Այսօր ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գյումրու թիվ 41 դպրոցում Շիրակի մարզի դպրոցի տնօրենների օգոստոսյան խորհրդակցության անցկացրեց՝ ներկայացնելով կրթական ծրագրերում սպասվող նորությունները։
Նա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ շնորհակալագրեր հանձնեց լավագույն մանկավարժներին։
Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է կազմակերպվելու գյուղերի դպրոցահասակ երեխաների տեղափոխումը հարևան գյուղ, որտեղ կառավարությունը մոդուլային նոր դպրոց է կառուցել՝ միավորվելով առնվազն երեք գյուղական համայնքների դպրոցներ։
Կարդացեք նաև
Այս թեման բողոքի մեծ ալիք է բարձրացել Շիրակի մարզի գյուղական համայնքներից շատերում, օրինակ՝ վերջին շրջանում Ամասիայի հեռավոր, սահմանամերձ Մեղրաշատ գյուղում, որտեղ դպրոցը բարեկեցիկ, նորմալ պայմաններում է, իսկ ներհամայնքային ճանապարհներն ահավոր վիճակում են, ձմռան սառնամանիքին օրերով փակ են, հետևաբար և դժվար կլինի երեխաներին տեղափոխել։
Այս դեպքում կառավարությունը որոշել է միավորել երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Ողջիի ու Բյուրակնի դպրոցները, ու այս նպատակի համար Բյուրակնում նոր դպրոց է կառուցում։
Արաքսիա Սվաջյանն ասաց. «Հաշվի առնելով դպրոցաշինության մեծ ծավալները՝ մենք մշտապես երեխաներին տեղափոխելու խնդիր ունենք, հատկապես 300 դպրոց ծրագրի շրջանակում, իսկ Գյումրիում շատ մեծ թվով դպրոցներ են ընդգրկված եղել ծրագրում, ոչ միայն Գյումրիում, այլ՝ Շիրակիում, Գյումրիում առավելապես։
Կառուցապատման ժամանակ երեխաները տեղափոխվել են մեկ այլ հաստատություն, այդ ընթացքում, եթե հեռավորությունն ավելի մեծ է եղել, քան ոտքով գնալու հնարավորությունն է, մարզպետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է տրանսպորտային ծառայություն, և պետությունը փոխհատուցել է։
Մենք նոր 300 դպրոցի ծրագրի ցանկն ենք կազմում, և տեղափոխման խնդիրը կրկին լինելու է։ Ինչ վերաբերում է դպրոցների խոշորացմանը, որակյալ դպրոցներում կրթության կազմակերպման հնարավորությունների ընձեռմանը, այս մասին բազմիցս խոսել ենք, որ հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ սովորողների թիվը փոքրաքանակ է, և դա էական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա, պետության կողմից ստեղծվում են նոր, բարվոք, ավելի ժամանակակից պայմաններ։
Շեշտադրումը կատարում ենք ոչ միայն միջավայրային պայմաններին, այլ ավելի բարձր կարողություններ ունեցող ուսուցչական անձնակազմի ապահովման, գրավիչ կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ և, բնականաբար, եթե մենք օրինակ առաջարկենք, որ մի բնակավայրից մի այլ բնակավայր երեխան հաճախի դպրոց, մենք մի քանի տարբերակներ ենք մտածել։
Վերջերս կառավարության որոշմամբ հաստատվել է դպրոցականների տրանսպորտի փոխհատուցման կարգը, որի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ երեխան իր բնակավայրում չի գնա դպրոց, այլ կգնա հարակից բնակավայրում նորակառույց դպրոց, օրական 2 հազարական դրամ փոխհատուցման հնարավորություն կունենա։ Սա հաշվարկվել է, որ ծնողը պետք է մեկ անգամ տանի երեխային, մեկ անգամ բերի, հետևաբար ծնողները ինչպես կկազմակերպեն, մի քանի ծնողով կմիանան և մեքենայով կտեղափոխեն, թե տաքսի ծառայություն կվարձեն, արդեն սա թողել ենք ծնողների հայեցողությանը։
Բայց զուգահեռաբար ավելի խոշոր ծրագիր ենք մշակել՝ դպրոցական ավտոբուսների ձեռք բերման ծրագիրը, որովհետև ամեն դեպքում տրանսպորտի փոխհատուցումը որպես միջանկյալ լուծում է դիտարկվում, ավելի անվտանգ ու ապահով դա կազմակերպելու համար դպրոցական ավտոբուսներ ենք ձեռք բերում։
Եվ կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ հաստատվեց արդեն հինգ ավտոբուսների ձեռք բերման հնարավորությունը։ Առաջիկայում ձեռք կբերենք հինգ ավտոբուս, որոնք հատուկ առանձնացված գույն կունենան, դեղին գույն կունենան, այնպես կահավորված կլինեն, որ բոլորի համար տեսանելի կլինի, որ դրանք դպրոցական ավտոբուսներ են, դրանք որոշակի ստանդարտների են համապատասխանելու, օրինակ՝ արագության գերազանցման ամրագոտիների և այս բոլորի հետ կապված, ուղեկցողներ են պարտադիր լինելու ավտոբուսներում, որպեսզի երեխաներին ընդունեն ծնողներից, տեղափոխեն դպրոց, օրվա վերջում երեխաներին կտեղափոխեն տուն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































