ԱԺ նիստի ժամանակ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանի թեկնածությանը նվիրված քննարկման ժամանակ հարցուպատասխանից հետո մտքերի փոխանակության համար գրանցվեցին մեծ թվով պատգամավորներ՝ 40-ը։
Այս առիթով ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հայտարարեց․ «Սա խորհրդարանական մշակույթում կոչվում է ֆիլիբաստեր։ Այն սկզբունքն է, երբ պատգամավորները փորձում են առավելագույնը ձգել որևէ հարցի քննարկումը՝ այս կամ այն քաղաքական նպատակադրումից ելնելով։ ՔՊ-ն միայն ուրախ և երջանիկ է այս հարցի կապակցությամբ»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ արձագանքեց․ «ՔՊ խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ԱԺ աշխատանքները և բնականոն գործունեությունը։ Օգոստոսի 2-ից աշխատում ենք, արդեն 16-րդ նիստն է, և մենք դեռ չենք անցել մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկմանը։ ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը միտված է ընդամենը ԱԺ հետագա 5 տարիների աշխատանքի կազմակերպմանը։ Ֆարմանյանը կլինի, թե Մանուկյանը, թե մեկ ուրիշը, դրանից ԱԺ կյանքում, էդ մարդկանց կյանքում էական բան չի փոխվում․ ընդամենը պետք էր ապահովել ֆունկցիոնալ ընթացքը։ Ես առաջարկել էի ստեղծել ոչ թե 12, այլ 6 հանձնաժողով։ Եթե այդ առաջարկն ընդունված լիներ, մենք վաղուց ավարտած կլինեինք հանձնաժողովի ձևավորումը և անցած կլինեինք օրակարգային այլ հարցերի։ Չեմ կարողանում հասկանալ՝ էս ամեն ինչը էս ձևի ձգձգելու, սաբոտաժի իմաստը ո՞րն է։ Սա սաբոտաժ է ոչ միայն ԱԺ-ի բնականոն գործունեության, այլև՝ կառավարության գործում։ Կարևոր հարցերը թողած՝ պատրաստի թեկնածուներին առաջադրված, առանց որևէ քաղաքական բացատրության, հիմնավորման, ասում են՝ չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա։ Ես անհամբեր եմ իր հետ՝ իմ հանդիպմանը, թե դուք ինչի՞ չեք ուզում էդ մարդը գա ստեղ, չեմ հասկանում։ Իր հեղինակությամբ եկել, նստել եք ստեղ, չեք ուզում՝ գա այստեղ։ Բա կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք։ 16 նիստ ենք արել, դեռ ստեղ չեն եկել։ Ի վերջո այնպես պիտի անենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն գա Սամվել Կարապետյանը, բայց առայժմ շուտ է՝ մեկ անգամ ծրագիր ներկայացնելու հնարավորություն պետք է ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, հետո հեռացնել։ Առաջ եք ընկել իրադարձություններից, խափանում եք նույնիսկ նրա մուտքը ԱԺ»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































