Սեպտեմբերի 24-ին հերթական ողբերգական դեպքն է գրանցվել բանակում։ Նռնակի պայթյունի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող։ Ըստ նախնական տարածված տեղեկությունների, դրան նախորդել է հարաբերություններ պարզելու գործընթաց՝ ծառայակիցների միջեւ։
Հայաստանի զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան ողբերգական վերջին դեպքը մոտ մեկ ամիս առաջ էր՝ ինքնասպանություն։ Ողբերգական դեպքերի սարսափելի կանոնավորությունը շարունակվում է։ Գրեթե չկա ամիս, որ չստացվի այդպիսի տեղեկություն։
Իսկ պաշտպանության նախարարությունը վերջին շաբաթներին ինտենսիվ տեղեկատվություն էր տարածում, թե ինչպես են, օրինակ, նախարար Պապիկյանը կամ ԶՈՒ ԳՇ պետ Ասրյանը ինչ-որ «անսպասելի ստուգայցեր» անում զորամասեր, հետեւում կարգուկանոնին։ Ողբերգական դեպքի օրը տարածվել էր հերթականը, հետեւյալ բովանդակությամբ, որ նախարար Պապիկյանը զրույց է ունեցել կարգապահական խախտումներ թույլ տվող զինծառայողների հետ։ Բանակում խաղաղ պայմաններում տարեկան տասնյակների հասնող մահերի պայմաններում, պաշտպանության նախարարությունը չի գտնում արձագանքի այլ տարբերակ, քան քարոզչության ինտենսիվացումը։
Մինչդեռ, հերթական ողբերգական դեպքը վկայում է, որ իրավիճակը քարոզչական ակտիվությամբ ծածկելը չի լուծում ոչ մի խնդիր, ինչպես որ որեւէ խնդիր չի կարող լուծվել պաշտպանության նախարարի կամ ԳՇ պետի ստուգայցերով։ Խնդիրները կարող են լուծվել, երբ աշխատում են ինստիտուցիոնալ մեխանիզմներ, երբ աշխատում են զինված ուժերում կարգապահության, կարգուկանոնի, զինվորական կանոնադրության աշխատանքի համար պատասխանատու կառույցներ։ Երբ դրանք չեն գործում, կամ չեն գործում բավարար էֆեկտիվությամբ, երբ արձանագրվում են տասնյակ մահերով տարիներ՝ արդեն գրեթե երեք տարի, բայց չի փոխվում պատկերը սկզբունքորեն, ուրեմն ժամանակն է մտածել համակարգի արդյունավետ աշխատանքի համար պատասխանատուների փոփոխության մասին։ Վերջին հաշվով, այստեղ հարցը թե մարդկային կյանքերն են, թե Հայաստանի զինված ուժերի հեղինակությունը։
Կարդացեք նաև
Իհարկե, այս հասկացությունն առհասարակ խորթ է Հայաստանի քաղաքական իշխանությանը։ Դրա ցավագին վկայությունն այն է, թե ինչպես է իշխանությունը ընդամենը մի քանի տարվա ընթացքում արմատապես փոխում իր խոսույթը Արցախի, Անկախության հռչակագրի, Հայաստանի տեղի, դերի մասին։ Հեղինակություն հասկացության արժեւորման պարագայում, այդ կտրուկ փոփոխության փոխարեն կլինեին պարզապես հրաժարականներ, հրաժարում քաղաքական իշխանության ղեկից։ Այնպես որ, մարդկային կյանքի արժեզրկումը տեղի է ունենում հեղինակություն հասկացության արժեզրկմանը զուգահեռ։
Երբ գերակա խնդիր է դառնում իշխանությունը պահելը՝ անձնական անվտանգության ապահովման բացարձակ առաջնահերթությամբ, մնացյալ բոլոր հարցերը, այդ թվում զինված ուժերում ծառայողների անվտանգությունը խաղաղ պայմաններում, հայտնվում են խորը ստվերում։ Իսկ այնտեղից վտանգավոր պարբերականությամբ դուրս են գալիս միայն ողբերգությունները։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



















































