«Կարևոր են ոչ միայն ՌԴ-ի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ շրջանակներում մեր հնարավորությունները։ Կան կոնկրետ մեխանիզմներ, որ կարելի է կիրառել, որպեսզի նման խոչընդոտները վերանան։ Մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը։ Մենք բողոքարկել ենք, վստահ եմ՝ մեխանիզմները կգործեն, որ խախտումները հանվեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը՝ անդրադառնալով հայկական ծագման ապրանքների հետ կապված սահմանափակումներին։
Ըստ նրա՝ հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շրջանակում ստանձնած համաձայնություններին, սկզբունքներին․ «Պայքարելու ենք, որ ԵԱՏՄ-ն գործի՝ ըստ իր սկզբունքների։ ՀՀ-ն ԵԱՏՄ լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի»։
Լրագրողների դիտարկմանը՝ հայկական ծագման ապրանքների սահմանափակումների համատեքստում որևէ ԵԱՏՄ անդամ երկիր չի հայտարարել, որ կա խնդիր, Տիգրան Գասպարյանն արձագանքեց․ «ԵԱՏՄ շրջանակում կան կոնկրետ գործիքակազմեր, որոնք ակտիվորեն օգտագործում ենք։ Մյուս շաբաթ էլ ունենք քննարկումներ, հանդիպումներ այդ մասով։ Հենց ստեղծվել են խոչընդոտները, մենք այդ պահից օգտագործել ենք ընթացակարգերը, որ այդ խոչընդոտները վերացվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































