Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ռազմավարական դաշինքն էդպիսին է, թող կորչեն գրողի ծոցը»

Ապրիլ 14,2016 20:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է ազատամարտիկ,
լրագրող, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, երեկ եք վերադարձել Արցախից: Տեղեկատվության պակաս, կարծես, չկա, այնուամենայնիվ՝ Դուք ի՞նչ տեսաք, Ձեր գնահատականը կատարվածին:

– Նախ՝ ինչ տեսա: Տեսա արցախցուն, ով մի կողմից՝ իր խաղաղ գործին էր՝ ժամանակավոր հրադադարից օգտվելով, մյուս կողմից՝ ինքնաձիգը միշտ պատրաստ ու ամենակարեւորը՝ վճռականության անպատմելի էներգիա՝ կռվելու, պաշտպանելու հայրենիքը, իր տունը: Փառք Աստծո, եթե մի քիչ կոպիտ է հնչում, կներեք, որձ տղերքը տեղում են՝ 88-ի տեղացի հեղինակավոր կռվողները: Բանակի մարտական ոգին ամուր է, էստեղից տեղ հասան իմ բոլոր մարտական ընկերները՝ 88-ի կամավորականները: Այնպես որ՝ երկրի պաշտպանները տեղում են ու վճռական: Այդ իմաստով ամեն ինչ կարգին է:

– Ի՞նչն էր անկարգ:

– 22 տարի մենք վատ ենք ապրել, մեր երկրում ընտրություններ են կեղծել, մարդիկ են հանիրավի ձերբակալվել, գաղթական են դարձել վիրավորանքից, ու մեզ համոզել են, որ փոխարենը բանակն են զինում, անհրաժեշտ քայլեր ձեռնարկում՝ ամեն րոպե սպասվող պատերազմին դիմակայելու համար: Ու հետո, մեղմ ասած՝ պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ: Մեզ պարզապես խաբել են: Համարժեք պատրաստվածություն՝ սպառազինությունների իմաստով, չկար: Այս պահին արագացված սխալների ուղղում է ընթանում, իհարկե, բայց դա ոչ թե իշխողների անհանգստությունից է գալիս, այլ մեր ժողովրդի ու մեր տղերքի համախմբման արդյունքն է: Մեր քափ ու քրտինքով ստեղծած պետականության հետ խաղ անող յուրաքանչյուրը թող այս պահից սկսած լավ մտածի:

Ի դեպ, բոլոր տեսակի արդարացումները, թե՝ 88-ին էլ զենքի պակաս ունեինք, սպառազինությունների հզորությամբ զիջում էինք հակառակորդին, բայց մեր ոգին ամուր էր եւ այլն, եւ այլն, ընդունելի չեն: Էդ հեքիաթները թող սեփական զավակներին պատմեն, որ ցավին անտեղյակ՝ արտասահմաններում ցոփ ու շվայտ կյանք են վարում: Կարգին չէր նաեւ Արցախ հասած, բայց շարքային քաղաքացու փողերը լափած պաշտոնյաների՝ Ստեփանակերտից ճամարտակելը, սելֆիներ անելը, հայ երգը տարիներ շարունակ աղավաղած աստղիկների այնտեղ հայտնվելն ու կուրծք ծեծելը, 22 տարի իշխանության հետ ժողովրդին խաբած որոշ մտավորականների կեցվածքը: Դրանց մի խորհուրդ կտայի՝ կորեք էդտեղից: Որքան էլ տարօրինակ հնչի՝ թաց ու չորը իրար խառնելու, համացանցային կուլակաթափության կոչերն էլ ես համարում եմ անտեղի: Այս մասին առիթ եմ ունեցել բարձրաձայնելու: Երկրի մեծահարուստները, գործարարները ժողովրդի թշնամիները չեն: Եթե նրանք ձեռք ձեռքի են տվել իշխանությունների հետ, ապա միայն իրենց աշխատածը կորցնելու վտանգից ելնելով: Բայց այ, թշնամի են միլիարդավոր դոլարներ գողացած պաշտոնյաները, որ այս օրերին, գողոնը վերադարձնելու փոխարեն, լկտիաբար հայ զինվորին կոչ են անում ոգով ամուր լինել, իսկ մեր զինվորների ծնողները, նրանց ընտանիքներն ապրում են թշվառ վիճակում:

– Ձեր նշած խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներն ու առաջնորդները, բայց այսօր, կարծես, այդ ամենը մի կողմ է դրվել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Օրինակ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին հանդիպելու նախաձեռնությունը, որ այս օրերին լայն քննարկման նյութ է դարձել:

– Ես ողջունում եմ այդ քայլը: Եվ իրոք, ճակատագրի բերումով բանակցելու մանդատը օրվա իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ձեռքերում է: Բայց պահանջ՝ միայն խորհրդանշական զիջումներով կարող եք բանակցել: Մտքներիցդ հանեք որեւէ երկրի խաղաղապահի՝ Հայաստանի ու Արցախի սահմաններում տեղակայելու անփառունակ գաղափարը: Ձեր պաշտոնյաներին հրահանգեք քիչ գողանալ. մենք կունենանք թե՛ ծաղկուն երկիր, թե՛ մեր խաղաղությունն ապահովող հայ զինվոր, թե՛ ամուր բանակ: Մեր անկախությունը դիվանագիտական նահանջների առարկա չէ: Ավելին, ի լուր աշխարհի հայտարարեք, որ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում է նաեւ Հայաստանի տարածքները, հայ գյուղացին դաշտում զոհվում է. հայտարարեք՝ եւս մեկ կրակոց, բոլոր այդ դիրքերը կոչնչացնենք եւ կվերցնենք մեր վերահսկողության տակ, ու դա ոչ մի միջազգային սկանդալի տեղիք պիտի չտա, մենք պարտավոր ենք ապահովելու մեր գյուղացու խաղաղ առօրյան: Ահա բանակցության նյութը:

– Միջազգային կառույցների արձագանքն, ըստ Ձեզ, որքանո՞վ էր համարժեք ստեղծված իրավիճակին:

– Նախ՝ մեր դիվանագիտական կորպուսի մասին. իսպառ դատարկություն ու բացակայություն: Եթե որեւէ մեկն ասածիս հետ համաձայն չէ, աշխարհի արձագանքը դա հաստատում է: Ղզիկի կեցվածք. վաղուց էր պետք Ռուսաստանին նոտա ուղարկել՝ Ադրբեջանին զինելու համար: Եթե ռազմավարական դաշինքն ու եղբայրությունն էդպիսինն է, թող կորչեն գրողի ծոցը: Վերջիվերջո՝ արժանապատիվ կեցվածքով մեռնելը, արժանապատիվ ապրելը հենց ապրելու գրավականն է եւ ոչ թե անտառի շնագայլի պես՝ առյուծի ոտքերին փաթաթվել, հետո գալ, թույլերին հոշոտել: Էս ի՜նչ որբի կեցվածք է: Ռուսներին ու ամերիկացիքին հայհոյելու կամ հովանավորություն ակնկալելու փոխարեն՝ Հայաստանի իշխանությունները թող իրենց նայեն, թե ինչպես են վարվել սեփական երկրի ու ժողովրդի հետ: Բա ձեր ի՞նչը պիտի հարգեին… մեր երկրի հովանավորը մենք ենք, մեզնից յուրաքանչյուրը՝ երկիրը սիրելով ու չավերելով, պաշտպանելով ու հզորացնելով: Միայն այդ դեպքում աշխարհը մեզ կհարգի, ինչպես հարգեց 88-ին, ինչպես հարգեց 4-օրյա պատերազմի ժամանակ:

Ի դեպ, ադրբեջանցիք նորից են փորձելու: Մտքներիցդ չանցկացնեք, թե ամեն ինչ վերջացավ: Մեկ կարեւոր հարց էլ. եթե մենք այսօր չենք ընդվզում, չի նշանակում, թե ամեն ինչ մոռանում ենք: Այս պահից սկսած՝ իշխանությունները պարտավոր են հստակ ցուցակագրել ամեն զոհվածի, ամեն վիրավորի, առանց ամպագոռգոռ խոսքերի՝ ապահովել նրանց բոլորի ընտանիքների արժանապատիվ կենցաղն ու կյանքը: Մնացած բացասական երեւույթների մասին արդեն նշեցի, խելքներդ գլուխներդ հավաքեք: Ամեն հայ մարդ պիտի գիտակցի, որ մենք անընդհատ, օրնիբուն դատապարտված ենք մեր տունը պաշտպանելու: Սա է մեր երկիրը՝ իր աշխարհագրական դիրքով ու հարեւաններով, եւ մոռացեք բոլոր նվնվոցները: Պատկերացնում եք՝ ի՞նչ կլիներ եւ ուր կխփեր թշնամին, եթե հիշյալ 5 տարածքները զիջած լինեինք Ադրբեջանին: Բոլոր այդ տարածքները Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն են:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «էստեղից տեղ հասան իմ բոլոր մարտական ընկերները՝ 88-ի կամավորականները»
    ………………………………………………………………………
    ծնկաչոք՝ հազար յարգանք ու պատիւ 88-ի բոլոր կամավորականներին, յաւերժական խոնարհում նրանց առջեւ

    սակայն հաճիք, հաճի՛ք մնացէք ուր որ էք,
    եթէ ձեզ ուղղակի չի կանչում Բանակը

    կացութիւնը կրկեսի է վերածվում

    կանոնաւոր բանակը իր գործը թող կատարի,
    մնացեալներս՝ մեր գործերը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930