Factor. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և e-draft.am հարթակում քննարկման է դրվել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Փաստաթղթի քննարկման փուլը սահմանված է 2026 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 24-ը:
Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում ՀՀ ողջ տարածքում՝ ապահովելով բնակչության, առողջապահական, կրթական, ջրամատակարարման, կապի համակարգերի և տնտեսության գործունեությունը: Նախագծում նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը հանդիսանում են բնական մենաշնորհ և ռազմավարական ենթակառուցվածք, որի խափանումն անմիջականորեն ազդում է ազգային անվտանգության և հասարակական կայունության վրա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2025 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ դադարեցվել է ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման թիվ 0092 լիցենզիայի գործողությունը: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի դադարեցման դեպքում Կառավարությունը բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը կամ գույքային համալիրը: Սահմանված եռամսյա ժամկետում օտարում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը կարող են օտարվել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































