Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային սարքում կամ կրիչում արդեն իսկ պահված հաղորդագրությունների բովանդակությունը հանդիսանում է պահված թվային տվյալ

Սեպտեմբեր 04,2026 13:00 Share

2024 թ. հոկտեմբերի 24-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Օրենքի 236 հոդվածով («Թվային խուզարկությունը») սահմանվեց. «1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է: Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների եւ դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը: Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաեւ խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր տվյալները, որոնք, անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, իրենց բնույթով կամ բովանդակությամբ կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ»:

«Թվային խուզարկությունից «օգտվեցին» կուսակցական «խուզարկուները» հոդվածում անդրադարձել էի Հովիկ Աղազարյան-Արգիշտի Քյարամյան գործով նախկին պատգամավորի հեռախոսի զննությանը, քպ-ականների կողմից հեռախոսի բովանդակության ծանոթացմանն ու հրապարակայնացմանը։ Եվ ահա տեղեկացա, որ մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, 2026 թ. օգոստոսի 28-ի թիվ ԵԴ1/0215/08/24 որոշմամբ, իրավական դիրքորոշումներ է արտահայտել էլեկտրոնային (թվային) ապացույցների հավաքման, դրանց իրավական ռեժիմների հարաբերակցության և «Կիբեռհանցագործության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Բուդապեշտի կոնվենցիա) չափորոշիչների կիրառման վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ էլեկտրոնային սարքում կամ կրիչում արդեն իսկ պահված հաղորդագրությունների բովանդակությունը հանդիսանում է պահված թվային տվյալ, որի ձեռքբերումն իրականացվում է թվային խուզարկության կամ առգրավման ընթացակարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդված), այլ ոչ թե ընթացող հաղորդակցության գաղտնալսման ռեժիմով (249-րդ հոդված), հղում կատարելով Բուդապեշտի կոնվենցիայի համակարգում թվային տվյալների տարբերակմանը (ըստ բնույթի բաժանորդային, փոխանցվող, բովանդակային) և ըստ վիճակի (պահված կամ իրական ժամանակում գտնվող)՝ ընդգծելով, որ «իրական ժամանակում» գտնվելը տվյալի վիճակ է, այլ ոչ թե դրա ինքնուրույն տեսակ։

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածում օգտագործված «թվային տվյալ» ընդհանուր եզրույթն ընդգրկում է սարքում պահվող բոլոր ենթատեսակները, այդ թվում՝ բովանդակային տվյալները, մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսված խստացված երաշխիքները վերաբերում են բացառապես ապագային ուղղված՝ ընթացիկ հաղորդակցության գաղտնի որսմանը: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թվային խուզարկությունն ուղղված է միջնորդության հայցման պահին էլեկտրոնային սարքի կամ կրիչի վրա արդեն իսկ գոյություն ունեցող և ձևավորված թվային տվյալների հայտնաբերմանն ու հավաքագրմանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել