին. «Մեր օրենսդրությունում չկա որեւէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա»

Ապրիլ 08,2019 14:43

«Յուրաքանչյուր ոք ունի անանուն կամ կեղծանունով հանդես գալու իրավունք: Դա նրա խոսքի ազատության մի կողմից, մյուս կողմից անձնական կյանքի գաղտնիության բաղկացուցիչ մասն է: Սա ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռեւս 2013-ին` «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով:

Խոսքի ազատության իրավունքը թվային դարաշրջանում իմաստ է ունենում այն պարագայում, եթե մարդը նաեւ կարող է անանուն, կեղծանվամբ հանդես գալ, անանուն համացանցում ընթերցել այս կամ այն կայքերը եւ ընդհանրապես համացանցում գտնվել»,- «Հոդված 3» ակումբում «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր և տնօրեն Շուշան Դոյդոյանը:

Տիկին Դոյդոյանի խոսքով, միայն բացասական տեսանկյունից ֆեյքը դիտարկելը շատ սխալ ու վտանգավոր տեղ կարող է տանել ամբողջ հասարակությունը. «Վարչապետի բանավոր հանձնարարականը ԱԱԾ տնօրենին չէր վերաբերում ֆեյքերի դեմ պայքարին,այլ վերաբերում էր ֆեյքերի կողմից մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվության հրապարակմանը»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրենը նշեց, որ երբ եղավ վարչապետի հանձնարարականը, ինքը հիշեց հայ գրողների մեծ մասին, որոնք ժամանակին հանդես են եկել կեղծանուններով. «Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Տերյանը…Բոլորը կեղծանուններ են: Հիմա ի՞նչ, նրանց անվանե՞նք ֆեյք, դատապարտենք, թե ինչու են այս գրողները խուսափել իրական անուններով հանդես գալո՞ւց, ինչո՞ւ Չարենցին չենք հիշում Եղիշե Սողոմոնյան..Այնպես որ սա շատ անիմաստ եւ ոչինչ չասող պայքարի կվերածվի»:

Ինչ վերաբերվում է «մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվություն տարածել» հասկացությանը, Շուշան Դոյդոյանի խոսքերով, մեր օրենսդրությունում չկա որեւէ սահմանում, թե ինչ ասել է մանիպուլյացիա: «Սա ցավոք մեծ հնարավորություն է տալիս սուբյեկտիվ մեկնաբանման: Հատկապես քանի որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ներգրավվել է ԱԱԾ-ն, ես մեծ վտանգ եմ տեսնում, որ այս հասկացությունը խիստ մեկնաբանվի ԱԱԾ-ի կողմից` ունենալով բացասական հետեւանքներ, ստեղծելով ինքնագրաքննադատության մթնոլորտ: Լրագրողները ձեռնպահ կմնան քննադատել կառավարությանը ԱԱԾ-ի հետ խնդիր չունենալու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930