«Բացառվում է, որ ՀՀ-ում Ալիևի համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար լինի, բայց նույնիսկ նրան Ալիևը թիրախավորում է և անուղղակիորեն հանցագործ համարում ու մեղադրում տարբեր հանցանքների մեջ։ Այսպիսով` նա այսպես ասած՝ խաղաղության գինը բարձրացնում է»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև ՀՀ բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը, ՀՀ ներկայիս իշխանությունները ևս տարածքային պահանջներ են ներկայացրել իրենց նկատմամբ, իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը, սա նշանակո՞ւմ է, որ փաստացի Ալիևը իր հետ խաղաղության գնացող Նիկոլ Փաշինյանին էլ է թիրախավորում, այսպես պատասխանեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Ըստ նրա՝ մինչ այդ էլ Իլհամ Ալիևը բարձրացրել էր բանակցությունների գինը՝ ներառյալ սահմանադրական փոփոխություն, որն ըստ քաղաքագետի՝ այս իշխանության համար բարդ է իրականացնել ու վիճելի՝ կկարողանա՞, թե՝ ոչ․ «Եթե նույնիսկ Ալիևն արդեն սկսում է այս իշխանություններին ռազմական հանցագործ համարել, պարզ է՝ նախորդ իշխանությանը կհամարի։ Ադրբեջանամետները կասեն՝ ինքն ուղղակի բանակցության գինն է բարձրացնում և փորձում լրացուցիչ զիջումներ կորզել։ Դա էլ է հավանական, բայց բացի դրանից, իհարկե, արդեն ինքն անցնում է ավելի ռազմատենչ խոսակցության, էլ չասած՝ երեկվա միջադեպը։ Լուրջ հարց է՝ արդյոք դա պատահականությո՞ւն է եղել, թե ուղղորդված ադրբեջանական իշխանությունների կողմից։ Արդեն սպառնալիքները սկսել են հնչել ադրբեջանական լրատվամիջոցներից և տելեգրամ ալիքներից․ ուրեմն ադրբեջանցիները կարող են ՀՀ-ում ցանկացած հանցագործություն գործել, բայց իրենց թույլ կտրվի, որ իրենք դա անեն, քանի որ իրենք այստեղ վերահսկում են ամբողջությամբ։ Սա է ադրբեջանական մոտեցումը և նաև փաշինյանականների մոտեցումը, քանի որ մենք տեսել ենք նաև այն հայտարարությունները, որոնք իշխանական քարոզչությունն է տարածել, ըստ որի՝ իրականում հարձակվել է այդ կինը և ադրբեջանցի զինվորը միայն պաշտպանվել է»։
Հարցին՝ Իլհամ Ալիևը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության ո՞ր հայտարարություններից է վրդովված, չէ՞ որ մշտապես Փաշինյանն ու իրենց թիմը հորդորում են այնպես արտահայտվեն, որ ադրբեջանցիների զգացմունքները չոտնահարվեն, Հրանտ Միքայելյանը պատասխանեց․ «Ինքը հիշեցնում է Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունները․ այդ թվում՝ Արցախը Հայաստան է վերջ հայտարարությունը, տարբեր ուրիշ հայտարարություններ։ Իհարկե, բացի այդ խոսք է գնում նաև Գյանջայի օդանավակայանի հրետակոծության մասին։ Երբ ժամանակին իր վրա պատասխանատվությունը վերցրեց Բաքվի բանտում այժմ պահվող Արայիկ Հարությունյանը, հիմա այնտեղ իրենից ստացել են խոստովանություն, որ դա իրականում Փաշինյանի հրահանգով է եղել։ Դա այդպես է, թե՝ ոչ, էական չէ, բայց այդպիսի գործիքակազմը Ալիևը պատրաստում է, որ այդ թվում՝ նաև Փաշինյանի դեմ օգտագործի»։
Հարցին՝ այսինքն՝ Փաշինյանի հետ շանտաժի լեզվո՞վ է խոսում, քաղաքագետը պատասխանեց․ «Անկասկած։ Կարծում եմ՝ հիմա Ալիևի համար օրակարգային հարցը ոչ թե սահմանադրական փոփոխությունն է, այլ Տիգրանաշենի տարածքի զավթումը։ Երբ խոսք է գնում Տիգրանաշենի մասին, ապա այդտեղ Ադրբեջանը նվաճելու բան չունի․ տարածքը փոքր է, կտրված, ադրբեջանական բնակչությունն այդտեղ երբեք մեծ չի եղել, բայց այդտեղով անցնում է ՀՀ ռազմավարական ճանապարհը, որը կապում է ամբողջ ՀՀ հարավը և Իրանը։ Կա, իհարկե, այլընտրանքային ճանապարհ, որը շատ ավելի վատ վիճակում է։ Եվ առհասարակ ռազմավարական ճանապարհի զիջումն անթույլատրելի է։ Բայց այստեղ այդպիսի մոտեցում է, որ ՀՀ-ից կորզի, թուլացնի։ Սա է այսպես կոչված՝ խաղաղության գործընթացի էությունը։ Ադրբեջանը խաղում է ոչ թե զրոյական գումարով, այլ բացասական գումարով․ Ադրբեջանը պատրաստ է նույնիսկ ինքը կորուստներ ունենալ, ինչ է, թե ՀՀ-ն ավելի մեծ կորուստներ ունենա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































