Շիրակի մարզի հինգ գյուղերի դպրոցներում առաջին զանգ չի հնչել․ նոր ուսումնական տարին մեկնարկել է առանց առաջին դասարանցիների։
Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Ղումաշյանը։
Առաջին դասարանցիներ չունեցող դպրոցներից մեկը Աշոցք խոշորացված համայնքի Սարագյուղ բնակավայրում է, երկուսը Ախուրյանում՝ Նոր Ախուրյանում և Լեռնուտում, երկուսն էլ՝ Ամասիայի հեռավոր գյուղերում՝ Շաղիկում և Ալվարում։
Կարդացեք նաև
Aravot.am-ն անդրադարձել է Շաղիկ և Ալվար գյուղերի հիմնախնդիրներին՝ տեղում աշխատելով ու արձանագրելով, որ դրախտավայր հիշեցնող այս երկու գյուղերն էլ դատարկվում են ճանապարհների վատ լինելու ու բնակիչների՝ անտեսված զգալու պատճառով։
Արփի լճի ափին գտնվող սահմանամերձ Շաղիկն Ամասիայի ամենահեռավոր գյուղն է։ Այստեղ ոտք դնելուն պես՝ թվում է, թե մի ուրիշ աշխարհում ես հայտնվել․ տները գեղեցիկ, գերժամանակակից, դպրոցի շենքը նորակառույց, մարդիկ ունևոր, զբաղվում են անասնապահությամբ, երբեմն վարձու աշխատողներ պահում Գյումրիից։
Թվում է, թե չքնաղ բնություն ունեցող այս գյուղում շատերը պիտի ցանկություն ունենային ապրելու, արարելու, հատկապես որ ապրուստ ձեռք բերելու խնդիր ընդհանրապես չկա։
Սակայն դպրոցը տարիներ շարունակ փակման վտանգի տակ է, քանի որ մարդիկ մշտական բնակություն չեն հաստատում այստեղ, կարելի ասել կյանքը սեզոնային է, իսկ պատճառը գյուղ տանող ճանապարհը խայտառակ վիճակն է։ Ճանապարհն այնքան վատն է, որ մարդիկ նույնիսկ շտապօգնության մեքենա չեն կարողանում կանչել, ձմռանն էլ այն փակվում է, հետևաբար և գյուղն ու գյուղի դպրոցը նման խնդրի առաջ են կանգնում։
Ալվարը ևս դրախտավայր է հիշեցնում, այն ալ կարմիր ծաղիկների մեջ թաղված գյուղ է, որտեղ ձմռան ամիսներին կյանքը կարծես կանգ է առնում, գյուղի ճանապարհները պատվում են հաստ, անանցանելի ձնածածկույթով՝ բնակիչներին գրեթե զրկելով արտաքին աշխարհի հետ շփումից։
Այն ևս համարվում է Հայաստանի ծերացող գյուղերից մեկը, որտեղ երիտասարդներն ամուսնանալուն պես՝ հեռանում են։ Բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ գյուղում չմնալու պատճառներից մեկը ճանապարհներն են, ինչ-որ տեղ նաև ոռոգման ջուր չունենալը։ Այս գյուղի դպրոցը ևս բարեկարգ է, հարմարավետ, միայն թե աշակերտների խնդիր ունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































