Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային մեղադրողը առաջարկում է ոչ միայն պատժաչափ, այլև պատգամավորի լիազորությունների դադարեցում»․ Էդգար Ղազարյան

Հոկտեմբեր 01,2026 17:46 Share

«Ըստ էության, հանրային մեղադրողն առաջարկում է պատգամավորի լիազորությունների դադարեցում, որովհետև, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի, պատգամավորը լիազորությունները դադարում են, երբ նա դատապարտվում է ազատազրկման։ Նույն կերպ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածը, պատգամավորի լիազորությունների դադարման կարգը նախատեսելով, առաջին մասի 4-րդ կետով սահմանում է նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատարանի դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու դեպքը։ Այսինքն, ըստ էության, հանրային մեղադրողը առաջարկում է ոչ միայն պատժաչափ, այլև պատգամավորի լիազորությունների դադարեցում․ ըստ էության, որոշման ուժի մեջ մտնելը դա է ենթադրում։ Իսկ դա, կարծում եմ, կոպտագույն կերպով խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածը, որը վերաբերում է սահմանադրական կարգի հիմունքներին, մասնավորապես՝ իշխանության բաժանման և հավասարակշռման սկզբունքին»,- իր գործով նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, դատախազ Հայկ Ավետյանը միջնորդեց Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։
Դատարանի որոշումը կհրապարակվի 17․45-ին։

Էդգար Ղազարյանը դատարանում հայտարարեց՝ Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։ 94-րդ հոդվածը Սահմանադրության սահմանում է, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։ 96-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը․ «Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տեղյակ լինելով այս քրեական վարույթի մասին, իսկ նրանք կարող էին տեղյակ լինել, որովհետև այս վարույթի գրեթե բոլոր դատական նիստերն ուղիղ եթերով են հեռարձակվել, լրատվամիջոցները լուսաբանել են և այլն, իմանալով այդ մասին՝ ինձ ընտրել են պատգամավոր «Ուժեղ Հայաստան» դաշինքի համապետական ցուցակով, և այս պահին, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, ես ներկայացնում եմ ողջ ժողովրդին, այդ թվում՝ դատարանի դահլիճում գտնվող ցանկացած կարգավիճակ ունեցող սուբյեկտի։ Հետևաբար, դատական իշխանության ներկայացուցիչները, իմ կարծիքով, իրավունք չունեն խախտել սահմանադրական կարգի հիմունքը և ազդել պատգամավորի գործունեության վրա ու կայացնել այնպիսի որոշում, որը կհակադրվի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից կայացրած որոշմանը, այն է՝ ինձ պատգամավոր ընտրելու որոշմանը։ Հետևաբար, անգամ այս վարույթի պարագայում կարծում եմ, որ չնայած այն բանին, որ մենք վերդիկտի հետ ունենք անհամաձայնություն և բողոքարկել ենք, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հիշյալ իրավակարգավորումներով դատարանը պետք է կայացնի այնպիսի որոշում, որը պատճառ չհանդիսանա պատգամավորի լիազորությունների դադարեցմանը՝ Հանրապետության ժողովրդին հակադիր որոշում կայացնելով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել ։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայկ Ավետյանի լուսանկարը՝ «Իշխանություն» լրատվականի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031