Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակել է «2025 Human Rights and Democracy in the World» տարեկան զեկույցը, որի առանձին բաժինը վերաբերում է Հայաստանին։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԵՄ գնահատականը երկակի է․ մի կողմից՝ արձանագրվում են դատական, ոստիկանական և սահմանադրական բարեփոխումներ, մյուս կողմից՝ նշվում են մի շարք խնդիրներ՝ ոստիկանության կողմից ուժի հնարավոր չարաշահումներից մինչև դատական անկախության պակաս, նախնական կալանքի լայն կիրառում և քրեական արդարադատության հնարավոր օգտագործում այլակարծությունը ճնշելու համար։
ԵՄ պաշտոնական զեկույցը՝ «2025 Human Rights and Democracy in the World»։
Ոստիկանության գործողությունների վերաբերյալ՝ հետաքննությունները արդյունավետ չեն։ ԵՄ-ն նշում է, որ 2025-ին Հայաստանը շարունակել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, սակայն քաղաքացիական հասարակությունը քննադատել է դրանց հետևողականությունն ու առաջընթացը։ Զեկույցում մասնավորապես գրված է. «Civil society organizations also highlighted ineffective investigations into police abuse, in particular excessive use of force, lack of judicial independence, and excessive use of pre-trial detention in criminal proceedings»։
Այսինքն՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բարձրաձայնել են ոստիկանության կողմից չարաշահումների, մասնավորապես՝ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ ոչ արդյունավետ քննությունների մասին։ ԵՄ-ն նույն պարբերության մեջ նշում է նաև դատական անկախության պակասը և նախնական կալանքի չափից ավելի լայն կիրառումը։
Դատական անկախություն․ ԵՄ-ն խնդիր է տեսնում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում շարունակվել են դատական համակարգի բարեփոխումները՝ դատավորների բարեվարքությունը, հաշվետվողականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Սակայն ԵՄ-ն արձանագրում է. «concerns persist regarding transparency in judicial appointments and the effective implementation of integrity mechanisms»։
Այսինքն՝ մտահոգություններ են պահպանվում դատավորների նշանակման գործընթացի թափանցիկության և բարեվարքության մեխանիզմների արդյունավետ կիրառման վերաբերյալ։
Ընդդիմություն, այլակարծություն և քրեական արդարադատություն։ Զեկույցի ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է քրեական արդարադատության հնարավոր քաղաքականացմանը։ ԵՄ-ն գրում է. «The opposition and parts of civil society raised allegations of instrumentalization of the criminal justice system, which risks punishing dissent and undermining freedom of expression, also through a possible overuse of criminal law provisions concerning hooliganism»։
Այսպիսով, ԵՄ զեկույցում արձանագրվում է, որ ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության մի մասը մեղադրանքներ են ներկայացրել քրեական արդարադատության համակարգը գործիքավորելու վերաբերյալ, ինչը, ըստ այդ պնդումների, կարող է հանգեցնել այլակարծության պատժման և խոսքի ազատության խաթարման։ Առանձին նշվում է նաև խուլիգանության վերաբերյալ քրեական նորմերի հնարավոր չափից ավելի կիրառման խնդիրը։
Լրագրողների և իրավապաշտպանների դեմ SLAPP հայցերը՝ մտահոգության առարկա։ ԵՄ-ն անդրադառնում է նաև հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերին՝ այսպես կոչված SLAPP-ներին։ Զեկույցում նշվում է. «Similarly, strategic lawsuits against public participation (SLAPPs) remain a concern, targeting journalists, environmental activists and human rights defenders»։
Այսինքն՝ ԵՄ-ն շարունակում է մտահոգիչ համարել այն դատական գործընթացները, որոնք վերաբերում են լրագրողներին, բնապահպանական ակտիվիստներին և իրավապաշտպաններին։
Նախնական կալանքների լայն կիրառումը՝ շարունակվող խնդիր։ ԵՄ-ն հատուկ արձանագրում է. «The extensive use of pre-trial detention persists»։ Այսինքն՝ Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ նախնական կալանքի լայն կիրառումը։
Ի՞նչ է արձանագրել ԵՄ-ն՝ մեկ նախադասությամբ։ ԵՄ-ի 2025 թվականի գնահատականը կարելի է ամփոփել այսպես․ Հայաստանը բարեփոխումներ իրականացնում է, սակայն դրանց արդյունավետության ու գործնական կիրառման հարցում դեռ լուրջ խնդիրներ կան՝ հատկապես դատական անկախության, ոստիկանության կողմից ուժի կիրառման քննության, նախնական կալանքի, այլակարծության քրեականացման ռիսկերի, լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ SLAPP հայցերի, կալանավայրերում մահերի և զինծառայողների ոչ մարտական մահերի ոլորտներում»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































