Այս վեց ամսվա ընթացքում շուկայում երկու ցնցում գրանցվեց։ Այդ ցնցումները փոխեցին Հայաստանի վառելիքի շուկան ոչ միայն գնային, այլև կառուցվածքային առումով. մեկ տարվա ընթացքում Հայաստանը զրկվեց ռուսական վառելիքից։ Սա այն հիմնարար փոփոխությունն է, որը չի արտացոլվում գների մեջ և այս պահին լայնորեն չի քննարկվում հանրային տիրույթում։
Սեպտեմբերի 11-ի դրությամբ Երևանում ԱԻ-95 տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը կազմում է 580 դրամ, ԱԻ-92-ինը՝ 550 դրամ, իսկ դիզելային վառելիքինը՝ 660 դրամ։ Մարտի 25-ից ի վեր դիզվառելիքի գինը գերազանցում է բենզինի գինը։ Փետրվարի 20-ից սկսած բենզինը թանկացել է 21 տոկոսով, իսկ դիզվառելիքը՝ 47 տոկոսով։ Փետրվարի 20-ը շուկայում վերջին հանդարտ օրն էր նախքան նավթի շուկայում գրանցված ցնցումները, որոնք պայմանավորված էին աշխարհաքաղաքական իրադարձություններով։ Դոլարային արտահայտությամբ դիզվառելիքի մեկ լիտրն այժմ արժե 1.81 ԱՄՆ դոլար։ Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին վեց տարիների ընթացքում մեր կողմից իրականացվող ամենօրյա դիտարկումների պատմության մեջ, ինչը պայմանավորված է նաև 2022 թվականի համեմատ դրամի արժևորմամբ։
Երկու ցնցում վեց ամսվա ընթացքում
Այսպիսի ցնցում նկատվել է նաև 2022 թվականին։ 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում (քսան ամիս շարունակ) դիզվառելիքի գինը գերազանցում էր բենզինի գինը։ Այն առավելագույնի հասավ 2022 թվականի մայիսին՝ կազմելով 670 դրամ, իսկ 2023 թվականի սկզբին ԱԻ-95 բենզինի նկատմամբ գնային տարբերությունը կազմեց 180 դրամ։ Եթե այն ժամանակ գների աճը պայմանավորված էր Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի սկսմամբ, ապա ներկայումս գործում է միանգամից երկու հիմնարար գործոն։
Կարդացեք նաև
Առաջին գործոնը հում նավթի համաշխարհային գներն են։ Դեկտեմբերին Brent տեսակի նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 62 դոլար։ Արդեն ապրիլին այն հասավ միջինը 117 դոլարի՝ մեկ օրվա ընթացքում գրանցելով մինչև 138 դոլար ցուցանիշ։ Սա պայմանավորված էր Մերձավոր Արևելքում արդյունահանման ծավալների կրճատմամբ (շուկայից օրական մոտ 6–7 մլն բարել նավթի դուրսբերմամբ) և Հորմուզի նեղուցում նորմալ նավարկության դադարեցմամբ [1]։
Հետագայում գները նվազեցին մինչև 90–100 դոլարի միջակայք, ինչը, սակայն, շուրջ 50 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Հարկ է ընդգծել, որ Հայաստանում վառելիքի գինը չի որոշվում օլիգոպոլիստական համաձայնություններով. տեղական շուկան բավականաչափ մրցունակ է։ Գնագոյացումը հիմնականում ձևավորվում է հում նավթի համաշխարհային գների հիման վրա՝ 6 ամիս ժամանակային լագով։ Հետևաբար, համաշխարհային շուկայում նավթի թանկացումը հայկական շուկայում արտացոլվում է մոտ 6 ամիս հետո, ինչն այս պահին էլ տեսնում ենք։
Հայաստանյան գների վրա ազդած երկրորդ ցնցումը կապված է ռուսական դիզվառելիքի հետ։ Հուլիսին, նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի շարունակական հարձակումներից հետո, Ռուսաստանն ամբողջությամբ արգելեց դիզվառելիքի արտահանումը, ընդ որում՝ արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի վերջ [2]։ Բենզինի արտահանման արգելքը, որը գործում է 2025 թվականի օգոստոսից, նույնպես երկարաձգվել է մինչև տարեվերջ [3]։
Ռուսաստանը և Հայաստանը նույն մաքսային միության անդամներ են, և թղթի վրա ԵԱՏՄ անդամ երկրներն ազատված են նման սահմանափակումներից։ Վերջին տարիներին սա խնդիր չէր առաջացրել։ Այդուհանդերձ, ստորև ներկայացված առևտրային տվյալները վկայում են, որ գործնականում այդ արտոնությունները սառեցված են։
Brent տեսակի նավթի մեկ բարելը պարունակում է 159 լիտր։ Այս ցուցանիշի և օրական փոխարժեքի հիման վրա հնարավոր է հաշվարկել հում նավթի մեկ լիտրի արժեքը դրամով՝ այն համադրելով հայաստանյան լցակայանների միջին գների հետ։ 2022 թվականի գարնանը մեկ լիտր հում նավթի գինը հասավ 430 դրամի, իսկ դիզվառելիքինը՝ 670 դրամի։ Ներկայումս մեկ լիտր հում նավթն արժե 220 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 660 դրամ։ Գծապատկերը ցույց է տալիս համաշխարհային շոկի ազդեցությունը ներքին շուկայի վրա։ Այս երկու ցնցումից հետո ներքին լցակայաններում դիզելային վառելիքի գնի աճը համադրելի է, մինչդեռ հում նավթի արժեքը նախկին ցնցման համեմատ մոտ 2 անգամ ցածր է։ Այս անհամապատասխանությունը վկայում է նաև միջազգային շուկայում հում նավթի գնագոյացման որոշակի անհամապատասխանության մասին։
Ներկրման ծավալների անկում չի գրանցվել։ 2025 թվականին Հայաստանը ներկրել է ավելի շատ վառելիք, քան նախորդող որևէ տարում, և 2026 թվականի առաջին յոթ ամիսների ցուցանիշները պահպանում են նախորդ տարվա դինամիկան։ Երկիրը գնում է նույն քանակությամբ վառելիք, սակայն նոր, ավելի հեռավոր աղբյուրներից և համաշխարհային գներով։ Հարկ է նշել, որ Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մաս է կազմում, և, ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, պետք է գործի ընդհանուր էներգառեսուրսների շուկա, որը ներկայումս փաստացի չի գործում։ Ընդհանուր էներգետիկ շուկան փաստացիորեն չէր գործում նաև 2025 թվականին։
Ռուսական բենզինի գնագոյացումը հիմնված էր ՌԴ ներքին կարգավորվող շուկայի վրա, և այն մատակարարվում էր երկաթուղով՝ Վրաստանի տարածքով։ Միջերկրածովյան բենզինի գինը ձևավորվում է Platts գնանշումների հիման վրա՝ գումարած ծովային բեռնափոխադրման և վրացական տարանցման ծախսերը։ 2022 թվականին մեկ լիտր հում նավթի և լցակայանում վաճառվող մեկ լիտր վառելիքի միջև եղած գնային ճեղքվածքը մեծացավ մոտ հարյուր դրամով և այդպես էլ չվերականգնվեց։
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում




















































