Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չի․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 03,2026 13:26 Share

«Գաղափարը առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն ի՞նչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո և որ տողերն են, որի հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը և որ տողերն են, որի հետ կապված մենք ունենք այլ դիրքորոշումներ և որտեղ է, որ մենք ունենք միանշանակ դրական կարծիք և որտեղ է, որ մեր կարծիքները միանշանակ չեն»,–այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վերաբերվող հարցին։

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ատոմակայանի հետ կապված մենք արդեն իսկ պայմանավորված ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ես նախկինում էլ եմ ասել, որ այս հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը, ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից։ Նաև ամենատարբեր ոլորտների հարցեր ենք քննարկել, ես մեր դիրքորոշումները ասել ենք, այդ թվում երկաթուղու հետ կապված խնդիրն ենք քննարկել և ըմբռնում է ձևավորվել, որ մենք պետք է այդ հարցը որևէ ձևով լուծենք։ Ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ իրավիճակը արձանագրել ենք, որ ինքը չի կարող երկար շարունակվել և պետք է լուծումների գնանք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ սահմանի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի Հայաստանի դեմ։ Լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չունի. «Մենք մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին, և տեսնում ենք, որ հիմա նրանք ՀՀ զբոսաշրջային առավելություններն առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։ Հայաստանի հանրությունն էլ մեծ հաճույքով և սիրով է ընդունում էդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում իրենց կարծես թե վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք։ Նման բան մեր մտքով երբևէ չի էլ անցել»:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն 02.05.2023 ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել