Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանից ակնկալվում է երկու հարցի պատասխան

Մարտ 27,2019 14:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը

– Ղարաբաղի հարցի շուրջ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում, Ձեր կարծիքով:

– Առայժմ չեմ տեսնում որեւէ հիմք` բեկումնային զարգացումների մասին խոսելու համար: Այս պահին ընդամենը մեկ հարցի պատասխանը պետք է տրվի, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը, որպես նոր բանակցող, մտնում այդ բանակցային գործընթացի մեջ: Այսինքն, ինչպե՞ս է լուծում բանակցային ձեւաչափի հետ կապված ճգնաժամը, մեկ: Եվ, երկրորդ, ինչպե՞ս է լուծվում բանակցությունների հիմքում ընկած մեթոդաբանության հարցը:

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Վերջին հայտարարությամբ համանախագահներն ասացին, որ ձեւաչափի փոփոխությունը պիտի կողմերի համաձայնությամբ լինի: Ադրբեջանը դեմ է: Ա՞յս ճգնաժամը նկատի ունեք, խնդիրը ի՞նչ լուծում է պահանջում:

– Այո, սա ձեւաչափի շուրջ ճգնաժամ է: Մինչեւ հիմա խնդիրը թաքնված էր, որովհետեւ Հայաստանը բանակցում էր եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի անունից: Այդ անհեռատես քայլին՝ 2001 թվականին գնացել է Ռոբերտ Քոչարյանը` Քի-Ուեսթի պլանը անցկացնելու նպատակով: Այդ պլանը նախատեսում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակում՝ որով Հայաստանը, ստանալով Ղարաբաղը, Ադրբեջանին էր հանձնում «Մեղրիի միջանցքը»: Քանի որ դա նշանակում էր երկու պետությունների միջեւ տարածքների փոխանակում, Քոչարյանը ճնշումով ԼՂՀ իշխանություններից ստացավ Ղարաբաղի անունից բանակցություններ վարելու մանդատը, ինչից հետո մինչ այսօր Մինսկի խմբի համանախագահները կարգավորման պլանները համաձայնեցման համար ուղարկել են ոչ թե երեք կողմերին, ինչպես դա եղել է 1997-98 թվականներին, ներառյալ Քոչարյանի պաշտոնավարման առաջին տարիները, այլ միայն երկու կողմին: Այդ քայլին դիմելով, Քոչարյանը նաեւ ցինիկորեն այլ հարց էր լուծում։ Ադրբեջանի դժկամությունը բանակցելու Ղարաբաղի հետ մշտապես խնդիր էր ստեղծում համանախագահների համար, եւ Քոչարյանը, համաձայնելով բանակցել նաեւ Ղարաբաղի անունից, մեծ ծառայություն մատուցեց նրանց, բայց նաեւ Ադրբեջանին, այդ անհարմարությունը մեջտեղից հանելով։ Իսկ ցինիզմն այն է, որ շատ լավ հասկանալով, որ այդ քայլով նա կործանում է Բուդապեշտյան գագաթաժողովի մեր մեծագույն նվաճումը, միեւնույն է՝ գնաց դրան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դրանով դառնում էր անփոխարինելի միջազգային հանրության համար եւ ձեռք էր բերում արտաքին լեգիտիմություն, որի կարիքը շատ ուներ ներքին լեգիտիմության պակասի պայմաններում։ Այսինքն, Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի հաշվին լուծեց սեփական իշխանության ամրապնդման հարցը։ Հայաստանում ղարաբաղցի նախագահի «անփոխարինելիության» քաղաքականությունը շարունակվեց Սերժ Սարգսյանի իշխանազավթմամբ, եւ նորից շահարկվեց այն, որ Ղարաբաղի խնդրի բանակցություններով եւ լուծմամբ կարող է զբաղվել միայն ղարաբաղցի նախագահը, որը կարող էր շարունակել երկկողմ բանակցությունները։

– Բայց մինչ այդ էլ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ֆորմալ բնույթի էր, ինչը հիմա շատ են հիշեցնում: Այն ժամանակ էլ էին հայտարարություններ արվում, որ Ադրբեջանը պետք է բանակցի Ղարաբաղի հետ, այսինքն, միեւնույն է, այդ հարցը լուծված չէր։

