Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Իրանի քաղավիացիայի ոլորտի դեմ ԱՄՆ նոր սահմանափակումները և Հայաստանը

Հոկտեմբեր 04,2026 21:56 Share

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով Թեհրան է մեկնել։ Ենթադրում եմ՝ պրն Միրզոյանի բանակցությունների օրակարգում է լինելու նաև իրանական քաղաքացիական ավիաթռիչքների ամերիկյան պատժամիջոցների հարցը։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն աշխարհի բոլոր երկրներից պահանջել է, որ սկսած 23 սեպտեմբերի 2026 թվականից իրենց տարածքում չընդունեն իրանական 27 ավիաընկերությունների որևէ թռիչք, տարանցման իրավունք չտան և իրենց ավիաընկերություններն էլ դեպի Իրան որևէ թռիչք չկատարեն։ ԱՄՆ-ն դոլարային գործարքներից կզրկի այն բոլոր քաղավիացիայի ընկերություններին, օդանավակայաններին և ծառայություններ մատուցողներին, որոնք կսպասարկեն իրանական ինքնաթիռներին (թռիչքի ընդունում և ճանապարհում, վառելիքի և տոմսի վաճառք, օդանավակայանային ծառայություն և այլն):

ՀՀ նախարարի այցելությանը նախորդել են Հայաստանի օդանավակայանների կառավարումն ու սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Corporacion America» մայր կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի հետ (28/09/2026), ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը (30/09/2026) և վարչապետի ճեպազրույցի ընթացքում հնչած միտքը․ «Հայաստանը չի կարող անցնել այն գիծը, որից այն կողմ կա հենց Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ռիսկ ․․․ ՀՀ կառավարությունն այս պահին ուսումնասիրում է Իրանի քաղավիացիայի ոլորտի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր սահմանափակումների փաթեթը ․․․ Հայաստանը շատ թափանցիկ է իր բոլոր գործընկերների հետ և մաքսիմալ ամեն ինչ կարվի բարեկամական հարաբերությունները պահպանելու համար, բայց սեփական անվտանգությունն ու պատժամիջոցների տակ չընկնելն առաջնային են ․․․ հենց որ տեսնենք մենք ինքներս հայտնվում ենք պատժամիջոցների վտանգի տակ, ստիպված կլինենք որոշում կայացնել, թե ինչպես վարվել ․․․» (01/10/2026)։

Հայաստանը նախորդ տարիներին ևս բախվել է ԱՄՆ-ի կողմից սահմանված հակաիրանյան պատժամիջոցներին և մի կերպ դիմագրավել է․ Իրանից դեպի Հայաստան թռիչքները երբեք կանգ չեն առել։ Ըստ երևույթին այս անգամ հարցն ավելի լուրջ է և հենց պրն վարչապետի մատնանշած հարցերի համար է նաև, որ պրն Միրզոյանը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել․ հիշեցնենք, որ ԱԳ նախարարը հետայսու համակարգելու է նաև միջազգային առևտուրը։

Իրանական 27 ավիաընկերություններից չորսը կանոնավոր թռիչք ունեն դեպի Երևան, իսկ հայկական որևէ ուղևորատար ինքնաթիռ դեպի Իրան թռիչք չունի։ Ենթադրում եմ՝ Հայաստանը կփորձի ԱՄՆ-ին համոզել, որ գոնե այդ թռիչքները նվազագույն քանակով և գեթ մեկ ավիաընկերության միջոցով պահպանվեն․ ԱՄՆ-ն գերզգայուն է հատկապես իրանական այն ավիաընկերությունների հանդեպ, որոնք մեղադրվում են զենք, զինյալներ, ոսկի, արտարժույթ և արգելված այլ իրեր փոխադրելու մեջ՝ օրինակ «Մահան» ավիաընկերությունը, որը, ամերիկացիների կարծիքով, Իսլամական հեղափոխության պահապան կորպուսին է պատկանում։

Մինչ այժմ աշխարհի շատ երկրներ ընդունել են ԱՄՆ-ի սահմանափակումները և այլևս Իրանից թռիչք չեն ընդունում, դրանց շարքում է նաև Ադրբեջանը։ Ռուսաստանն ու Չինաստանը հասկանալի պատճառներով չեն ընդունում ԱՄՆ-ի պահանջները․ առայժմ դիմադրում և իրենց հարգելի պատճառներն են ներկայացնում Իրաքը, Թուրքիան և Հայաստանը։

Իրաքը երեկ մասնակի հաջողությունների հասավ և ԱՄՆ-ն թույլատրեց, որ ի բացառյալ «Մահան» ավիաընկերության, իրանական մյուս ավիաընկերությունները օրական 40 թռիչք ունենան դեպի Իրաքի սրբավայր Նաջաֆ քաղաք․ նաև Iraqi airways-ը դեպի Իրան կատարի թռիչքներ (Pilgrimage Waiver-ուխտագնացության պատասխանատվություն)։ Այստեղ է գտնվում իսլամ շիաների սրբերից՝ Մոհամմեդ մարգարեի փեսա Ալիի շիրիմը, իսկ 80 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Ալիի որդու՝ Հոսեյնի շիրիմը (Քարբալա քաղաքում, որը օդանավակայան չունի)։ Ամեն տարի միլիոնավոր իրանցի շիաներ ցամաքային և օդային ճանապարհներով դեպի այդ սրբավայրեր ուխտի են գնում։ ԱՄՆ-ն Իրաքի կառավարության խնդրանքով՝ մասամբ նաև Իրաքի շիա քաղաքացիների ճնշման և անգամ ցույցերի հետևանքով, արտոնել է այդ թռիչքները։

Արդյո՞ք Հայաստանն էլ կարող է օգտվել ամերիկյան այս բացառություններից․ դա ցույց կտան առաջիկա օրերը։ Իրանահայ մեր դավանակից քույր-եղբայրների հետ կապը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ ճանապարհները և Իրանի հետ մեր հարաբերությունների կարևորությունը թերևս պատճառ հանդիսանան, որ Իրանի քաղավիացիայի ոլորտի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր սահմանափակումները Հայաստանի դեպքում մասամբ մեղմանան։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031