Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, կարծում եմ՝ այդպես»․ Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրանաշենը ՀՀ քարտեզից դուրս թողնելու մասին

Հուլիս 09,2026 13:25 Share

«Այո, կարծում եմ այդպես, որովհետև մենք ասում ենք՝ բա Ջերմուկի տարածքները և այլն։ Այսինքն՝ մենք պետք է հստակ արձանագրենք, որ եթե գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն իրենն է, նշանակում է՝ Ջերմուկի՝ օկուպացված մեր տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք»,- հարցին՝ Դուք կարծում եք, որ Տիգրանաշենի հարցը հիմա պետք է քննարկման առարկա՞ դառնա այնքանով, որ մեր քարտեզից դուրս դրվի, ինչպես Արծվաշենը Ադրբեջանի քարտեզում է կարմիր, մեզ մոտ էլ Տիգրանաշե՞նը նշվի, և արդյոք արդեն հստա՞կ է, որ փոխանակման հարց է դրված սեղանին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ ասաց. «Ուզում եմ ուշադրություն հրավիրել, ես այդ նրբությունը չէի նկատել, բայց աշխատանքի ընթացքում այդ նրբությունը նկատեցի, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև դա է բխում պայմանավորվածություններից և նախաստորագրված համաձայնությունների տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև ՀՀ քաղաքացիների կողմից փաստացի այն ընտրություններով արժանացել է հավանության։ Այս նրբության մասին ես մեկ ամիս առաջ եմ իմացել։ Ենթադրում եմ, որ հիմա Արծվաշենում էլ մարդիկ են ապրում, երևի, բայց սա փաստ է, որը շատ էական է, այդ թվում մեր քաղաքականությունն ու վերաբերմունքը մշակելիս։

Մենք պետք է հասկանանք նաև, որ սա կարևոր նրբություն ունեցող հարց է, որը հետևյալն է ազդարարում՝ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե այն տրամաբանությամբ, որ ով, ինչ վերցրել է իր վերահսկողության տակ, ապա դա իրեն է պատկանում, այլ պետք է առաջնորդվենք խաղաղության պայմանագրի տրամաբանությամբ․ այն, ինչ դե յուրե քարտեզներով որը ում պատկանում է, այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք։ Սակայն մենք կարող ենք սահմանային օպտիմալացումներ իրականացնել»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մենք պետք է գնանք այն քարտեզներով, որը դրված է սեղանին և որով սահմանազատում իրականացվել է Տավուշում․ «Անկլավ նկատի ունեմ Արծվաշենը, Խեյրիմլին, Բարխուդարլուն, ինչն ակնհայտ իրողություն է։ Ինչքան չլուծենք այդ հարցերը, դա դառնալու է մի կետ, որը ներքին ու արտաքին ուժերը օգտագործելու են ՀՀ-ն ավելի խոցելի դարձնելու համար»։

«Երբ որ կլինեն տարբերակներ, այդ տարբերակներով մենք ժողովրդի առաջ հանդես կգանք։ Ես ընդամենը ասում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ հարցը կա, իրավիճակը հայելային է։ Ինչ լուծում Արծվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Որովհետև եթե մենք ասենք՝ գիտեք ինչ, չէ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ, հա, Ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մեր կոնտրոլի տակ է», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կան սահմանազատման գործընթացում, մասնավորապես Բայրամովը խոսել էր անկլավային գյուղերի խնդրի մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք։ Մենք նույնպես այդ թեմայով շարժառիթներ ունենք, քանի որ Արծվաշենը գտնվում է Ադրբեջանի ներքո, սակայն ՀՀ ինքնիշխան տարածք է 1991-ի Ալմաթայի հռչակագրի սկզբունքներով։ Չեմ կարող հայտարարել, որ անկլավների-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք։ Մենք պետք է գնանք ու այդ հարցերին լուծում տանք»։

Բաքուն մասնավորապես պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ «Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին», – ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031