– Այստեղ մի բան են մոռանում նման բան ասողները. Ադրբեջանը երբեք էլ Ղարաբաղին չի ընդունել որպես բանակցային կողմ, ոչ 1991, 1992, 1994 թվականներին: Անգամ ԵԱՀԿ Բուդապեշտի 1994 գագաթաժողովի որոշումից հետո, որի օգտին իրենք քվեարկել էին: Այդ պատճառով մեր պնդմամբ ԵԱՀԿ գործող նախագահող Լասլո Կովաչը 1995-ին հստակ պաշտոնական պարզաբանում արեց` հայտարարելով` ԵԱՀԿ-ն նկատի ունի, որ կոնֆլիկտն ունի երկու պետական կողմ՝ Հայաստան եւ Ադրբեջան, եւ մեկ ոչ պետական կողմ՝ Լեռնային Ղարաբաղ: Անգամ դրանից հետո Ադրբեջանը Ղարաբաղին չի ընդունել՝ որպես բանակցային կողմ եւ բնականաբար, Ադրբեջանը չէր էլ գնում բանակցությունների: Մեկ-երկու դեպք՝ երեքի մասնակցությամբ բանակցություն եղել է, բայց երբեք Ադրբեջանը չի ուզել երեքով բանակցել: Խնդիրն այլ տեղ է։ Երբ մենք ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային կողմ էր, նկատի ունենք ոչ թե, որ Ադրբեջանն էր ընդունում, այլ՝ համանախագահները, աշխարհն էր ընդունում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի անհեռատես, կործանարար քայլից հետո, համանախագահները փոխեցին ֆորմատը ու այլեւս կարգավորման պլանը համաձայնեցնում են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:

Վերադառնալով ձեւաչափի հետ կապված ճգնաժամի թեմային՝ Նիկոլ Փաշինյանն իրավացիորեն ասում է, որ չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, որովհետեւ Ղարաբաղի բնակչությանը չի ներկայացնում: Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչ-որ հիմքեր ունեին ներկայացնելու Ղարաբաղի բնակչությանը, ապա Նիկոլ Փաշինյանը՝ չունի: Դրա համար էլ նա դնում է բանակցային ձեւաչափի վերականգնման խնդիրը, ինչի հռչակումը զուտ որպես սկզբունք կարեւոր է։ Բայց այդպես նա փորձում է նստել մի գնացք, որն արդեն վաղուց գնացել է եւ գնացել է հենց Ռոբերտ Քոչարյանի մեղքով։ Ի սկզբանե պարզ էր, որ համանախագահները կմերժեն այդ առաջարկը, քանի որ, որքան էլ ցավալի է, փոփոխությունը կատարվել էր երեք բանակցող կողմերի համաձայնությամբ։ Մի քիչ ավելի իրատեսական կլինի հասնել Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման սկզբունքները համաձայնեցնելուց հետո, մեծ պայմանագրի մշակման ընթացքում:

Իսկ հիմա բանակցային ձեւաչափի շուրջ ճգնաժամի համար պետք է լուծումներ գտնել: Դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ պատրաստ է գնալ երկխոսելու, լուծումներ գտնելու: Խոսեց Ղարաբաղի նախագահի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը` ասելով, որ չեն կարող Մայր Հայաստանին չվստահել, ակնարկելով, որ լիազորում են Հայաստանի այսօրվա իշխանություններին: Սա բանակցությունների համար հնարավորություն է բացում: Բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման ուղու վրա մեր գլխավոր նվաճումը, անկյունաքարը` 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը, խարխլել է Ռոբերտ Քոչարյանը: Եվ, արդյունքում, մենք դե ֆակտո կորցրել ենք այդ նվաճումը եւ սա այս պահին լուրջ խնդիր է ու ծանր ժառանգություն, որ նոր իշխանությունները ստացել են: Իրենց շատ դժվար է լինելու, եթե ոչ՝ անհնար` վերականգնել այն դիրքերը, որ ունեցել ենք մինչ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը:

– Ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի նաեւ բանակցությունների մեթոդաբանությանը վերաբերող հարցին: Ի՞նչ նկատի ունեք:

– Երբ Նիկոլ Փաշինյանը հարց է դնում, թե ինչպե՞ս պետք է մեկնաբանվեն 3 սկզբունքները եւ 6 տարրերը, հարցադրման մեջ արդեն խնդիր կա: Այդ հարցադրումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը դեռ խորությամբ չի տիրապետում այն իրողությանը, որ հիմա բանակցություններում գործում է այլ մեթոդաբանություն, քան գործում էր մինչեւ 2004 թվականը: Այսօր բանակցություններում կիրառվող մեթոդաբանությունում այդ հարցը մի կողմ է դրվել դիտավորյալ եւ փոխադարձ համաձայնությամբ: Որոշումը եղել է 2004 թվականին, երբ սկսվեց, այսպես կոչված, «Պրահյան գործընթացը»: Այդ գործընթացի անկյունաքարային մոտեցումը հետեւյալն է. եթե մենք սկսենք բանակցային գործընթացում ամեն ինչ մանրամասնել՝ հանրաքվեն ինչպե՞ս է անցկացվելու, նրա հարցը ինչպե՞ս է ձեւակերպվելու, դրան ի՞նչ է հետեւելու, ո՞վ պիտի քվեարկի, ադրբեջանցիները պիտի՞ վերադառնան բուն Ղարաբաղ, կամ չպիտի վերադառնան, ո՞ւմ զինված ուժերը ե՞րբ եւ ո՞ւր են տեղաշարժվելու, ո՞ր ճանապարհը ե՞րբ է բացվելու եւ ալն, խնդիրը լուծելը դժվար կլինի: Ամենը մանրամասնելը մեծ պայմանագրի մեթոդաբանությունն էր: Հիմա, հրաժարվել են մեծ պայմանագրի մեթոդաբանությունից, ուզում են փորձել սկզբունքները կարճ գրել եւ համաձայնեցնել, հետո անցնել մեծ պայմանագրի համաձայնեցմանը: Այսօրվա բանակցություններում Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի բացատրելու, թե ի՞նչ է թաքնված այդ սկզբունքների տակ եւ թե ինչը ինչպես պետք է մեկնաբանվի: Դա հատուկ է արված: Եթե ձեւակերպումների հետ կապված խնդիր կա, պետք է աշխատել այդ ձեւակերպումների փոփոխության վրա, ոչ թե պահանջել ձեւակերպումների մեկնաբանություն: Եթե ինչ-որ բան պետք է բացել, դրան պետք է հասնել դիվանագիտական աշխատանքով՝ բանակցություններով, որ դա արտացոլվի կոնկրետ տեքստի մեջ: Այստեղ, կարծում եմ, Հայաստանի իշխանությունը անելիք ունի` ավելի հստակ եւ պակաս խոցելի դիրքորոշմամբ հանդես գալու: Պետք է ոչ թե բացատրություններ պահանջել, այլ գնալ առաջարկներով, թե կոնկրետ ի՞նչ է պետք փոխել այդ տեքստերում: Կամ էլ՝ պետք է ընդհանրապես հրաժարվել այդ մեթոդաբանությունից, բայց դա արդեն կլինի ռիսկային մոտեցում, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ «եկեք բանակցությունները սկսենք զրոյից»: Ուրեմն, ճիշտ կլինի Հայաստանի դիվանագիտությունը կոնկրետ առաջարկներով, ձեւակերպումներով, որտեղ ինչ-որ խնդիր է տեսնում, փորձի փոխել այդ ձեակերպումները:

– ՀԱԿ-ն ունի՞ առաջարկներ, որոնք կցանկանայիք, որ իշխանությունն օգտագործեր:

