Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական օրենսգրքով սահմանվում է ընտանեկան բռնություն հասկացությունը»․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՔՊ-ականների և Աննա Հակոբյանի նախագծով

Հոկտեմբեր 26,2026 09:49 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Այն հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Զարուհի Բաթոյան

Ներկայացնելով նախագիծը՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը։

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է պարզապես բռնություն գործադրած անձին նախազգուշացում տալը ոստիկանության ծառայողի կողմից։ Նախազգուշացման փոխարեն ներառել ենք, որ կիրականացվի կանխարգելիչ հաշվառում բռնություն կիրառած անձի վերաբերյալ, հետևաբար նա պարզապես դուրս չի մնա իրավապահ մարմինների ուշադրությունից։ Առաջարկում ենք նախատեսել, որ ոստիկանության ծառայողը անկախ անհետաձգելի միջամտության որոշումը կայացնելու հանգամանքից, դեպքի մասին տեղեկանալուց առավելագույնը 12 ժամվա ընթացքում առերևույթ հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացնում քննչական մարմին, եթե հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Առաջարկվում է բռնություն գործադրած անձի համար ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր բոլոր պայմաններում։ Սահմանվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է կայացնել անձին ապաստարանում տեղավորելու որոշում բոլոր այն դեպքերում, եթե անձի կյանքին կամ առողջությանը սպառնում է վտանգ։ Առաջարկվում է, որ դեպքի վերաբերյալ ահազանգի հիման վրա ոստիկանության աշխատողը լիազորություն իրականացնելիս պարտավոր է օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։

Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ընտանիքում և կենցաղային հարաբերություններում կատարվող մարդու դեմ ուղղված հանցագործությունները նախատեսել առանձին գլուխներով՝ դրանց համար սահմանելով առավել ծանր պատիժ, քան ներկայում է։ Քրեական օրենսգրքով սահմանվում է ընտանեկան բռնություն հասկացությունը։ Դատապարտված անձանց համար ևս որպես պարտադիր կիրառում առաջարկում են կիրառել ռեաբիլիտացիոն ծրագրին մասնակցությունը։

«Առաջարկվում է նաև, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում բացառել քրեական պատասխանատվությունից ազատելը՝ գործուն զղջալու հիմքով»,- ասաց Բաթոյանը։

Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներով հանցանքներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ դատախազի նախաձեռնությունից։ Նախատեսվում է, որ մեղադրյալի նկատմամբ տնային կալանքը չի կարող կիրառվել, եթե մեղադրյալն ու տուժողը համատեղ են բնակվում։

Լիլիթ Գալստյան

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ասաց․ «Ինձ համար անընդունելի է այս հապճեպությունը, որովհետև մեր հանձնաժողովի որոշ անդամներ այդ կարճ ժամանակահատվածում այս մեծ ծավալի փաթեթին ծանոթանալու և բովանդակային քննարկում ծավալելու հնարավորություն չեն ունեցել»։

«Հապճեպության մասով ձեզ հետ համաձայն չեմ, ինչո՞ւ, որովհետև երկու ամիս առաջ է շրջանառվել նախագիծը, և մենք այս նույն լրացումները կարող էինք անել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում։ Ոչ մի հապճեպություն չկա, սովորական աշխատանք է»,- արձագանքեց Բաթոյանը։

Նշենք, որ ավելի վաղ Զարուհի Բաթոյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյան ի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկությունները ներառվել են այս փաթեթում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել