Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Վանաձորի հետ կապված չկա մի խնդիր, որ ես բարձրացրած չլինեմ ԱԺ-ում». «Հրապարակ»

Օգոստոս 15,2014 11:07

Հայաստանի խորհրդարանի անկախ պատգամավորներից մեկը՝ վանաձորցի Էդմոն Մարուքյանն այս օրերին պատգամավորի «անհետացող տեսակ» է հիշեցնում, որովհետեւ մինչ ԱԺ-ն ու հայրենի երեսփոխանները հանգստանում են ու կարծես չքվել են երկրի երեսից, եւ միայն հատուկենտ հարցազրույցները, որոնք տալիս են ռոումինգ արած հեռախոսներով, հիշեցնում են պատգամավորների գոյության մասին, Էդմոն Մարուքյաևն այս ամառվա ճռճռան շոգին ակտիվ հանդիպումներ է ունենում իր ընտրողների հետ, լսում նրանց խնդիրները եւ ֆեյսբուքյան իր էջով դիմում իր «գործատուներին» (թիվ 30 ընտրատարածքի)՝ Վանաձոր, Շահումյան եւ Գուգարք համայնքների բնակիչներին՝ առաջարկելով հանդիպել եւ ներկայացնել իրենց խնդիրները։

«Սիրելի գործատուներ, ինչպես գիտեք, մինչեւ օգոստոսի 15-ը Ազգային ժողովն արձակուրդի մեջ է, եւ ես, օգտվելով այդ առիթից եւ այս օրերին լինելով Վանաձորում, հաշվետու հանդիպումներ եմ անցկացնում ընտրատարածքի բնակիչների հետ՝ ծանոթանալու ընտրատարածքի բնակիչների խնդիրներին, ստանալու առաջարկություններ եւ քննադատություններ։ Ինձ հետ կարող եք հանդիպել ամեն օր, իմ գրասենյակում՝ նախապես գրանցվելով 2-48-49 հեռախոսահամարով կամ այցելելով Տիգրան Մեծի 63/18 հասցեում գտնվող գրասենյակ։ Հանդիպումները կշարունակվեն նաեւ թաղամասերում, համայնքներում եւ ընտրատարածքում գործող հիմնարկություններում»,- գրել է նա ու արդեն հասցրել այցելել մի քանի դպրոցներ, լինել Բաթումի փողոցում, եւ այս ամենն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել ֆեյսբուքի իր տարածքում։

Չար լեզուներն ասում են, թե անկախ պատգամավորի «անհանգստությունը» տեղին է, երբեմն-երբեմն նրա ոչ ընդդիմադիր քվեարկություններն ու վարքը, մտերմությունը հանրապետականների հետ գցել է նրա վարկանիշը սեփական ընտրողների մոտ, եւ հիմա դա վերականգնելու փորձեր է անում։ «Ճի՞շտ է»,- հարցրինք Մարուքյանին։ «Ոչ, ավելին՝ իմ վարկանիշը բարձրացել է«,- վստահ հակադարձեց նա։ «Իսկ հանդիպումները պայմանավորված են այն հանգամանքով, որ մինչ ընտրվելը ես խոստացել եմ, որ պարբերաբար հանդիպելու եմ, չեմ անհետանալու, լսելու եմ խնդիրներն ու առաջարկները։

Ես ընտրություններից անմիջապես հետո՝ 2012թ. օգոստոսին էլ եմ հանդիպումներ անցկացրել, 2013թ. օգոստոսին էլ եւ հիմա էլ շարունակում եմ նման հանդիպումների շարքը։ Ավելին՝ ձմռան ամիսներին էլ հիմնարկ-ձեռնարկություններում եմ հանդիպում, սա նոր բան չէ, եւ իմ կայքը նայելով՝ կարող եք համոզվել։ Իմ վարկանիշը շատ բարձր է, եւ այդ առումով ընդհանրապես խնդիր չկա, այլ մարդկանց հոգսերով ու խնդիրներով ապրելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, որ խնդիրը որ մարմի լիազորությունների շրջանակում է, որտեղ լավ չի իրականացվում կամ չի իրականացվում, ու հետո ձեռնամուխ լինենք դրանց լուծմանը։ Դուք տեսնում եք, որ Վանաձորի հետ կապված չկա մի խնդիր, որ ես բարձրացրած չլինեմ ԱԺ-ում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031