ԵՐԵՎԱՆ-ՖԵԼՏՐԵ, Իտալիա – Իտալաբնակ Քրիստին Լամուրեն բելգիա-շվեդական ծագումով անկախ հետազոտող եւ որմնանկարների վերականգնման մասնագետ է: 2012 թվականից պարբերաբար գալիս է Հայաստան իր գործընկեր, ճարտարապետ եւ վերականգնող Արա Զարյանի հետ՝ ուսումնասիրելով եւ վերականգնելով հայկական պատմական որմնանկարները: Լամուրեն Զարյանի հետ մի քանի գրքի համահեղինակ է՝ «Դադիվանք. Վերածնված հրաշալիք» (2018, հայերեն, ռուսերեն, անգլերեն), «Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում» (2019, հայերեն եւ անգլերեն), «Հաղպատ. 976-991 թթ. կառուցված Սբ. Նշան եկեղեցու Ժ, ԺԲ-ԺԳ դարերի որմնանկարների պահպանական վերականգնումը» (հայերեն եւ իտալերեն, 2020), «Դադիի վանք. 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում» (հայերեն եւ ֆրանսերեն, 2021):
–Ձեր գործընկեր Արա Զարյանի հետ աշխատել եք հայկական այնպիսի վանքերում ու եկեղեցիներում, ինչպիսիք են Որոտնավանքը, Լմբատավանքը, Դադիվանքը, Հաղպատը, Կարմրավորը, Հառիճավանքը եւ այլք: Ենթադրում եմ, որ այս նախագծերի իրականացման ընթացքում ստիպված եք եղել հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Կպատմե՞ք ձեզ հանդիպած դժվարություններից մի քանիսի մասին:
-Բոլոր եկեղեցիներում, որտեղ աշխատել ենք, ուսումնասիրվել եւ վերլուծվել են որմնանկարների պահպանված բոլոր հատվածները: Դրա հիման վրա իրավասու մարմիններին ներկայացրել ենք դրանց պահպանական վերականգնման նախագծեր եւ ստացել աշխատանքներն իրականացնելու թույլտվություն՝ մեր սեփական միջոցների հաշվին: Դեռեւս 2012 թվականից հասկացանք, որ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ փոխադրամիջոցների եւ գործիքների հարցը լուծված չէ: Փորձեցինք ստեղծել նյութերի եւ օրինական ճանապարհով Իտալիայից բերված շինարարական փայտամածների պահեստավորման բազա: Աշխատանքների ընթացքում տեղի բնակչությունը մեզ շատ ջերմ ընդունեց եւ աջակցեց թե՛ ծագած խնդիրների լուծման, թե՛ առօրյա կենցաղային հարցերում: Այդ վերաբերմունքը շարունակվեց առանց լուրջ խնդիրների մինչեւ այս տարի Հառիճավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրականացված մեր վերջին աշխատանքը: Որմնանկարների բեկորների՝ մոտ երեք քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հատվածի պահպանական վերականգնման նախագիծը ներկայացվել էր 2021 թվականին, մեր առաջին այցելությունից հետո:
Կարդացեք նաև
Աշխատանքներն իրականացնելու թույլտվությունը ստացանք հինգ տարի տեւած բանակցություններից հետո: Մշակույթի, կրթության եւ սպորտի նախարարությունը հինգ անգամ մերժեց մեր նախագիծը՝ ամեն անգամ նոր պատճառաբանություն գտնելով: Մենք որեւէ օգնություն կամ աջակցություն չստացանք. սա միակ դեպքն էր, երբ նման իրավիճակի հանդիպեցինք: Այնուամենայնիվ, չափազանց կարեւոր եւ դրական արդյունքն այն է, որ իշխանությունները վերջապես հասկացան հայկական եկեղեցիների որմնանկարների նշանակությունը: Մեզ համար մեծ բավականություն է նաեւ այն, որ կարողացանք վերապատրաստել հայ երիտասարդ վերականգնողների մի խումբ, որն այժմ զբաղվում է որմնանկարների ուսումնասիրությամբ, պաշտպանությամբ եւ պահպանությամբ:
–Արցախն այլեւս չկա, մինչդեռ նրա հայկական մշակութային ժառանգությունը լուրջ վտանգի տակ է: Թեեւ Ադրբեջանը ճարտարապետական այդ հուշարձանները ներկայացնում է որպես աղվանական, ուդիական կամ որեւէ այլ մշակույթի՝ հայկականից բացի, ակնհայտ վտանգ կա, որ այդ ժառանգությունը կարող է ի վերջո ոչնչացվել կամ ջնջվել պատմական հիշողությունից: Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ դա կանխելու համար:
-Բարեբախտաբար, 2015-2017 թվականներին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պատասխանատու մարմիններն առաջարկեցին մեզ եւ ապա վստահեցին Դադիվանքի հայկական վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում գտնվող երկու մեծ որմնանկարների պահպանական վերականգնումը: Վանական համալիրի բոլոր շինություններն արդեն վերականգնվել էին:
2020-2022 թվականների հակամարտությունից հետո Հայաստանը ստիպված եղավ զիջել այդ տարածքի ողջ հայկական մշակութային ժառանգությունը: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից պատմության կեղծման լայնածավալ ծրագիրը, որի շրջանակում այդ տարածքի հայկական ժառանգությունն ամբողջությամբ ներկայացվում է որպես աղվանական, եւ նկատի ունենալով Հայաստանի սահմանափակ հնարավորությունները՝ պատշաճ կերպով արձագանքելու այդ սադրանքներին, անհրաժեշտ է ներգրավել մշակույթով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին եւ մյուսներին, եւ հասնել այն բանի, որ նրանք գործուն քայլեր ձեռնարկեն ադրբեջանական կեղծարարությունները հերքելու եւ կասեցնելու ուղղությամբ:
Բավական է այսօր այցելել Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Գանձասարը կամ Դադիվանքը եւ կարդալ պատերին փորագրված հայերեն արձանագրությունները, որոնք կպատմեն այդ վայրերի պատմության ու այնտեղ հիշատակված անձանց մասին:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում




















































