«Ինձ մեղավոր ճանաչեցին ՍԴ դատավորների բարի համբավը արատավորող տեղեկություններ տարածելու համար, բայց այն փաստով, որ ոչ մի դատավոր նման կարծիք չունի, ոչ մի դատավոր չի բողոքել, ՍԴ դատավորներից որևէ մեկը տուժող չէ, նույնիսկ որպես վկա չի հարցաքննվել։ Այսինքն՝ նրանցից ոչ մեկի կարծիքն այս վարույթի ամբողջ ընթացքում՝ նախաքննությունից սկսած մինչև դատաքննության ընթացքը, չի լսվել։ Ասում է՝ մեղադրանքի մեջ կա, որ դատարանի հեղինակությունն է դրանից պակասել, բայց ոչ մեկը նման չափումներ չի արել, թե մինչև իմ հարցազրույցներն ինչ հեղինակություն է եղել և իմ հարցազրույցներից հետո։ Ես կարծում եմ, որ այստեղ իրավական բան փնտրել պետք չէ, բացարձակ քաղաքական է»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Դատավոր Սաթենիկ Անդրեասյանը Էդգար Ղազարյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց երկու տարի ժամկետով ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի։ Նշանակվեց մեկ տարի փորձաշրջան։ Մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կկիրառվի։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, դատախազ Հայկ Ավետյանը միջնորդել էր Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։
Էդգար Ղազարյանին բանտային կալանք չի սպառնում, բայց ազատազրկման դատապարտելը, ըստ Էդգար Ղազարյանի, հիմք է պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ «Այսինքն, եթե այս դատական վճիռը մնա անփոփոխ, մենք, իհարկե, կբողոքարկենք ատյաններով, սպառվի, մտնի օրինական ուժի մեջ, ինձ բանտային կալանք չի սպառնում, բայց պատգամավորի լիազորություններն իրավունքի ուժով կդադարեցվեն․․․ Ինչը որ, կարծում եմ, այն, ինչ Հայկ Կոնջորյանն առաջին օրն էր ասում, չէ՞, ասում է՝ «ինքնաէվակուացվեք, հակառակ դեպքում ձեզ այս դահլիճից ու այս շենքից դուրս կշպրտենք»։
Էդգար Ղազարյանն ուշադրություն է հրավիրում գործի ժամանակագրության վրա․ «Խոսել եմ 2024 թվականի, ենթադրենք, հոկտեմբերին, վարույթը նախաձեռնել են նոյեմբերին, տեսանյութերը նայել են, ոչ մի որոշում չեն կայացրել։ Դեկտեմբերին դատախազը գործի նյութերը պահանջել է, ծանոթացել է գործի նյութերին, մեղադրանք չի առաջադրել, ոչ մի բան չի փոխվել։ Դրանից հետո երկու ամսում ոչ մի նոր նյութի չեն ծանոթանում, փետրվարին որոշում են ինձ մեղադրանք առաջադրել»։
Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։
Հարցին՝ առանց պատգամավորական մանդատի, հնարավո՞ր է պայքարել, Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Դե ես մինչև օգոստոսի 2-ն առանց պատգամավորական մանդատի էի պայքարում, բայց դե մանդատով լավ է էլի․․․ Իենց դուրն էլ է գալիս․ Ռուբինյանը պարգևատրել է․․․ Ես կարծում եմ, որ այսօր Ռուբինյանը շատ ծանր կտանի այս որոշումը։ Ես այս վեց տարի է՝ Նիկոլի դեմ պայքարում եմ, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբեն Ռուբինյանը, միակ մարդը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Էդգար Ղազարյանի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ դատարանի որոշումը իր պաշտպանյալին պատգամավորական մանդատից զրկելու մասին էր։
Իր հաշվարկներով՝ մինչեւ բոլոր դատական ատյանները սպառեն, Էդգար Ղազարյանը 5-6 ամիս դեռ պատգամավոր կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































