ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է հայկական գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է», – «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը՝ նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումից հետո։ Հայտնել է «Ազատություն» ռ/կ-ն։
Հանդիպումը կայացել է Ալմաթիում՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում։
Կարդացեք նաև
Լուտը որպես անվերապահ առաջնահերթություն նշել է Ռուսաստան մատակարարվող ապրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր ավելի ուշ հայտնել է, որ Գևորգ Պապոյանն Ալմաթիում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։
«Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման և Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
Նախարար Պապոյանն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը կարևոր նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։



















































