Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տարի անց գյուղում կմնան 4-5 հոգի». թշնամու թիրախում հայտնված Շիկահողի դպրոցը մեկ աշակերտ ունի

Սեպտեմբեր 05,2026 10:48 Share

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը լսել է, որ ադրբեջանցիները, օկուպացնելով Շիկահողի պետական արգելոցի տարածքները, այնտեղ ծառեր են հատել։ Բայց թե ինչ վնասների մասին է խոսքը, ոչ համայնքի վարչական ղեկավարը, ոչ էլ գյուղացիները չգիտեն։

«Մեր վաչական տարածքից դուրս են եղել ծառահատումները, ստույգ տվյալներ ես չեմ կարող տալ։ Խոսակցական զրույցներ կան, բայց դե հստակ չգիտենք, թե քանի ծառ է հատվել արգելոցի տարածքում»,- գյուղ այցելած լրագրողներին ասաց Զորիկ Նավասարդյանը։

2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ Շիկահողը դիրքային կորուստներ է ունեցել, մինչ այսօր կորուստները վերականգնված չեն։ Իսկ գյուղի վարելահողերը հայտնվել են թշնամու դիտարկման տակ։ Ընդհանրապես ամբողջ գյուղն էր դիտարկման տակ։

«2022 թվականին մենք 4-5 կորցրեցինք, այդ դիրքերը հիմա հակառակորդի տիրապետության տակ են։ Այսօր կրակոցներ չկան, ամրաշինական աշխատանքներ են կատարվում՝ Դեպի Ներքին Հանդ, Ծավ գյուղեր բունկերներ են կառուցվում։ Հուսանք՝ դրանք չեն օգտագործվի ռազմական նպատակով»,- ասաց նա։

Զորիկ Նավասարդյանի խոսքով՝ գյուղի վարելահողերը մի մասը հայտնվել են թշնամու դիտարկման տակ, կան վարելահողեր, որոնք ականապատվել են, մարդիկ չեն կարողանում դրանք մշակել։ Տարածքներ կան, որտեղ գյուղտեխնիկա չեն մտցնում, վախենում են։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ կատարվեց մոտ 40 հա հողերի մելիորացիա, որից 25 հա-ն հիմա չի օգտագործվում զուտ սահմանային խնդիրների պատճառով»,- ասաց նա։

Այն գյուղացիները, որոնք չեն կարողանում մշակել իրենց հողերը, վարչական ղեկավարի խոսքով, այսօր ոչնչով չեն զբաղվում։ «Մարդիկ շարունակում են իրենց կյանքն ավելի սահմանափակ միջոցներով»,-հավելեց նա։

Անասնապահությունը, կարելի է ասել, վերանում է։ Գյուղում շատ քիչ բնակիչներ կան, որ անասնապահությամբ են զբաղվում։ «Ոռոգման ջրի խնդիր կա, դաշտերը չեն ոռոգվում։ Գյուղատնտեսության համար նախատեսված բոլոր միջոցները՝ վառելիքից սկսած մինչեւ մեխանիզմի մասեր, թանկացել են, գյուղացին եկամուտ չունի, որպեսզի կարողանա այդ ծախսերն անել։ Այս խնդիրները գալիս հանգեցնում են մի իրավիճակի, որ գյուղացին ապրելու միջոցը փնտրում էր արդեն Կապան քաղաքում»,- նշեց Նավասարդյանը։

Զորիկ Նավասարդյանի խոսքով՝ Շիկահողում այսօր ապրում է մոտ 100 բնակիչ՝ 55 տնտեսություն։ Գյուղի դպրոցն ունի ընդամենը մեկ աշակերտ, որը հաճախում էր 8-րդ դասարան։ Նրա խոսքով՝ աշխատանք չլինելու պատճառով գյուղի երիտասարդները տեղափոխվել են քաղաքային բնակավայրեր։ Գյուղերում մնացել են հիմնականում ծերերը, վարչական ղեկավարն ասում էր՝ Շիկահողը ծերացող գյուղ է։ Ապա կանխատեսում է՝ մի քանի տարի անց գյուղում կմնան 4-5 հոգի։

«Միայն մեր գյուղը չէ, տարածաշրջանի բոլոր գյուղերն էլ նույն խնդրի առաջ են կանգնած»,- նշեց նա։

