«Կարող են և երկկողմ նորմալ հարաբերություններ լինել, խնդիրն այդ հարաբերությունների որակն ու նպատակն է։ Իսկ որակը հետևյալն է՝ Ադրբեջանը բացահայտ ասում է, որ իրենք հաղթող երկիր են, նախագահի մակարդակով ասվում է, որ ՀՀ-ն կապիտուլյացիայի է ենթարկվել, խաղաղությունն ուժի միջոցով է և իրենց պայմաններով»,-Aravot.am-ի փաստմանը՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ ՀՀ-Ադրբեջան անմիջական և երկկողմ շփման արդյունքում շատ պայմանավորվածություններ նաև գաղտնի են պահվում, որոնք հետո զիջման տեսքով ՀՀ-ն փաստացի կատարում է և հարցին՝ արդյոք այդտեղ վտանգ տեսնո՞ւմ եք, մանավանդ, որ Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո երկու երկրները հաղորդագրություն տարածեցին, որ «համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը», այսպես պատասխանեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նաև նշեց՝ Ադրբեջանի բարձր ղեկավարներից ասում են՝ մենք ինչ վերցրել ենք, ոչինչ չենք տալու, նորից պետք է զիջումների գնաք ու նշեց․ «Զիջումները կարող են լինել անկլավներ, Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը, ընդհանրապես ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունն իրենք պետք է վերահսկեն։ Չորորդ Հանրապետություն նշանակում է հրաժարվել բոլոր այն ամենից, ինչ կար՝ այդ թվում պատմության դասագրքեր, պատմության գնահատում, ազգային խորհրդանիշներ, արտաքին քաղաքականություն, քաղաքականություն եկեղեցու հետ, սփյուռքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն և այլն։ Եվ այդ երկկողմ հարաբերություններում հենց այդ խնդիրներն են դրված»։
Ըստ նրա՝ ի վնաս Հայաստանի աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում․ «Հարցը հետևյալն է, ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում մի կողմ է դրվում աշխարհաքաղաքական խնդիրը, որովհետև կան երկրներ, որոնք ունեն շահեր, մեր դեպքում ՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան և այլն։ Իսկ եթե տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվում է, դա կարող է բերել ընդհանրապես ՀՀ պետականության վերացման։ Խնդիրն ավելի գլոբալ է։ Խնդիրն այն չէ՝ թե հարաբերությունների բնույթը երկկողմ, եռակողմ, թե քառակողմ է, այլ բովանդակությունը»։
Մեր այն փաստմանը՝ Բիշքեկի հանդիպումից հետո հաղորդվեց նաև, որ «ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ» և դիտարկմանը՝ սա իշխանական թևի կողմից ներկայացվում է որպես հաղթանակ ու հարցին՝ իսկ ո՞րն է իրականությունը, Ստեփան Դանիելյանը պատասխանեց․ «Իրականությունն այն է, որ դրանք հիմնականում ռուսական ապրանքներ են, և ՌԴ-ն չի ցանկանում կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ մասնավորապես ՀՀ-ում։ Դրա համար ինքն այդ տարանցման ուղին օգտագործում է Ադրբեջանի միջոցով և ասում, որ ինքը ցանկանում է նաև մասնակցել ԹՐԻՓՓ-ի ճանապարհին, որից պետք է օգտվի Ռուսաստանը։ Բայց սպասել լուրջ զարգացումների մինչև ուկրաինական պատերազմի ավարտը, ես կարծում եմ՝ պետք չէ, որովհետև մինչև այդ ՌԴ-ն շատ զգույշ է լինելու Հարավային Կովկասում, որ այստեղ նույնպես ինչ-որ ռազմական կոնֆլիկտներ չլինեն։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո կարող են լուրջ փոփոխություններ լինել արդեն Հարավային Կովկասում։ Բիշքեկի հանդիպումն այն է, որ ՌԴ-ն փորձում է մնալ Հարավային Կովկասում, և նաև մյուս կողմից ինքը կտրուկ քայլերի պատրաստ չէ, քանի դեռ ուկրաինական պատերազմը կա։ Տեսականորեն, եթե Փաշինյանը գնա զիջումների, ՌԴ-ն նույնպես կարող է զիջումների գնալ։ ՌԴ-ի խնդիրը ժամանակ շահելն է»։
Կարդացեք նաև
Նշենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ կապված Արարատ Միրզոյանը նշել էր՝ մեր ռուսաստանցի գործընկերները ավելի մեծ հարգանքով պետք է վերաբերվեն ինքնուրույն որոշումներ կայացնելու` մեր իրավունքին. «Նրանք իզուր են փակել մեր ապրանքների մուտքը ռուսաստանյան շուկա։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ունենք բոլոր իրավունքները և պարտականությունները: Հայաստանն իր պարտականություններն անթերի կատարել է»:
Հետաքրքրվեցինք՝ Բիշքեկում հանդիպումները կարագացնե՞ն սահմանազատման գործընթացները՝ մասնավորապես նաև անկլավների հարցով, Ստեփան Դանիելյանը պատասխանեց․ «Անկլավների հարցն Ադրբեջանի համար ամենակարևոր հարցը չէ։ Իրենց համար ամենակարևորը ԹՐԻՓՓ-ի ճանապարհը թուրք-ադրբեջանական միջանցք դառնալն է։ Մնացած բոլոր հարցերը ճնշման միջոցներ են այդ գլխավոր խնդրում արդյունքի գալու համար։ Եթե այդ գլխավոր խնդրում իրենք հասնեն միջանցքի տրամաբանությամբ ճանապարհի բացմանը և նաև հաշվի առնելով, որ Նախիջևանից Կարս երկաթուղի է կառուցվում, արդեն մնացած ճանապարհներն իրենց համար կլինեն երկրորդական, բայց դրանք առաջնային են Իրանի և ՌԴ-ի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































