Հրանտ Բագրատյանը 2-րդ նախագահի քննադատությունների, տնտեսության առողջացման առաջարկի ու մեռելոցների մասին
«Լուրջ քննադատություն չկա, զգացվում է՝ վախենում է»,- այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ իշխանություններին օրերս ուղղված հերթական քննդատությունից:
Հաշվի առնելով, որ նախկին վարչապետը իշխանություններին կոշտ քննդատողներից է, Aravot.am-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է նա Քոչարյանի քննադատություններն ուղղված այս իշխանություններին, ինչին ի պատասխան Հ. Բագրատյանը նկատեց, որ Քոչարյանի քննադատությունը մեղմ է եղել, լուրջ բան չկա. «Զգացվում է՝ վախենում է: Հարուստ մարդ է Քոչարյանը, ոչ թափանցիկ ձեւով աշխատած։ Կորցնելու բան ունի։ Եվ ուրեմն վախենում է, շատ է վախենում»:
Նկատենք, որ նախկին նախագահն նախորդ հարցազրույցներում, ի տարբերություն այս վերջինի, շատ ավելի կոշտ եւ անխնա է քննադատել թե՛ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ թե՛ նախկին կառավարության անդամներին:
ՌԴ-ում լույս տեսնող ռուսալեզու «Նոեւ Կովչեգ» լրատվամիջոցում օրերս հրապարակվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը , որտեղ Քոչարյանը, գնահատելով Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակն, ասել է. «Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի եւ հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ…»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նրան, կիսո՞ւմ է Քոչարյանի քննադատությունը, թե՞ ոչ, Հրանտ Բագրատյանն ասաց.«Ընդհանուր առմամբ որոշ դիտողություններ կան։ 2008-2013 թթ. Հայաստանի տնտեսական աճը կանգ է առել, արտագաղթն ավելացել է 4-5 անգամ՝ 2002-2007 թվականների համեմատ։ Կարծում եմ, սակայն, որ այս իշխանությունները մինչեւ հիմա արել են այն, ինչ Քոչարյանի օրոք։ 6 տարի վարչապետ եղած Տիգրան Սարգսյանին 2 անգամ ո՞վ էր Կենտրոնական բանկի նախագահ առաջադրել, ո՞վ էր դրամի փոխանակման արժեքը 595 դրամից դարձրել՝ 300. Քոչարյանը։ Բա ուզում էր, որ դրանից հետո տնտեսություն աշխատե՞ր։ Իսկ հիմա՞: Արդեն 6 տարի տնտեսական ակտիվություն չկա։ Սպասենք մի փոքր էլ, եւ տեսնենք, այս նոր կառավարությունը մի բան կանի՞»։
2-րդ նախագահը այդ նույն հարցազրույցում, այսպես ասած՝ Հայաստանի փրկության իր տարբերակներն է ներակայացնում՝ տնտեսության առողջացման, արտագաղթը կանխելու միջոցներ է առաջարկում: Այս առնչությամբ էլ պարոն Բագրատյանն ասաց. «Կներեք, դրանք այնքան պարզունակ մտքեր են, որ հեռու են քննարկվելիք թեմա դառնալու որակական հատկություններից։ Ամոթ է, 10 տարի նախագահ ես եղել, 1 տարի էլ վարչապետ։ Կոնկրետ բան գրիր, ապացուցիր, որ ինչ-որ բան գիտես»։
Նախկին կառավարության՝ մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելու մասին որոշումը բազմիցս տարբեր գործիչների կողմից քննադատվել է, այդ թվում նաեւ՝ Հրանտ Բագրատյանի: 2-րդ նախագահն էլ առաջարկում է հանել մեռելոցների համար ոչ աշխատանքային օր սահմանելու մասին որոշումը, ինչպես նաեւ վերադառնալ նախկին ժամային գոտուն: Պարոն Բագրատյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի այս առջարկի մասին, ինչի ի պատասխան նախկին վարչապետն ասաց.«Եթե դուք հարցն այսպես ձևակերպեիք՝ 2-րդ նախագահն առաջարկում է հանել մեռելոցների համար ոչ աշխատանքային օր սահմանելու որոշումը, ինչի մասին տարիներ ի վեր դուք ինքներդ եք խոսում, ի՞նչ կարծիք ունեք, հավատացնում եմ՝ նման հարցադրման դեպքում պատասխանելու կարիք չէր լինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