Գյուղի տարեցները հիշում են, որ ԽՍՀՄ տարիներին Շիկահողի բնակչության թիվը 700-ից ավելի էր։ Երեխաները երկրորդ հերթափոխով են դպրոց հաճախել։ Վարչական ղեկավարն ասում է՝ Շիկահողը մեծ գյուղ է եղել, տարածաշրջանում ամենաակտիվ գյուղերից էր։ Այսօր գյուղում հաշվարկված է 298 մարդ, բայց փաստացի բնակվում են 102-ը։

Կառավարությունում տեղյակ են, որ Շիկահողի դպրոցում մեկ աշակերտ է մնացել, բայց որեւէ ծրագիր չի արվում՝ մարդկանց գյուղ վերադարձնելու համար։ Զորիկ Նավասարդյանն ասաց, որ 16 մլն-ի ծրագիրն է միայն գործում, որով փորձում են գյուղում աշխուժություն մտցնել։ Այս ծրագրով արդեն երկու տուն է կառուցվել համայնքում, եւս 10 մարդ հերթագրվել է՝ տներ կառուցելու համար։

Շիկահողի բնակիչները չեն հավատում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղ ապրել։ «Թուրքին ո՞նց հավատաս»,- ասում է գյուղի բնակիչ Վլադիկ Աղաթելյանը։ Նրա խոսքով՝ մարդիկ արտագաղթում են աշխատանք չլինելու պատճառով։ Պատերազմից հետո գյուղում ապրելու պայմանները բարդացել են, երիտասարդները չեն ցանկանում մնալ գյուղում։


Շիկահողի բնակիչ, Շիկահողի նախկին գյուղապետ Անդրանիկ Մարգարյանն ասում է՝ մարդիկ գյուղից գնացել են քաղաք աշխատելու, ամիսը 400-450 հազար դրամ աշխատավարձ են ստանում։

«Գյուղում մի ցուլիկը, վրան ծախսեր անելով, երեք տարի պետք է պահես, որ կազմի 400 հազար դրամ։ Եթե մարդը քաղաքում ամիսն է 400 հազար դրամ ստանում, ինչո՞ւ չպետք է չգնա»,- ասաց նա։

Շիկահող գյուղն այսօր տարբեր ուղղություններից թշնամու դիտարկման տակ է։

Անդրանիկ Մարգարյանի խոսքով՝ այս իրավիճակն է ստեղծվել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքից զորքերը հետ քաշելու հրաման եղավ։

«Մենք էինք այդ դիրքերում, մեզ ասացին՝ հետ-հետ, տարան գցեցին փոսը։ Իսկ արդեն 2022 թվականի հարձակման ժամանակ հարձակվեցին ու մեր պոստերը վերցրեցին, այդ տարածքում հին հայկական գյուղ է եղել, խաչքարեր կան»,- ասաց նա։

Հարցին, թե ադրբեջանցիների հետ հնարավո՞ր է խաղաղություն հաստատել, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Ես իրենց հետ ԽՍՀՄ տարիներին ընկերություն եմ արել, բայց դժվար է, իրենք միշտ վերեւից են նայում մեզ։ Այսօր «արեւմտյան Ադրբեջան» լուսնի ներքո ՀՀ տարածքի նկատմամբ պահանջ են ներկայացնում։ Այսքանը տեսնելուց հետո ո՞նց կհավատաս թուրքին։ Եթե երկու հասարակություններին չեն կարողացնում մոտեցնել իրար, խաղաղություն ո՞նց կլինի»։


Նույն իրավիճակը հարեւան Սրաշեն գյուղում է։ Սրաշենի դպրոցն ունի ընդամենը 5 աշակերտ։ Սրաշենի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանի խոսքով՝ գյուղի հողերի մեծ մասը չեն մշակվում, քանի որ ադրբեջանցիների դիտարկման տակ են։ Ընդամենը 7 խոշոր եղջերավոր կենդանի կա գյուղում։ Մարդիկ խուսափում են անասնապահությամբ զբաղվել, քանի որ արոտավայրերը կրճատվել են։ «Կենդանիները մի քանի անգամ գնացել են ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներ, ականների վրա պայթել են, դրա համար մարդիկ խուսափում են պահել»,- ասաց Անահիտ Բաղդասարյանը։

Սրաշենում էլ այսօր բնակվում է ընդամենը 60 բնակիչ՝ 25 տնտեսություն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել