Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ և չարաշահումներ հողերի օտարման գործընթացներում․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը

Սեպտեմբեր 10,2026 18:08 Share

Պետական վերահսկողական ծառայությունն իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության և հիմնավորվածության վերահսկողության շրջանակներում համայնքային հողերի օտարման և նպատակային նշանակության փոփոխության գործընթացներում արձանագրել է մի շարք խախտումներ և չարաշահումներ։

Մասնավորապես, 2021 թվականին Կոտայքի մարզի համայնքներից մեկում օտարվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա 15.7 հա ընդհանուր մակերեսով 6 առանձին միավորներից բաղկացած արոտավայրերի գործառնական նշանակությամբ հողամաս․ գործարքը ստացել է պետական գրանցում։

Բացահայտվել են նաև առերևույթ կեղծ փաստաթղթերի հիման վրա համայնքային հողերի՝ առանց աճուրդի օտարման դեպքեր, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 7.5 մլն դրամի վնաս։ Մասնավորապես, 2018 թվականին Արարատի և Լոռու մարզերի երկու համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից կազմվել և պաշտոնական շրջանառության մեջ են դրվել առերևույթ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց, մի դեպքում 0,363 հա, մյուսում՝ 0,67 հա մակերեսներով հողամասերը Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշումներով հատկացված են եղել համայնքի բնակիչներին։

Երկու այլ դեպքերով՝ 2016 թվականին Արարատի մարզի և 2010 թվականին Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների կայացրած որոշմամբ փոփոխվել է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթի մեկնարկային գինը՝ որի արդյունքում ավագանու սահմանած արժեքից մի դեպքում՝ շուրջ 10, մյուսում՝ 6 անգամ ցածր գնով հողամասը տրամադրվել է վարձակալության՝ համայնքին պատճառելով շուրջ 11,2 մլն դրամի վնաս։

Միաժամանակ, արձանագրվել են առանց համապատասխան իրավահաստատող փաստաթղթերի՝ հողամասերի կադաստրային արժեքի նվազեցման նպատակով դրանց նպատակային նշանակության փոփոխության և անհամեմատ ցածր արժեքով օտարման դեպքեր։ Արդյունքում՝ 2017 թվականին Կոտայքի մարզում նշված եղանակով երեք հողատարածքների օտարման հետևանքով պատճառված վնասը կազմվել է շուրջ 550 մլն դրամ։

Մեկ այլ դեպքում՝ Արարատի մարզում համայնքի միջոցներով կառուցապատված հողամասը և առկա անշարժ գույքը մատչելի գնով ցանկալի անձին վարձակալության տրամադրելու անխուսափելիություն ապահովելու համար 2019 թվականին համայնքի իրավասու պաշտոնատար անձինք հողամասը բաժանել են մասերի՝ առանձնացնելով կառուցապատված հատվածը, որից հետո փոփոխվել է հողամասի նպատակային նշանակությունը և շուրջ 60 մլն դրամ շուկայական արժեքով գույքը վարձակալության է հանձնվել 117,500 դրամով, համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 59,8 մլն վնաս։

Բացահայտված դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, իսկ ՀՀ դատախազությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում իրականացված գործընթացների արդյունքում 20․5 հա մակերեսով և 550 մլն դրամ արժեքով հողամասը վերադարձվել է ՀՀ-ին։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը շարունակվում է ՀՀ հողային պաշարների կառավարման, տիրապետման, օգտագործման և տնօրինման բնագավառում պետական քաղաքականության, պետական և համայնքային սեփականության հողերի իրավունքների պետական գրանցման գործընթացի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը՝ ոլորտում չարաշահումների և խախտումների բացահայտման ու կանխման նպատակով:

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930