Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին առևտրի շուկաների սահմանափակ աշխարհագրությունը երկիրը դարձնում է խոցելի մեկ կամ մի քանի գործընկերների քաղաքական, մաքսային որոշումների նկատմամբ. «Փաստ»

Սեպտեմբեր 01,2026 10:49 Share

Վտանգավոր է ոչ միայն այն, որ արտահանման ծավալները պակասում են, այլև այն, որ տնտեսության ներսում առևտրային ակտիվությունը ևս թույլ է։ 2026 թ. հուլիսին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,1 տոկոսով, նույնպիսի անկում էր արձանագրվել նաև հունիսին, իսկ հունվար–հուլիս ամիսների կուտակային աճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս՝ հունվար–հունիսի 0,9 տոկոս ցուցանիշի համեմատ դանդաղելով դարձյալ 0,1 տոկոսային կետով։

Սա կարևոր է, որովհետև արտաքին առևտրի խնդիրները հաճախ առաջին հերթին երևում են սահմանային վիճակագրության մեջ, բայց հետո փոխանցվում են ներքին շուկային՝ բիզնես շրջանառության դանդաղման, պահեստային պաշարների ավելացման, շահութաբերության նվազման, հարկային մուտքերի հնարավոր թուլացման և սպառողական վարքի փոփոխության տեսքով։ Եթե ներմուծումն աճում է, բայց ներքին առևտրի աճը գրեթե կանգնած է, առաջանում է հարց՝ այդ ներմուծման ո՞ր մասն է իրականում տնտեսական ակտիվություն ստեղծում, իսկ ո՞ր մասն է պարզապես մեծացնում ապրանքային կախվածությունը։ Եթե ներմուծված ապրանքը չի վերածվում արտադրանքի, ծառայության, վերամշակված արտահանման կամ ներքին հավելյալ արժեքի, ապա այն տնտեսությունից դուրս է հանում արժութային ռեսուրսներ՝ առանց համարժեք ներքին եկամտի ստեղծման։

Հայաստանի նման փոքր և բաց տնտեսության համար արտաքին առևտրի կառուցվածքային անհավասարակշռությունը ունի մի քանի շերտային վտանգ։ Առաջինն արժութային և վճարային հաշվեկշռի ռիսկն է։ Երբ ներմուծումն էապես գերազանցում է արտահանումը, երկիրը պետք է այդ տարբերությունը ֆինանսավորի այլ աղբյուրներով՝ ծառայությունների արտահանմամբ, դրամական փոխանցումներով, օտարերկրյա ներդրումներով, վարկերով, պահուստների օգտագործմամբ կամ կապիտալի ներհոսքով։ Եթե այդ աղբյուրներից որևէ մեկը թուլանում է, առևտրային պակասուրդը կարող է ճնշում գործադրել ազգային արժույթի վրա։ Երկրորդը արտադրական ռիսկն է։ Արտահանման անկումը նշանակում է, որ տեղական արտադրողները կորցնում են արտաքին շուկաներ, բախվում են գների, որակի, լոգիստիկայի կամ քաղաքական սահմանափակումների խնդիրների, կամ էլ պարզապես չեն կարողանում պահպանել մրցունակությունը։ Երրորդը հարկաբյուջետային ռիսկն է։ Ներմուծման աճը կարճաժամկետ կարող է ավելացնել մաքսային և ԱԱՀ մուտքերը, բայց եթե ներքին արտադրությունը թուլանում է, երկարաժամկետում նվազում է շահութահարկի, եկամտային հարկի, աշխատատեղերի և ներդրումային ակտիվության հիմքը։ Չորրորդը սոցիալական ռիսկն է, քանի որ արտահանող ճյուղերում անկումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման՝ հատկապես գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության և փոքր ու միջին արտադրողների շրջանում։ Հինգերորդը աշխարհաքաղաքական ռիսկն է, քանի որ արտաքին առևտրի շուկաների սահմանափակ աշխարհագրությունը երկիրը դարձնում է խոցելի մեկ կամ մի քանի գործընկերների քաղաքական, մաքսային, սանիտարական, լոգիստիկ կամ արժութային որոշումների նկատմամբ։

Առանձնապես զգայուն է Ռուսաստանի շուկայի գործոնը։ Հայաստանի արտահանման զգալի մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ տարածք, իսկ այդ ուղղության ցանկացած սահմանափակում, վարչարարական խստացում, լոգիստիկ խոչընդոտ կամ պահանջարկի անկում անմիջապես ազդում է հայկական արտադրողների վրա։ Ու պարզ է, որ վերջին շրջանում Ռուսաստանի կիրառած սահմանափակումներն էապես ազդելու էին Հայաստանի անտահանման դինամիկայի վրա՝ չնայած Փաշինյանի կառավարությունը վստահեցնում էր, թե Հայաստանը չի տուժի։ Իրականում արտահանման ուղղությունների բազմազանեցման խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Դրա համար էլ արտահանման կառուցվածքի թույլ դիվերսիֆիկացիան խոցելի իրավիճակ է ստեղծում։

Փոքր տնտեսությունների համար արտահանման ծավալը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է դրա որակը՝ ինչ ապրանք է արտահանվում, ինչ հավել յալ արժեք ունի, որքանով է այն տեխնոլոգիական, որքանով է կախված հումքային գներից, արդյոք ունի կայուն պահանջարկ և որքանով կարող է մրցել տարբեր շուկաներում։ Եթե արտահանման մեծ մասն առաջանում է հումքային, կիսամշակված, գյուղատնտեսական կամ սահմանափակ վերամշակմամբ ապրանքներից, ապա երկիրը դառնում է գների և եղանակային պայմանների, բերքատվության, արտաքին պահանջարկի, մաքսային կանոնների և լոգիստիկ ուղիների պատանդ։ Եթե արտահանումը հիմնված է վերաարտահանման ժամանակավոր հոսքերի վրա, ապա այն առավել խոցելի է միջազգային պատժամիջոցների, վերահսկողության, մաքսային ճնշումների և գործընկեր երկրների կարգավորումների փոփոխության նկատմամբ։

Եթե արտահանումը չունի կայուն արտադրական հիմք, ցանկացած արտաքին շոկից հետո վիճակագրական բարձր աճերը կարող են արագ փոխարինվել կտրուկ անկմամբ։ Հայաստանի վերջին տարիների արտաքին առևտրային տատանումները հենց սա են ցույց տալիս. թվերը կարող են ժամանակավորապես մեծանալ որոշ ապրանքային հոսքերի պատճառով, բայց եթե դրանց հիմքում տեղական արտադրողականության աճը չէ, ապա դրանք չեն ստեղծում կայուն տնտեսական անվտանգություն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930