Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի էր սահմանազատումը սկսել Ներքին Հանդի հատվածից». Սյունիքի տարածքները շարունակում են օկուպացված մնալ

Սեպտեմբեր 05,2026 11:11 Share

Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքները շարունակում են օկուպացված մնալ ադրբեջանցիների կողմից։ Այս իրավիճակը համայնքի հատկապես սահմանամերձ գյուղերում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ է առաջացրել՝ կրճատվել, գրեթե վերացել է անասնապահությունը, չի մշակվում ցանքատարածությունների մի մասը, քանի որ այդ հողերը կամ օկուպացվել են, կամ հայտնվել թշնամու դիտակետում։

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադեւոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատերազմից հետո առհասարակ շատ բան է փոխվել։ «Շատ հարցեր առհասարակ մեր տիրույթում չեն, այդ թվում՝ սահմանագծման եւ մյուս խնդրահարույց հարցերը։ Բայց կարող եմ մի փաստ արձանագրել, որ Կապան համայնքի վարչական տարածքից այսօր մենք ունենք օկուպացված տարածքներ Ներքին Հանդ եւ Դավիթ Բեկ գյուղերում։ Հայտնի փաստ է, որ Ներքին Հանդի գերեզմանատունը գտնվում է ադրբեջանցիների զինվորականների վերահսկողության տակ»,- նշեց Գոռ Թադեւոսյանը։

Օկուպացված են ինչպես գյուղացիների վարելահողերը, այնպես էլ Ներքին Հանդի գերեզմանատունը եւ այլ նշանակության հողեր։

Թե ինչպե՞ս պետք է վերադարձվեն Հայկական տարածքները հարցին Կապանի իշխանությունները դժվարանում են պատասխանել։ Գոռ Թադեւոսյանը, «Առավոտ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ հարցն իրենց տիրույթում չէ, բայց «կարելի էր, օրինակ, սահմանազատումը սկսել հենց այդ հատվածից»։

Հայտնի է, որ ադրբեջանցիները 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ օկուպացրել են նաեւ Շիկահողի պետական արգելոցի տարածքները եւ ծառեր են հատել այնտեղ։

«Առավոտ»-ի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է Շիկահողի արգելոցի բռնազավթված տարածքներում, տեղեկություն ունե՞ն՝ ինչ վնաս էր հասցված բնությանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Եկեք ես այդ հարցերին հիմա չպատասխանեմ, որովհետեւ այնտեղ սահմանային գոտի է, այնտեղ եւ հայկական զինված ուժերն են իրենց աշխատանքներն իրականացնում, եւ ադրբեջանական զինված ուժերը։ Դա Պաշտպանության նախարարության տիրույթում է, թե որ հատվածում ինչ աշխատանքներ են իրականացվում եւ ինչ նպատակով են ծառահատումներ իրականացվում»։

Գոռ Թադեւոսյանը խոսքով՝ չնայած անվտանգային ռիսկերին՝ բնակչության թիվն էապես չի նվազել։ «Կար մտավախություն, որ պատերազմից հետո Կապան քաղաքից ու հատկապես համայնքի սահմանամերձ բնակավայրերից արտագաղթ կլիներ, բայց այդպիսի միտում չկա»,- նշեց նա։

«Առավոտ»-ի թղթակիցը Կապանի Շիկահող ու Սրաշեն գյուղերում բնակչության հետ զրույցում պարզեց, որ այս գյուղերը դատարկվում են։ Շիկահողի դպրոցում այսօր սովորում է ընդամենը մեկ աշակերտ, իսկ Սրաշենի դպրոցում՝ 5 աշակերտ։ Գյուղերից արտագաղթի հիմնական խնդիրն այն է, որ գյուղացիներն աշխատանք չունեն՝ անասնապահության ու հողագործության ծավալները հայտնի պատճառներով էապես կրճատվել են։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել