Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծել են, պահել են մութ տեղում, հասցրել են ինքնասպանության. «Հրապարակ»

Հոկտեմբեր 29,2026 10:22 Share
Աջակցեք aravot.am-ին
zinvor hamazgest

Հունիսի 2-ին Սյունիքի զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Արամայիս Գեւորգյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն էր գործել։ Արամայիսն արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ բնակավայրում։

«Հրապարակ»-ը բացառիկ զրույց է ունեցել Արամայիսի հոր՝ Մերուժան Գեւորգյանի հետ։ Նա վստահ է, որ իր որդուն հասցրել են ինքնասպանության, եւ հույս ունի, որ մեղադրյալները կալանքի տակ են մնալու․ «Չորսը կան, որոշ չափով մեղավոր է նաեւ փոխգնդապետ, անձնակազմի գծով տեղակալ Գոռ Հակոբյանը, Համլետ Պողոսյանը` իրենք գնում են Հակակոռուպցիոն կոմիտեով, իրենց վրա գործ կա արդեն։ Իմ տղայի գործով էլ կար Գոռը, բայց քանի որ հակակոռուպցիոնում անցնում է, հիմնական շեշտը 4-ի վրա է: Պատժվելու են պարտադիր: Ես քննչական բաժնից գոհ եմ, մինչեւ էսօր տարել են լիարժեք քննություն, անձամբ քննում է կայազորային վարչության հրամանատարի տեղակալը, շատ գոհ եմ իր աշխատանքից, հուսով ենք՝ նստելու են, 4-ն էլ կալանքի տակ են»։

Արամայիսն առողջական խնդիրներով է զորակոչվել բանակ, հայրն ասում է, որ որդին է ցանկացել ծառայել ՀՀ զինված ուժերում․ «Իմ տղայի քաշը պակաս էր 45 կիլոյից, իրենց կշեռքը ցույց տվեց 45 կգ, ես բողոքարկեցի։ Ինքն ուներ կիֆոզ (ողնաշարի վերին (կրծքային) հատվածի չափազանց ուռուցիկ կամ կորացած վիճակն է՝ խմբ․ ) հիվանդություն, որոշակի բաներ կային, իմունիտետը թույլ էր, դաստակների ցավ ուներ, մեջքի խնդիր ուներ։ Մենք արցախցի ենք, ինքը կարգավիճակ չուներ, որ գնար, ինքը ցանկացավ, որ գնար, ուզում էր անպայման ծառայել, քանի որ ես միշտ ծառայության մեջ եմ եղել, ես դասակի հրամանատար եմ եղել, պատերազմների մասնակից, ոգեշնչված` ուզում էր իմ գործը շարունակեր, ինքը ցանկություն հայտնեց, որ գնար»։

Արամայիսի հայրը պատմում է․ տղայի զորացրվելուն 6 ամիս է մնացել, հորն ասել է՝ 1 տարին լավ է անցել ծառայության․ «Մինչեւ 1 տարին լավ է եղել, ինքը վարսավիր էր, չէր ուզում էնտեղ մազ կտրեր, պատահական է ստացվել, մեկի մազերը կտրել է, ու տենց իմացել են։ Ինքը գնում էր ծառայության ու գալիս էր` ամբողջ գիշերը չէր քնում՝ մազ էր կտրում։ Եղել է պահ, որ հրաժարվել է, դրանից հետո կռիվներ են եղել, ծեծել են, ծեծից հետո անգամ մի շաբաթ տարել պահել էին մութ տեղ, վրեն ազդել էր, հետո իմացել էինք, գնացել, տեղյակ էինք պահել հրամանատարական կազմին, խոստացան՝ երեխային հատուկ կնայենք․․․ Ով երեխայիս խփել էր, ինձ խոստացել էր՝ չի լինի, երեխային կնայենք։ Բայց ոչ մի բան չեն արել, երեխային միշտ նեղություն են տվել, կոտրվել է։ Ինքը եկեղեցիներ էր գնում, էնտեղ մատուռ կար, գնում էր այնտեղ։ Ինքն անձամբ չի գնացել դրան, հասցրել են ինքնասպանության։ Էդ շատ մեղմ է ասված, ես ամբողջը կարդացել եմ, ու էն, ինչ արել են, մինչեւ «պարանն» են արել, հասցրել են դրան․․․»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031