«Նմուշառվել են գրեթե բոլոր կաթնամթերք արտադրողները՝ «Աշտարակ կաթ», «Արզնի», «Երեմյան», «Մարիաննա», «Մարիլա», «Չանախ», «Անի», «Միլկին», «Բիոկաթ», «Բոնիլաթ» և «Իգիթ» արտադրատեսակները»,-ասուլիսում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հայտարարած դրամահավաքի նախաձեռնության շրջանակում լաբորատոր փորձաքննության է հանձնել մի քանի ընկերության արտադրած կաթնամթերքը: Լաբորատոր հետազոտության տվյալները ցույց են տվել, որ առկա են բազմաթիվ շեղումներ։
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ընտրել են սննդի բնագավառում միջազգային հավատարմագրում ունեցող 3 լաբորատորիա և այնպիսի սուպերմարկետներ, որոնց սառնարաններն ապահովում են համապատասխան ջերմաստիճան:
«Ըստ էության՝ «Իգիթը» չէինք էլ նմուշառի, պարզապես տարվա ընթացքում շատ էր խոսվում «Իգիթում» առկա խախտումների մասին, նաև կասեցվել էր: Իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հաղորդագրությունը մի փոքր տարօրինակ էր, քանի որ նախորդ տարիներին շատ ավելի մեծ տեսականի էր նմուշառվում: Իսկ այս տարի միայն մեկ տեսականու մասին էր խոսվում, և մեզ հետաքրքիր էր՝ իրե՞նք են քիչ ստուգել ու քիչ խախտումներ հայտնաբերել, թե՞ պատկերն այլ էր…
Կարդացեք նաև
«Իգիթի» արտադրած 200 գրամանոց չեչիլ պանրի մեջ մենք հայտնաբերել ենք աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ինքն էլ հայտարարեց, որ «Իգիթում» հայտնաբերել է խախտում, և պանրի որոշ արտադրատեսակներ կասեցվել են»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
«Կաթերից չենք ստուգել միայն «Արզնի» կաթի արտադրանքը, որը խանութում բացակայել է, և այդ ժամանակահատվածը համընկել է այն շրջանի հետ, երբ «Արզնին» կասեցված է եղել: Մնացած բոլոր ընկերությունների արտադրանքը նմուշառել ենք: «Աշտարակ կաթում» ունենք խախտում՝ աղիքային ցուպիկ ցուցանիշով, մնացած կաթերում բարեբախտաբար վիճակը լավ էր: Ընդգծեմ՝ խոսում ենք միայն այն ցուցանիշների մասին, որոնք ստուգել ենք: Ստուգել ենք նաև նշված բոլոր ընկերությունների, բացի «Իգիթից»: «Երեմյան» ընկերության 25% յուղայնության թթվասերում, «Արզնի կաթի» 20% յուղայնությամբ և «Բոնիլաթի» 17% յուղայնությամբ թթվասերներում հայտնաբերել ենք աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Բնականաբար, 10 արտադրողից 3-ի մոտ խախտումը արդեն իսկ մտահոգիչ չէ, չնայած սրանք համեմատաբար ուրախ նոտաներն էին»,- մանրամասներ ներկայացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը:
Բաբկեն Պիպոյանի խոսքով. «Կաթնաշոռերի շուկայում ունենք լրջագույն խնդիր, խախտումներ են հայտնաբերվել ոչ միայն աղիքային ցուպիկի, այլև խմորասնկերի, բորբոսասնկերի ցուցանիշի մասով և կաթնաթթվային մանրէների մասով: Կաթնաշոռերում շեղումներ հայտնաբերվել են «Թամարա-Անի» կաթնաշոռում, «Մարիաննայի», «Աշտարակ կաթի», «Երեմյանի», «Միլկինի», «Բոնիլաթի», «Բիոկաթի», «Չանախի» և «Արզնիի» կաթնաշոռերում: Ընդ որում՝ խմորասնկերի, բորբոսասնկերի ցուցանիշով շեղումներ են հայտնաբերվել «Բոնիլաթում», «Թամարա-Անիում», «Չանախում» և «Մարիլայում», «Արզնիում» և «Բիոկաթում»: Կաթնաթթվային մանրէները պակաս են եղել «Մարիաննայում», «Չանախում», «Մարիլայում» և «Միլկինում»: Կաթնաշոռի մասով կան ընկերություններ, որոնք միաժամանակ 3 ցուցանիշով ունեն խախտում, որոշները՝ 2 ցուցանիշով: Կան ընկերություններ, որոնց պարագայում մի լաբորատորիան տվել է, որ ունեն խախտում, մյուսը բացառել է խախտումը»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ բոլոր տվյալները փոխանցելու են ՍԱՏՄ-ին, ներկայացնելու են նաև մեթոդաբանությունը, թե ինչպես պետք է իրականացվի վերահսկողությունը՝ խախտումներ հայտնաբերելու համար: Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ուսումնասիրելու են այլ սննդամթերքներ ևս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































