Դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ատենախոսության թեման է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»: Քաղաքապետի՝ ատենախոսություն պաշտպանելու հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել:
Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է վերադարձնել գիտությունների թեկնածուի իր վկայականը. «Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»:
Նա նաեւ ասաց, որ իր օրինակին հետեւելու կոչ է անելու բոլոր այն մարդկանց, որոնք ազնվորեն են ստացել գիտական աստիճան եւ լուրջ ներդրումներ ունեն գիտության ասպարեզում:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում քաղաքապետի՝ գիտական աստիճան ունենալու ձգտմանը: «Ամեն մարդ կարող է պաշտպանել, եթե ասելիք ունի»,-պատասխանեց ԳԱԱ նախագահը:
Քիչ անց էլ հավելեց, որ ՌԴ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ռուսաստանցի չինովնիկների համար երկու նոր գիտական աստիճան է մտածել՝ բիզնես կառավարման եւ հասարակական կառավարման գծով: «Ուղղակի այս դեպքում էլ հարց է առաջանում, ինչպես են օգտագործելու այդ մարդիկ իրենց գիտական աստիճանը, եթե ազատվեն պաշտոնից»,-տարակուսեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