«Այդ պատասխանն այնքան պարզունակ է՝ առկա խախտումների ֆոնին։ Ադրբեջանի ՄԻՊ-ի պատասխանը եղած փաստերի լույսի ներքո պետք է դիտարկել։ Իսկ այդ համատեքստում պրիմիտիվ պատասխան է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ պատասխանելով Բաքվում գտնվող հայ ռազմագերիների դժգոհությունների առիթով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անդրադարձին։
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից բարձրաձայնված՝ մարդու իրավունքների ոտնահարումների մասին հայտարարություններին։ Վերջին ահազանգը հնչել էր Ռուբեն Վարդանյանի կողմից։ Նա եւ Հայաստանի ևս տասնութ քաղաքացիներ գտնվում են Ումբակի քրեակատարողական հիմնարկում։ Իր ուղերձում Ռուբեն Վարդանյանը թվարկել էր մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը, բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը և տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու անհնարինությանը, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությանը, ֆիզիկական վարժությունների սահմանափակմանը շաբաթական մեկ անգամ՝ 20–40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, ինչպես նաև դիմումներին և բողոքներին գրավոր պատասխանների բացակայությանը։
Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, թե գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին՝ եւ նախաքննության, և դատավարությունների ընթացքում։ Նաև իբրեւ այցելություններ են եղել ՔԿՀ-ներ՝ դատավճիռների կայացումից հետո։ Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում, ըստ այդ հաղորդագրության, «մշտապես վերահսկվել են» նրանց իրավունքների վիճակը, կալանքի պայմանները և բուժումը։ Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը հայտարարում է՝ «մշտադիտարկումը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան», նրանց՝ մարզվելու, զբոսնելու, ժամանց կազմակերպելու, տեղեկատվություն ստանալու և ընտանիքի անդամների հետ հեռախոսային կապ պահպանելու իրավունքները, երաշխավորված են։ Նաեւ շեշտել են՝ Արայիկ Հարությունյանի՝ նոտարական ծառայությունների հետ կապված հարցերը լուծումներ են ստացել։
«Մենք բոլորս գիտենք, որ սա կոչվում է՝ «ինկոմունիկադո», այսինքն՝ առանց արտաքին աշխարհի կապի կալանք։ Սա նպատակը նա է, որ դատավարության մութ կողմերը, գաղտնիքները, ամբողջ աշխարհում չտարածվի, այդ թվում նաեւ նրանց նկատմամբ բռնությունները։ Սա, միանշանակ, խախտում է, բայց դե խոսքը Ադրբեջանի մասին է, ի՞նչ ակնկալել»,- ասաց Արա Ղազարյանը։
Կարդացեք նաև
«Սկսենք նրանից՝ իսկ ինչո՞ւ նրանց խափանման միջոցը պետք է կալանավորումը լինի տարիներ շարունակ։ Կարող են, օրինակ, տնային կալանք տալ։ Երկրորդ՝ կապը և՛ ընտանիքի, և՛ արտաքին աշխարհի հետ։ Կապը հեռախոսով է, ընտանիքը շատ սուղ ինֆորմացիա է դուրս տալիս․ պարզ է, որ զգուշացված են՝ տեղեկություններ դուրս չտալու համար։ Ընտրած փաստաբաններ իրենք չունեն, այդ փաստաբանների հետ կապ չկա։ Եվ, ի վերջո, ընտանիքը չի կարողանում այցելել։ Ո՞ր մի ընտանիքը, ո՞ր մի, կինը չի ցանկանա այցելել բանտ՝ ամուսնուն տեսակցության։ Այսինքն՝ թույլ չեն տալի, որ այցելեն»,- հավելեց մեր զրուցակիցը՝ վստահություն հայտնելով, որ խոսակցությունները ամբողջությամբ գաղտնալսվում են եւ հաճախ նույնիսկ ընտանիքը չի կարողանում բավականաչափ տեղեկություններ ստանալ իրական վիճակի մասին։
«Հրապարակային դատավարություն էր չէ՞, բայց այդ մարդկանց ընտանիքները այդտեղ չէին։ Պարզ է, որ հրապարակային դատավարությանը ընտանիքը պետք է այնտեղ լիներ։ Իրանց խափանման միջոցը կալանավորում չպիտի լինի։ Կալանքը անհրաժեշտ է հիմնականում նախաքննության ժամանակ։ Այս դեպքում՝ գործը դատարանում է վաղուց, այսինքն՝ իրանք պիտի գրավով ազատ արձակված լինեին կամ տնային կալանք լիներ․․․ Այստեղ այնքան խախտումներ կան, էլ չեմ ասում՝ բռնությունը իրանց նկատմամբ։ Դատարանում մենք տեսնում ենք, որ փաստաբանները իրանց կողքը նստած չեն, փաստաբանները տարանջատված են իրանցից։ Դա նույնպես արվում է, որ դատավարությունը վերահսկելի լինի։ Այո, փաստաբանը նստում է հենց վստահորդի կողքին, պաշտպանը կարող է իր պաշտպանյալի հետ շշուկով խոսել, այնպես որ ոչ ոք չլսի․ նա արդեն բավականին լուրջ պաշտպանվելու հնարավորություն ունի։ Բայց այսօր տեսնում ենք՝ բոլոր դատավարություններին փաստաբաններն իրանցից երկու մետր հեռու են նստած, այն էլ՝ ապակեպատ շերտով առանձնացված։ Պարզ է, որ չեն կարող ազատ գաղտնի հաղորդակցություն ունենալ։ Գումարած՝ դատավճիռների չտրամադրումը»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այս խախտում-սահմանափակումները նախ նրա համար են, որ այդ մարդկանց նկատմամբ կիրառված բռնությունները հրապարակային չդառնան։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































