Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ:
«Այն հոդվածով, որով որ ինձ երկու տարի յոթ ամիս պահել էին կալանքի տակ, այդ հոդվածով ինձ անմեղ ճանաչեց և արդարացրեց, իսկ մնացած հողի հետ կապված դրվագներով կիրառեց վաղեմության ժամկետ և գործը կարճեց», – տեսաուղերձում ասաց Ասլանյանը:
«Ամեն դեպքում, իրարամերժ զգացողություններ են, որովհետև հինգ տարի տևացող դատական այս քաշքշուկները ինչ-որ չափով ունեցան իրենց մի մասով արդարացի եզրահանգումը և Մակյան, Ամիրյան, Մելիքսեթյան կազմով կարողացան վեր կանգնել և իրավաբանություն կիրառել ու արդարադատություն կիրառել գոնե թե այդ մասով և իմ նկատմամբ որոշեցին իրականացնել արդարացնող որոշում», – նշեց նա։
«Սպասենք դատարանի որոշմանը՝ հետագա մեր գործողությունները հասկանալու համար», – ամփոփեց Վանաձորի նախկին քաղաքապետը:



















































