Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է լուրջ քննարկենք այս հարցը, արդյոք այս ընտրություններն առհասարակ լեգիտի՞մ են, թե՞ ոչ». Գրիգոր Երիցյան

Հունիս 21,2026 18:00 Share

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից ակնհայտորեն դժգոհ են նաև իշխանական եւ իշխանամերձ որոշ շրջանակներ, որոնք արդեն բազմիցս արտահայտել են մասնավորապես այն կշտամբանքը, թե ԿԸՀ-ն պետք է գնահատական տար ընտրակաշառքների վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններին։ Վահագն Հովակիմյանը սրան ի պատասխան նշել էր, որ ԿԸՀ-ն չի կարող հանդես գալ դատավորի դերում և գործել մինչև դատարանի վճիռները։ Նրա խոսքով՝ իրավական հետևանքներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե դատարանը փաստի, որ ընտրախախտումը կազմակերպվել է կուսակցության մակարդակով, այլ ոչ թե առանձին անձանց կողմից։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այս մասին հիշատակմանն ի պատասխան՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը, որի կազմակերպության դիտորդական առաքելությունը հետեւում էր ընտրություններին շուրջ 100 դիտորդներով 300 ընտրատեղամասերում՝ ասաց. «Իմ կարծիքով, դժգոհությունը և դժգոհության իմիտացիան մի քիչ տարբեր բաներ են։ Ես այնուամենայնիվ չեմ կարծում, որ իշխող կուսակցությունը դժգոհ է իր իսկ նշանակած անձից, քանի որ այս իրավիճակում, երբ ԿԸՀ-ն մեկնաբանում է օրենքը փաստացի այսպես, այն մեկնաբանում է հօգուտ իշխող կուսակցության։ Այսինքն մասնավորապես՝ քաղաքական մեկնաբանություն է ԿԸՀ-ի կողմից, որ ասում են՝ եթե հիմա նոր վերաքվեարկություն անենք, ընտրողը տակտիկական քվեարկությամբ կգնա, և ԲՀԿ-ն կհայտնվի խորհրդարանում։ Այսինքն՝ ստացվում է, որ այս որոշումը ԿԸՀ-ն կայացնում է հօգուտ իշխող կուսակցության։ Այդ պատճառով կարծում եմ, որ այդ դժգոհություններն իրականում ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու նպատակ ունեն և ոչ թե իրական դժգոհություններ են։ Իսկ իրականում ԿԸՀ ղեկավարը կատարել է բոլոր այն պահանջները, որոնք իշխող կուսակցությունը ներկայացրել է»։

Հիշեցնենք, որ քննադատությանն ի պատասխան, թե ինչու 3 ընտրատեղամասերի քվեարկությունն անվավեր ճանաչելուց հետո՝ ԿԸՀ-ն վերաքվեարկություն չնշանակեց՝ ԿԸՀ նախագահի փաստարկն է, թե այդ 3 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ու նաեւ՝ «Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը»։

Անդրադառնալով ընտրակաշառքի ահազանգերի բացահայտումների հիմքով 3 կուսակցությունների ընտրարշավից դուրս թողնելու վերաբերյալ պահանջներին՝ Գրիգոր Երիցյանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ մի երկրում ոչ մի Կենտրոնական ընտրական հանձնաժողով չի գնում նման որոշման։ Շատ քիչ դեպքեր կան, որ մի կուսակցության արգելես մասնակցել, երբ դատական վճիռներ չկան, և ընդամենը ինչ-որ ձայնագրություններ են հրապարակվում, կամ կա որոշակի տեղեկատվություն, որը դեռ դատարանի վճիռ չէ։ Այդ պատճառով՝ չեմ կարծում, որ ԿԸՀ-ն այսպես թե այնպես նման որոշում կայացնելու էր»։

Դիտարկմանը, թե պաշտպանեցիք Վահագն Հովակիմյանին՝ արձագանքեց. «Այդ մասով՝ այո, որովհետև նման որոշում կայացնելու դեպքում ընդհանրապես այս ընտրությունների լեգիտիմացիան ընկնելու էր, այսինքն՝ մրցակցություն որպես այդպիսին չէր լինելու, և դաշտում փոխվելու էր քաղաքական պատկերը։ Սա կնշանակեր, որ հանձնաժողովը միջամտում է հանրապետությունում ընտրական պրոցեսին, և մենք շատ ուրիշ պատկերի խորհրդարան էինք ունենալու այդ դեպքում։

Եթե իրապես, ինչպես վարչապետը նշում է, որ իր ձայները 100% օրգանիկ են, իսկ ընդդիմության ձայները բոլորը կեղծված, դա նշանակում է, որ այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչել և գնալ նոր ընտրությունների, որովհետև առնվազն 40%-ը ձայների, որոնք ընդդիմադիր են, ստացվում է, որ կեղծված են։ Իսկ ո՞ւմ լիազորությունն է ապահովել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն, քաղաքացու քվեն տեղ հասնի… Տվյալ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, բայց նաև մեր պետության՝ ի դեմս իշխանությունների. իրենք պետք է ապահովեն այնպիսի իրավիճակ, որ որևէ ձայն չկեղծվի։ Ընդունել, որ առնվազն 50%-ը ձայների կեղծված է՝ ընդունել է, որ այս ընտրությունը պետք է չեղարկվի։ Դրա համար պետք է նաեւ լուրջ քննարկենք այս հարցը, արդյոք ընտրությունները առհասարակ լեգիտիմ են, թե ոչ։ Հիմա մի պրոցես կա ընդդիմության, իշխանությունների եւ բոլոր կողմերից՝ ապալեգիտիմացնել ընտրությունների գործընթացը, որի իմաստը և օգուտը մեր պետությանն ու պետականության համար ես չեմ հասկանում»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930