Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց թագավորներն ու թագուհիները «կկենդանանան» նորաձևության թատրոնի միջոցով. Մեկնարկում է «ՏԱՐԱԶֆեստ»-ը

Սեպտեմբեր 05,2026 12:00 Share

Սեպտեմբերի 3-8-ը Մեղրիում կկայանա «ՏԱՐԱԶֆեստ – Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը: «ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը: «Առավոտը» զրուցել է «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանի հետ:

-Ի՞նչ յուրահատուկ էթնո-հավաքածուներ են ներկայացվելու այս տարի, և ինչպե՞ս է ստացվել ավանդական տարազի ու ժամանակակից նորաձևության համադրությունը։

-Այս տարի «ՏԱՐԱԶֆեստ»-ը ներկայացվում է առանձնահատուկ և ընդլայնված ձևաչափով։ Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են Հայաստանի և տարբեր երկրների ազգային տարազներ, ինչպես նաև էթնիկ մշակույթից ներշնչված ժամանակակից դիզայներական հավաքածուներ։ Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացնելու է իր ազգային ինքնությունը՝ գույների, զարդանախշերի, գործվածքների, ձեռագործ տեխնիկաների և ժամանակակից ոճային լուծումների միջոցով։

Մեր նպատակն ավանդական տարազը պարզապես վերարտադրելը չէ։ Մենք ցանկանում ենք պահպանել դրա գաղափարախոսությունը, խորհրդանշական լեզուն և մշակութային հիշողությունը՝ միաժամանակ այն դարձնելով հասկանալի ու հետաքրքիր ժամանակակից մարդուն։ Այս տարի «Տերյան» մշակութային կենտրոնը փառատոնի հյուրերի համար պատրաստել է նաև բոլորովին նոր ծրագիր՝ նորաձևության թատրոն։ Մեր գործունեության ընթացքում առաջին անգամ ներկայացվելու է հայկական թագավորներին և թագուհիներին նվիրված թատերականացված բեմադրություն։ Այսպիսով՝ հանդիսատեսը կտեսնի ոչ միայն ազգային տարազների և էթնո-ժամանակակից հավաքածուների ցուցադրություն, այլև բեմական ամբողջական պատմություն՝ երաժշտության, շարժման, կերպարների և տարազների համադրությամբ։ Սա հատկապես կարևոր է, քանի որ մեր միջազգային հյուրերն ու դիզայներներն առաջին անգամ հնարավորություն կունենան հայկական պատմական կերպարներին ու տարազային մշակույթին ծանոթանալու թատերականացված ներկայացման միջոցով։

-Կա՞ն հատուկ Սյունիքի կամ Մեղրիի ավանդական տարազին ու զարդանախշերին նվիրված նմուշներ։

-Փառատոնի ամբողջ գաղափարախոսությունը սերտորեն կապված է Մեղրիի և Սյունիքի մշակութային միջավայրի հետ։ Մեզ համար կարևոր է, որ Մեղրին լինի ոչ միայն միջոցառման անցկացման վայր, այլև փառատոնի գլխավոր մշակութային հերոսներից մեկը։ Ծրագրում տեղ են գտնելու Սյունիքի և Մեղրիի մշակութային ժառանգությանը, տեղական արհեստներին, զարդանախշերին ու գունային մտածողությանը վերաբերող տարրեր։

Դրանք կներկայացվեն ինչպես ավանդական վարպետների աշխատանքներում, այնպես էլ ցուցադրությունների, ստեղծագործական հանդիպումների և վարպետության դասերի ընթացքում։ Առանձնահատուկ շեշտադրում ենք կատարում նաև հայկական պատմական տարազի վրա։ Հայոց թագավորներին և թագուհիներին նվիրված մեր նորաձևության թատրոնը հնարավորություն է տալիս ազգային հագուստը ներկայացնելու ոչ միայն որպես ցուցանմուշ, այլև որպես կենդանի կերպար, պատմություն և բեմական գործողություն։

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնակից հայաստանյան և միջազգային դիզայներները։ Այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությունն ի՞նչ նոր երանգ է հաղորդում փառատոնին։

-Քանի որ Մեղրին 2026 թվականին կրում է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակը, այս տարվա փառատոնն իրականացվում է ԱՊՀ մշակութային համագործակցության շրջանակում։ Նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Հետևաբար՝ միջազգային մասնակիցների ընտրության ժամանակ հաշվի է առնվել նաև ծրագրի աշխարհագրությունը։ Ընտրվել են այն երկրների ներկայացուցիչները, որոնք ներգրավված են այս մշակութային համագործակցության շրջանակում և կարող են փառատոնին ներկայացնել իրենց ազգային տարազը, ավանդական արհեստները կամ էթնիկ ինքնությունից ծնված ժամանակակից նորաձևությունը։

Միևնույն ժամանակ մեզ համար շատ կարևոր են եղել մասնակիցների մասնագիտական փորձը, ձեռքի աշխատանքի պահպանման ուղղությամբ կատարած գործունեությունը, ազգային ժառանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը և ավանդույթը ժամանակակից լեզվով ներկայացնելու կարողությունը։ Տարբեր երկրների մասնակցությունը փառատոնը դարձնում է մշակույթների հանդիպման իրական հարթակ։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր հետ բերում է իր գույները, գործվածքները, խորհրդանիշները, արհեստագործական տեխնիկաներն ու պատմությունները։ Այդ բազմազանությունը ոչ միայն հարստացնում է ծրագիրը, այլև հնարավորություն է տալիս տեսնելու, թե որքան տարբեր և միաժամանակ որքան փոխկապակցված են մեր ժողովուրդների մշակույթները։

-Ինչո՞ւ ընտրվեց հենց Մեղրին որպես «ՏԱՐԱԶֆեստ 2026»-ի անցկացման վայր, և ի՞նչ նշանակություն ունի սահմանամերձ քաղաքում նման մասշտաբի միջոցառում անցկացնելը։

2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Հենց այս կարևոր կարգավիճակի շրջանակում էլ որոշվեց «ՏԱՐԱԶֆեստ 2026»-ն անցկացնել Մեղրիում։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնը կազմակերպում են «Տերյան» մշակութային կենտրոնը և Հայաստանի արհեստագործների միությունը։

Սակայն Մեղրիի ընտրությունը պայմանավորված չէ միայն այդ պատվավոր կարգավիճակով։ Մեղրին Հայաստանի ամենայուրահատուկ քաղաքներից է՝ իր բնությամբ, պատմությամբ, ճարտարապետությամբ, մշակութային հիշողությամբ և ավանդույթներով։ Միաժամանակ այն սահմանամերձ քաղաք է, և մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ միջազգային նշանակության խոշոր մշակութային իրադարձությունները չկենտրոնանան միայն Երևանում։ Սահմանամերձ քաղաքում այսպիսի մասշտաբի միջոցառման անցկացումը կյանքի, ստեղծագործության և մշակութային շարունակականության կարևոր ուղերձ է։ Մենք ցանկանում ենք, որ տարբեր երկրներից ժամանած հյուրերը բացահայտեն Մեղրին, ճանաչեն տեղի մարդկանց և իրենց երկրներ վերադառնան՝ իրենց հետ տանելով Հայաստանի այս բացառիկ հատվածի մասին պատմությունը։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել