Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսական սպառնալիքների գինը

Դեկտեմբեր 21,2023 12:00

Եվս մեկ եռակողմ փաստաթուղթ` Մոսկվայի հովանու ներքո, եւ Փաշինյանի իշխանության նկատմամբ վստահությունն Արեւմուտքում էապես կնվազի

Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությունը բավական ցցուն է դարձել Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման համատեքստում: Մոսկվա-Բաքու փոխհարաբերություններն էլ մի այնպիսի մակարդակի են հասել, երբ Հայաստանի կողմից Մոսկվայի հովանու ներքո հերթական համաձայնության ընդունումը ոչ միայն մեր հասարակության մոտ հարցեր կառաջացնի, այլեւ` Արեւմուտքի մոտ: Եվս մեկ եռակողմ փաստաթուղթ, կամ համաձայնություն` Մոսկվայի հովանու ներքո, եւ Փաշինյանի իշխանության նկատմամբ վստահությունն Արեւմուտքում էապես կնվազի:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը անթաքույց դրսեւորում են իրենց հետաքրքրությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում: Շահերի բախումն ավելի ու ավելի ուժգին է դառնում:

Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի սկզբին Բաքվում էր, նա հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ապա X սոցցանցում հայտնեց, թե Ադրբեջանի նախագահի հետ «կառուցողական քննարկում» է ունեցել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ապագայի շուրջ։ Նա նաեւ նշել էր, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։

Այս հանդիպման մասին ավելի ուշ հաղորդեց նաեւ ադրբեջանական կողմը՝ նշելով, որ Իլհամ Ալիեւը Ջեյմս Օ՛Բրայանին ասել է, որ Վաշինգտոնը, հաշվի առնելով նոր իրողությունները, կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում: Հիշեցնենք, ավելի վաղ Ալիեւը քննադատել էր Օ՛Բրայանին Լեռնային Ղարաբաղի հարցով Կոնգրեսի լսումներում արտահայտած մտքերի համար, հայտարարել էր, որ Վաշինգտոնյան հարթակն այլեւս ընդունելի չէ իր համար Երեւանի հետ բանակցություններում: Սակայն նա սիրահոժար ընդունեց ամերիկացի պաշտոնյային ու կարելի է ասել` համաձայնեց ամերիկյան պայմաններին: Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակնկալում է Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար։

Հատկանշական է, որ Օ՛Բրայանի՝ Բաքու կատարած այցից մեկ օր անց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որով փաստեցին, որ տարածաշրջանում «վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»: Երկու երկրները վերահաստատեցին «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու եւ խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը»: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Ադրբեջանն ազատ արձակեց 32 հայ զինծառայողների, Հայաստանը 2 ադրբեջանցիների: «Որպես բարի կամքի քայլ»` ՀՀ-ն իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին եւ հանեց իր թեկնածությունը: «Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, եւ կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ փոխադարձ վստահության կառուցմանը եւ դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար», նշվեց հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունեց ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Նրանք քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները եւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:

Թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը ողջունեցին հայ-ադրբեջանական հայտարարությունը: Սակայն Ֆրանսիան, աջակցելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսումը, այնուամենայնիվ փաստեց, որ դա պետք է լինի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ:

ԵՄ-ում գլխավոր խաղացող Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը գաղտնիք չէ: Ներկայացնելով Ֆրանսիային որպես հայամետ քաղաքականության կողմնակից, Ալիեւն ամեն գնով վարկաբեկում է Հայաստանին աջակցող բարեկամ երկրին: Չափազանց կարեւոր է, որպեսզի Հայաստանը ԵՄ այլ պետությունների հետ իր աշխատանքում կարողանա հասնել աջակցության, որպեսզի Ադրբեջանը նոր բարդությունների բախվի:

Երկու շաբաթ առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը «Ազատությանը» հայտնեց, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել եւ այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երեւան: «Հետագայում կլինեն քննարկումներ, բայց Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ։ Մենք պատրաստվում ենք մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին: Պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձեւաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», – պարզաբանել էր Մարագոսը, սակայն չէր հստակեցրել՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձեւաչափի աջակցությունը» եւ արդյոք դա պաշտպանական զինատեսակների տրամադրում է ենթադրում։

Ավելի վաղ, Եվրամիության պատվիրակությունը հայտարարեց, որ ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձեւաչափի աջակցությունը։ «Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երեւան-Բրյուսել համագործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաեւ մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով», – նկատել էր ԵՄ դեսպանը։

Հայաստանը, չնայած Ադրբեջանի ջղաձգությանը, անվտանգության ամրապնդման, պաշտպանական կարողությունների ավելացման տեսանկյունից հետքայլ չպետք է անի` անկախ Ադրբեջանի հետ հնարավոր այլ համաձայնություններից: Պետք է օգտվել ԵՄ-ում իշխող տրամադրություններից, որոնք ի նպաստ հայկական կողմի են այս փուլում:

Հիշեցնենք, որ Բրյուսելը որոշեց նաեւ ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս առիթով ԵՄ դեսպանը նույն հարցազրույցում ասել էր. «ԵՄ-ն արդեն որոշել է հետագայում ուժեղացնել դիտորդական առաքելության կարողությունները։ Մենք հիմա ԵՄ անդամ երկրների հետ Բրյուսելում աշխատում ենք՝ այս հարցով կոնկրետ ծրագրեր մշակելու համար։ ԵՄ բարձր ներկայացուցիչն արդեն հայտարարել է, սա նշանակում է՝ ավելի շատ դիտարկումներ, ավելի շատ դիտորդներ եւ, հույսով՝ ավելի շատ անվտանգություն սահմանին»։ Մարագոսը հարկ էր համարել շեշտել, որ դիտորդական առաքելությունը կոնկրետ արդյունքներ է տալիս սահմանին՝ թուլացնելով լարվածությունը։

Ակնհայտ է, որ ԵՄ-ի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը բավական խիստ է դրված, ի տարբերություն Մոսկվայի, որն այս հարցում լիակատար անտարբերություն է ցուցաբերում եւ իր գործողություններով ապացուցում, որ Հայաստանից ակնկալում է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում` Մոսկվայի պահանջներին համահունչ:

Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կրկին առանց Հայաստանի ԱԳ նախարարի քննարկել էին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Միայն այս տարվա աշնանը Բայրամովն ու Լավրովը յոթ հանդիպում եւ հեռախոսազրույց են ունեցել։ Ռուս-ադրբեջանական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե «հաստատվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020-2022թթ. ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»։ Նա նաեւ հայտնեց, թե Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը համարվում է կարգավորման ուղղություններից մեկը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին, ապա ՌԴ ԱԳ նախարարը կրկին խոսեց Մոսկվայի եւ Բաքվի միջեւ խորացող դաշնակցային հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ երկու երկրներն այժմ մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում, ակտիվորեն զարգանում են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները։ Լավրովը շեշտեց, որ տարեվերջին Ալիեւին սպասում են Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Լավրով-Բայրամով հերթական բանակցություններից անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրեց, թե Ռուսաստանը հրավերներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի հարցով հանդիպել Մոսկվայում կամ երրորդ երկրներում անցկացվող միջոցառումների շրջանակներում. «Բաքուն մեզ միշտ հաստատել է բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը։ Ցավոք, նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին։ Հնարավոր է՝ նրանք գտնում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից ու Փարիզից նոր խորհրդատուները կարող են ավելի հետաքրքիր, ավելի լավ ու էֆեկտիվ առաջարկներ անել»: Զախարովան հարկ էր համարել հավելել, թե Արեւմուտքը միշտ հետապնդում է իր սեփական շահերը եւ երբեք չի գործում հօգուտ այլ երկրների ժողովուրդների շահերի։

Ռուսաստանը, որն, ըստ ՀՀ իշխանությունների հավաստիացումների, մի քանի հարյուր միլիոն դոլարը ստացել, բայց զենքը չի մատակարարել Հայաստան, հեգնում է ֆրանսիական առաքումները: ՌԴ ԱԳՆ խոսնակը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե Փարիզն անպիտան զենքեր է ուղարկել Երեւան։ Իսկ թե ինչո՞ւ «դաշնակից» Ռուսաստանը չի կատարում պարտավորությունը Հայաստանի հանդեպ, Զախարովան գերադասել է չպատասխանել հարցին, պնդելով, թե Մոսկվան չի ուզում, որ ուրիշները Հայաստանին մոլորեցնեն. «Մենք չենք ուզում, որ այսպես կոչված՝ արեւմտյան բարեկամները խաբեն Հայաստանի ժողովրդին։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, այս «Բաստիոն» զրահամեքենաներին՝ սա ոչ-լիկվիդային սպառազինություն է»:

Հայաստանին զենք չվաճառելով, ադրբեջանական պահանջներով ապաշրջափակման թեզերը կրկնելով, պաշտոնական Մոսկվայի հերթական զգուշացումները, սպառնալիքները` «չհետեւել Արեւմուտքին», արդեն ամենօրյա բնույթ են կրում: Նման ծիծաղելի պահանջներով, Մոսկվան, կարծես, կանխում է հայ հասարակության կողմից ՌԴ-ին ուղղվող հարցերը, թե ինչպե՞ս 100 հազար արցախցիներ մի քանի օրում ստիպված եղան լքել իրենց տները, իրենց հայրենիքը` ռուս խաղաղապահների աչքի առաջ: Փոխարենը կարելի է շարունակ անհեթեթ պնդումներ անել, թե բռնի տեղահանված արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արեւմուտքի պատճառով։

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031