-Մենք, իհարկե, ունենք մեր մոտեցումները, բայց երբեք մեզ թույլ չենք տա խաղաղ կարգավորման պլանի բովանդակության վերաբերյալ որեւէ իշխանության խորհուրդներ տալ կամ բացատրել, թե ի՞նչն է ընդունելի կամ անընդունելի: Բացատրեմ, թե ինչու. Իրականում ի՞նչ կարելի է անել, ինչքա՞ն անզիջում կարելի է լինել, բանակցություններում ի՞նչ մաքսիմումի կարելի է հասնել, կախված է մի քանի գործոնից, որոնց ամբողջ ծավալով ճշգրտորեն տիրապետում է միայն երկրի օրվա իշխանությունը: Օրինակ, ինչպիսի՞ն է ռազմական բալանսը, մենք ի՞նչ սպառազինություններ ունենք Ադրբեջանի հետ համեմատ, ի՞նչ հնարավորություններ ունենք այսօր եւ ապագայում սպառազինությունների բալանսը պահելու, Ադրբեջանի հնարավոր արգեսիան դիմագրավելու, պատերազմի լոգիստիկան ապահովելու: Կամ` ի՞նչ կոնկրետ ճնշումներ կան, ո՞ր երկրների կողմից, արդյոք դրանք նյութականացված են արդեն, ռազմակա՞ն են, տնտեսակա՞ն, քաղաքական, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, որքանո՞վ է դա կոնկրետ եւ հիմնավոր: Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ: Երկիրն ունի՞ այդ պոտենցիալը` թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար հիմա, երբ թավշյա հեղափոխությունը կործանել է կոռուպցիոն բուրգը: Իրենք պիտի զգան` հսկայական ներդրումների մթնոլորտ ձեւավորվե՞լ է, այլեւս կարելի՞ է համարել, որ առանց կարգավորման Հայաստանը կարող է գոնե այնքան զարգանալ, որ լուծվի ժողովրդագրական ճգնաժամը, արտագաղթը դադարի, մենք ունենանք բավարար չափով զինվորներ՝ ռազմաճակատը պահելու համար եւ մեր տնտեսությունը ի վիճակի լինի մշտապես ապահովել Ադրբեջանին զսպելու համար անհրաժեշտ ռազմական ներուժը: Եվ նման այլ հարցեր: Այս ամենի լրիվ ճշգրիտ հաշվարկը կարող է ունենալ միայն գործող իշխանությունը: Դիվանագիտությունը նուրբ ոլորտ է: Դիվանագիտության մեջ դիրքորոշումները, ցավոք սրտի, այո, կախված են ներկա պահին քո ունեցած հնարավորությունների ճշգրիտ գույքագրումից եւ դրանից բխող ապագա իրավիճակի կանխատեսումներից: Այդ գույքագրմանը մենք տիրապետում ենք շատ ընդհանուր գծերով: Իսկ նման դեպքում խորհուրդ տալ չի կարելի:
Եվ երկրորդ. եթե անգամ ամենաճիշտ խորհուրդը տանք, մեզ միշտ կարող են իրավացիորեն քննադատել, թե դրանով թուլացնում ենք իշխանության դիրքերը եւ իջեցնում պահանջների նշաձողը հակառակորդի հետ բանակցություններում, զրկելով իշխանությանը բանակցությունները պահանջների ավելի բարձր նշաձողից սկսելու հնարավորությունից: Մեր սկզբունքը միշտ սա է եղել. Երկրի համար ամենաճակատագրական պահերին ամեն ինչ արել ենք, որ իշխանությունը իրեն պինդ զգա բանակցություններում, նման մոտեցում ունենալով նաեւ Քոչարյանի եւ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին:

– Նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է եւ եկել է ավարտին հասցնելու «Ղարաբաղը հանձնելու» պլանը: Սրան ո՞նց եք նայում:

– Նման քարոզչական կոնցեպցիա մշակել են հենց Ղարաբաղ հանձնողները: Պարզ ասեմ, թե ինչ է կատարվում. այն քաղաքական ուժերը, ես դրանց մեջ կմտցնեմ եւ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերին, եւ Սերժ Սարգսյանի թիմը, եւ ՀՅԴ-ն, բոլորը կոալիցիա են կազմել…

– Իսկ ԲՀԿ-ն:

