Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում շարունակում է հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման քաղաքականությունը։ Հերթական թիրախը դարձել է Շուշիի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը, որտեղ պահպանվել էին միջնադարյան հայկական խաչքարեր, ինչպես նաև XIX դարի հայկական և ռուսական գերեզմաններ։
Այս մասին ահազանգում է Caucasus Heritage Watch-ը (CHW)՝ վկայակոչելով արբանյակային մշտադիտարկման տվյալները: PlanetScope-ի պատկերների արխիվը հետազոտողներին հնարավորություն է տվել հետևելու գերեզմանոցի աստիճանական ոչնչացման գործընթացին՝ մասնավորապես մայիսի 9-ի, 11-ի և 14-ի արբանյակային պատկերների համադրմամբ։
Սա այլևս չի կարող ներկայացվել որպես պատահական վնաս, բնական մաշվածություն կամ քաղաքաշինական գործընթացի հետևանք։ Գերեզմանոցի տարածքի հետևողական ոչնչացումը, պատմական գերեզմանների վերացումը և հայկական մշակութային հետքերի ֆիզիկական անհետացումը փաստում են մշակութային ժառանգության նպատակային ջնջման քաղաքականության մասին։
Շուշիի հայկական գերեզմանատների նկատմամբ նման վերաբերմունքը նոր երևույթ չէ։ CHW-ն արդեն փաստագրել է քաղաքի մի շարք պատմական հայկական գերեզմանատների վնասումը և ոչնչացումը։
Կարդացեք նաև
Այս իրադարձությունները ցույց են տալիս ոչ թե առանձին հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի խնդիրը, այլ պատմական հիշողության և տարածքի հայկական ինքնության նյութական ապացույցների համակարգված վերացման գործընթացը։
Գերեզմանոցը պարզապես քարերի և գերեզմանաքարերի հավաքածու չէ։ Այն պատմական հիշողության, տոհմական կապերի, բնակչության ներկայության, սոցիալական կյանքի, մշակույթի և համայնքային ինքնության բացառիկ վկայություն է։ Հենց այդ պատճառով էլ պատմական գերեզմանոցների ոչնչացումը նպատակ ունի վերացնել ոչ միայն առանձին հուշարձանները, այլև այն փաստական ապացույցները, որոնք վկայում են տվյալ քաղաքի և տարածքի հայկական բազմադարյա ներկայության մասին։
Շուշիի դեպքում սա առանձնահատուկ նշանակություն ունի։ Քաղաքի հայկական պատմական միջավայրի ոչնչացումը, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ իրականացվող գործողությունները, պատմական կառույցների վերափոխումը և հայկական արձանագրությունների ու հետքերի վերացման վտանգը միասին ձևավորում են քաղաքի պատմամշակութային ինքնության վերաձևակերպման ամբողջական քաղաքականություն։
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում մշակութային ժառանգության նկատմամբ նման գործողությունները պետք է գնահատվեն ոչ միայն որպես մշակութային արժեքների վնասում, այլև որպես մշակութային հիշողության, պատմական ինքնության և բնիկ բնակչության ժառանգության դեմ ուղղված համակարգային քաղաքականություն։
Առավել մտահոգիչ է միջազգային հանրության շարունակական լռությունը։ Երբ միջազգային կազմակերպությունները սահմանափակվում են ընդհանուր հայտարարություններով, իսկ պատմական հուշարձանների ոչնչացման փաստերը մնում են առանց գործուն արձագանքի, դա ստեղծում է անպատժելիության միջավայր, որտեղ մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է շարունակվել առանց իրական հետևանքների։
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ ցանկացած գործողություն, ապահովել պատմական հուշարձանների և գերեզմանատների պահպանությունը, թույլ տալ անկախ միջազգային մասնագիտական մշտադիտարկում և հրապարակել մշակութային ժառանգության պահպանության իրական մեխանիզմները։
Միաժամանակ միջազգային հանրությունը, մասնավորապես UNESCO-ն և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցները, այլևս չպետք է սահմանափակվեն փաստերի արձանագրմամբ։ Արբանյակային մշտադիտարկմամբ փաստագրված յուրաքանչյուր ոչնչացում պետք է ստանա հստակ միջազգային գնահատական և ունենա իրավական ու քաղաքական հետևանքներ։
Շուշիի Հին հայկական-ռուսական գերեզմանոցի ոչնչացումը ևս մեկ ծանր ահազանգ է այն մասին, որ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը շարունակում է գտնվել իրական և անմիջական վտանգի տակ։
Մենք պահանջում ենք՝
- դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և փոփոխումը,
- ապահովել հայկական գերեզմանատների, խաչքարերի, եկեղեցիների և պատմական հուշարձանների ամբողջական պահպանությունը,
- իրականացնել անկախ միջազգային մասնագիտական մշտադիտարկում,
- փաստագրել արդեն իսկ իրականացված ոչնչացումների ամբողջ ծավալը,
- ապահովել պատասխանատվություն մշակութային ժառանգության ոչնչացման համար,
- և բացառել պատմական փաստերի խեղաթյուրումն ու հայկական ժառանգության այլ ինքնության ներքո ներկայացնելու ցանկացած փորձ։
Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախում իրականացվում է 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը՝ ուղղված հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանը, խեղաթյուրմանն ու հայկական հետքի վերացմանը։
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ



















