– Հանգիստ կարող եմ ԲՀԿ-ն էլ մտցնել, որովհետեւ իրենք էլ են աջակցել: Գումարեք նաեւ ՕԵԿ-ին: Այս բոլորը կոալիցիա են կազմել Քոչարյանի եւ Սարգսյանի հետ: Թող ոչ ոք չմոռանա, որ կոալիցիա կազմելը նշանակում է պատասխանատվություն կրել այդ իշխանության, այդ թվում՝ նրա նախագահի կողմից վարվող ցանկացած քայլի համար: Ի՞նչ է արել ռոբա-սերժական իշխանությունը. 20 տարի շղարշվելով Ղարաբաղի հարցով` զբաղվել են երկրի թալանով, թուլացրել է մեր դիրքերը Ղարաբաղի հարցում, մասնավորապես, ինչպես ասացի, կործանել են Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը, իրենց կողմից իրականացված թալանի ու ոչ կոմպետենտության պատճառով, ռազմական բալանսը փոխել են հօգուտ Ադրբեջանի, հասցրել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին, որի հետեւանքով մենք 800 հեկտար հող ենք կորցրել, պաշտոնապես ճանաչել են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մի բան, որ մեր դիվանագիտությունը երբեք չէր արել: Նկատի ունեմ ընդհանուր պետության առաջարկը, որին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես համաձայնություն է տվել 1998 թվականին եւ 1999 ԵԱՀԿ Ստամբուլյան խարտիայի ստորագրումը: Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր առաջարկներում մերժել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս կազմելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքները, իսկ Լիսաբոնում անգամ վետո դրեց, երբ ամբողջ աշխարհի կողմից փորձում էին դա պարտադրել: Քոչարյանը հակառակը՝ դա ընդունել է: Այս մարդիկ, որոնք ապացուցված հող հանձնողներ են, փորձում են դաս տալ այն ուժերին, որոնց ղեկավարությամբ պատմության մեջ վերջին հարյուրամյակներում առաջին անգամ հող են ազատագրել: Ինչո՞ւ են դա անում. շատ պարզ հաշվարկ է. քանի որ նրանք ոչ մի բան չունեն երկրին, ժողովրդին առաջարկելու, կամ այս իշխանությանը դեմ ներկայացնելու, բացի թալանից, կոռուպցիայից, նրանք որոշել են գործել շատ պարզունակ սխեմայով եւ ակնկալում են, որ դա կազդի մեր հանրության վրա: Առաջին՝ կապել Լեւոն Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանի հետ, երկրորդ, Տեր-Պետրոսյանի վրա բարդել Ղարաբաղի դատին իրենց կողմից հենց հասցրած վնասի մեղքերը, այսինքն՝ գլխիվայր շուռ տալ իրավիճակը: Երրորդ, մեղադրել Փաշինյանին Ղարաբաղի չեղած հանձնման մեջ, եւ, վերջապես, իբր Ղարաբաղի փրկության կոմիտեի դրոշի տակ կատարել իրենց ռեւանշիստական վերադարձը: Սրանով փորձում են մեր հանրությանը խաբել եւ շատ լավ է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բացահայտումներ, պարզաբանումներ, բացատրություններ եղան, թե ի՞նչ կործանարար գործ է արել հենց Ռոբերտ Քոչարյանը, կամ հենց Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում: Բնականաբար, այս կեղծ ազգայնական այս «ֆռիկները» չեն անցնի, թեեւ քարոզչական պլանի ցինիզմը տպավորիչ է: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյան-Փաշինյան հարաբերություններին եւ վերջինիս՝ հոգեզավակ լինելուն, այդ հարցին Տեր-Պետրոսյանը սպառիչ պատասխանել է:

– Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է խոսվում լայնածավալ պատերազմի վերսկսման հավանականության մասին: Կա՞ այդ հավանականությունը, Դուք տեսնո՞ւմ եք:

– Իհարկե՝ կա: Հարցը բանակցություններով առայժմ չի լուծվում, ռազմական բալանսը զինադադարից հետո փոխվել է հօգուտ Ադրբեջանի, լարվածությունը տարեցտարի մեծանում է: Իհարկե՝ կա այդ վտանգը: Ուրիշ բան, եթե մեզ հաջողվեր առաջիկա մեկ-երկու տարվա մեջ ապահովել այնպիսի թռիչքային ընթացք, որը կփոխեր այդ բալանսը: Դա նշանակում է առաջին հերթին տնտեսության թռիչքաձեւ աճ: Պատերազմի վտանգը կա ու գնալով ավելանալու է, եթե Հայաստանին, բնականաբար, չհաջողվի ինչ-որ հրաշքով ապահովել այնպիսի բեկում, որը կբերի ներգաղթի եւ հսկայական ներդրումների եւ Հայաստանին մի քիչ ավելի ինքնաբավ դիրքերի վրա կդնի, երբ կախված չենք լինի բազմաթիվ երկրներից՝ Ռուսաստանից գազի առումով, Արեւմուտքից` կայունացնող վարկերի եւ այլն: Այդ դեպքում, կկարողանանք ասել, որ Հայաստանը հզորանում է, այն էլ Ադրբեջանից առաջանցիկ տեմպերով եւ պատերազմի վտանգը գնալով հեռանում է: Այս պահին պատերազմի վտանգը գնալով մոտենում է: Կարող ենք ունենալ սպասելիքներ թավշյա հեղափոխության հետ, որ դա կարթնացնի մեր ժողովրդի ստեղծագործ պոտենցիալը, ինչ-որ իմաստով արդարացված են այս սպասելիքները, բայց պիտի լինի դրան համապատասխան կառավարում, ճիշտ պետական կառավարում, որը թույլ կտա մեր պոտենցիալը մեծացնել: Բայց անգամ այդ դեպքում շատ մեծ հարցական է՝ կկարողանա՞նք, արդյոք, այս պայմաններում թռիչքաձեւ զարգացում ապրել: Աներկբա է հետեւյալը. որեւէ իշխանություն, որ համարում է, թե կարելի է վարել ստատուս քվոյի պահպանման քաղաքականություն, պետք է անմիջական թռիչքաձեւ տնտեսական աճով ապացուցի նման քաղաքականության կենսունակությունը։ Ամեն դեպքում, ես չէի ուզի որեւէ մեկին հուսահատեցնել: Պատերազմին եւ խաղաղությանը վերաբերող հարցում մենք չենք խառնվելու իշխանության գործերին, բայց տնտեսության զարգացման հարցերում խառնվելու ենք: Այստեղ արդեն ասելիք կա, այստեղ պետք չի տիրապետել գաղտնի ինֆորմացիաների:

– Ինչպե՞ս:

– Խառնվելու ենք շատ պարզ ձեւով` տնտեսական զարգացման քաղաքականության մեր առաջարկներով: Արդեն մի մեծ ծրագրով ենք հանդես եկել:

– Որը կարծես թե մերժվեց կամ անարձագանք մնաց:

– Ես չէի ասեի, թե մերժվեց: Տեղեկություն ունենք, որ ծրագիրը տարածվել է իշխանության միջանցքներում եւ ուսումնասիրում են այդ առաջարկները: Ծրագիրը միջնորդավորված քննադատություն է: Ուրեմն իրենց ծրագրում չենք տեսել այն, որը պետք է լիներ՝ շատ կոնկրետ քայլեր, շատ կոնկրետ լուծումներ: Դրա համար էլ առաջարկել ենք մեր ծրագիրը: Քաղաքական ուժերի հրապարակած ծրագրերից միայն ՀԱԿ-ի ծրագիրն է, որ կոնկրետ լուծումներ է առաջարկում. ի՞նչ պետք է անել արտադրության եւ արտահանման խրախուսման համար, հարկային դաշտում, քաղաքական համակարգի առողջացման համար եւ այլն: Շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել:

– 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության հուշագրի ստորագրման մասին, ասաց՝ այն պատրաստ է, հետո, հայտարարվեց` կսպասեն հուշագրի ստորագրման ավելի պատեհ ժամանակի: Արժե՞ հիմա նման քայլի գնալ:

– Բացարձակապես անիմաստ, ցուցադրական քայլ է, որն ունի միայն ներքին սպառման քարոզչական էֆեկտ: Ի՞նչ համագործակցության խնդիր պիտի լուծվի, որը մինչեւ հիմա չենք արել դե ֆակտո: Համագործակցության դե յուրե ձեւակերպումը ո՞ր պրակտիկ խնդրի լուծմանը կարող է նպաստել: Կա՞ որեւէ խնդիր, որ չենք կարողանում լուծել, քանի որ չկա համագործակցության դե յուրե պայմանագիր: Նման խնդիր գոյություն չունի, հետեւաբար հասկանալի է, որ այդ խնդիրը ընդամենը դեմարշ է, ուղղված միջազգային հանրությանը: Այդ դեմարշը վնասից բացի, ուրիշ բան չի տալու: Երկարացնելու է մեզ քննադատողների լեզուն, Ադրբեջանն ասելու է, որ Հայաստանը փորձում է անեքսիային տալ իրավական կարգավիճակ: Դա՞ ենք ուզում: Ինչ անում եք արեք` առանց ամպագոռգոռ հայտարարությունների:

– ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քաղաքական հավակնությունների՞ն ինչպես եք վերաբերվում:

-Խնդիր չունեմ, դա իր իրավունքն է: Ես խնդիր ունեմ նրա կողմից արված որոշ հայտարարությունների հետ: Իր վերջին հարցազրույցներից մեկում Սամվել Բաբայանը մի սխալ բան է ասում եւ մի կեղծիք տարածում: Նա մեղադրում է Հայաստանի 1990-ականների իշխանություններին, թե բանակցում էին հողերի վերադարձի մասին այն պահին, երբ այդ հողերը ազատագրվում էին: Ես չգիտեմ, ավելի անգրագետ բան հնարավո՞ր է ասել, թե՝ ոչ: Պարզ չի՞, որ պլանավորված ռազմական օպերացիաները ունեն ոչ միայն ռազմական հարթություն, այլ պիտի ունենան նաեւ դիվանագիտական եւ ինֆորմացիոն ապահովություն, որ, մասնավորապես, խուսափեինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատապարտումից եւ պատժամիջոցներից։ Պարզ չի՞, որ Ադրբեջանին խաղաղության պարտադրման գործողություններից առաջ պետք է արվեր այդ ամբողջ աշխատանքը: Պարզ չի՞, որ ինչքան շատ էինք առաջ գնում, այնքան ավելի խաղաղարար մոտեցումներով եւ հռետորաբանությամբ պիտի մեղմեինք հնարավոր միջազգային ճնշումները: Պարզ չի՞, որ եթե ուզում ես միջազգային հանրությունը Հայաստանի վրա անեքսիայի մեղադրանք չդնի ու սանկցիաներ չկիրառի, դու պիտի խոսես փոխզիջումների մասին, նրա մասին, որ չես ցանկանում այլ պետությունից միջազգայնորեն իրենը ճանաչված տարածքներ գրավել եւ այլն: Պարզ չի՞: Այսքան բանը չի հասկանո՞ւմ: Նա, իհարկե, կարող է չիմանար այս ամենի մասին, որովհետեւ հրամանատար էր, որը պատասխանատու էր միայն ռազմական մասի համար: Բայց եթե հավակնում ես նաեւ քաղաքական գործիչ լինել, էս ամենը կարող էիր նաեւ հասկանայիր: Ես մտածում եմ, որ շատ լավ կռված, փառապանծ հրամանատարներ ունենք, հաղթանակներ են տարել: Ապրե՛ք: Բայց ինչո՞ւ եք որոշել, որ դուք նաեւ մեծ քաղաքական մտքի տեր եք եւ միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության գիտակ:

Սամվել Բաբայանը հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` 1997 թվականին ընդունած պլանով, իբր ադրբեջանցիները պիտի վերադառնային Շուշի եւ Բերձոր եւ դրանով կխափանվեր Հայաստան-Ղարաբաղ կապը: Սա ուղղակի կեղծ տեղեկություն է: Ես այս հարցով հետաքրքրված բոլորին խորհուրդ կտայի ընթերցել 1997 թվականի փուլային այդ տարբերակը: Դրանով, նախ, մենք պահպանում էինք վերահսկողությունը ԼՂԻՄ-ի շրջանի, Լաչինի նկատմամբ, Քելբաջարն էլ կարող էինք պահել, ես սրա մասին խոսել եմ մամուլում: Այդ ամբողջ տարածքում, որը լինելու էր հայկական ռազմական վերահսկողության ներքո, գեթ մեկ ադրբեջանցի չէր մտնելու: Կեղծ ինֆորմացիա պետք չի տարածել, դա շատ տգեղ բան է: Ես մի քիչ ավելի օբյեկտիվ հայացք էի ակնկալում Սամվել Բաբայանից:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

26.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031