Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման արտահոսքի հնարավորությունը կա, բայց ես դա «վտանգ» չէի անվանի, այլ հնարավորություն զարգացնելու և ընդլայնելու մասնագիտական կայացման ասպարեզը»

Մարտ 24,2026 12:20 Share

Aravot.am-ի զրուցակիցն է արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը։

-Կոնսերվատորիայի պաշտոնական լրահոսին ծանոթանալով՝ նկատում ենք, թե որքան հագեցած է տարին սկսվել կրթամշակութային ձեր բուհում՝ համերգային ծրագրեր, հրավիրված մասնագետների զրույց-հանդիպումներ, և այդ շարքում առավել մեծ տեղ են զբաղեցնում վարպետության դասերը: Իհարկե, վերջիններս անցկացվում են նաև Երևանի մյուս մշակութային բուհերում, դրանց մարզային կառույցներում, պետական նվագախմբերում, օպերային թատրոնում, բայց մեր դիտարկմամբ՝ ոչ այդքան հաճախակի։

-2026 թվականը մեկնարկել ենք շատ հագեցած։ Վարպետության դասերը բուհի միջազգայնացման ամենակարևոր գործոններից են: Դրանց շնորհիվ բուհի ուսանողները հնարավորություն են ունենում, չկտրվելով ընդհանուր ուսումնական գործընթացից, իրենց իսկ հաստատությունում ծանոթանալու, շփվելու համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, անմիջական խորհրդատվություն ստանալու միջազգային հեղինակավոր կոնսերվատորիաներում փորձառություն ստացած մասնագետներից կամ պարզապես ներկա գտնվելու նրանց պարապմունքներին:

Վարպետության դասերը նաև լավագույն միջոցն են բուհի միջազգային վարկանիշի բարձրացման կարևոր գործընթացում: Հրավիրված մասնագետները վարպետության դասերի մասնակիցների շնորհիվ պատկերացում են կազմում Երևանի կոնսերվատորիայի ներկայիս ուսանողության ընդհանուր մակարդակի, հնարավորությունների մասին, նաև, որը ամենից կարևորն եմ համարում, մեր հարյուրամյա բուհի հարուստ կատարողական և ստեղծագործական ավանդույթների մասին:

Վարպետության դասերը երկուստեք հարստացնում են մասնակիցներին նոր տպավորություններով, համագործակցության նոր հնարավորություններով։

-Կա՞ արդյոք վտանգ, որ վարպետության դասերի արդյունքում տաղանդավոր որոշ ուսանողներ որոշում կայացնեն ուսումն ընդհատել Երևանում և այն շարունակեն հրավիրյալ մասնագետի մոտ՝ արտերկրում։

-Նման արտահոսքի հնարավորությունը կա, բայց ես դա «վտանգ» չէի անվանի, այլ հնարավորություն զարգացնելու և ընդլայնելու մասնագիտական կայացման ասպարեզը: Չի կարելի պարփակվել միայն սեփական տարածքում, անընդհատ նույն դեմքերը տեսնել, նույն կատարողական «դպրոցների» ավանդույթներում եփվել: Երբեմն նույն խորհուրդը, մեկնաբանման մոտեցման նույն կարծիքը, որ բազմիցս հնչել է մասնագիտական դասարանի պրոֆեսորի կողմից, մեկ այլ մասնագետի կողմից բարձրաձայնվելուց հետո առավել հիմնավոր և համոզիչ է ընկալվում ուսանողի կողմից: Չեմ բացառում, որ հրավիրված մասնագետի կողմից կարող է հնչել ալտերնատիվ կարծիք…

-Ի՞նչ միջոցներով են հրավիրվում վարպետության դասերի մասնագետները։

-Մեծ մասամբ հրավիրված մասնագետները գալիս են «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում, բոլոր ծախսերը այս դեպքում ծրագիրն է հոգում: Ծրագրից դուրս բազմաթիվ մասնագետներ ենք հյուրընկալել, որոնք անշահախնդիր՝ իրենց սեփական նախաձեռնությամբ և միջոցներով պատրաստակամություն են հայտնում այցելելու կոնսերվատորիա և օգտակար լինելու բուհին խորհրդատվությամբ, ելույթներով կամ պարզապես մասնագիտական քննարկումներով:

-Իսկ ձեր՝ կոնսերվատորիայի մասնագետները ի՞նչ չափով են ներգրավված փոխանակման ծրագրերում։

-Մեր մասնագետները նույնպես մեկնում են այլ երկրների բուհեր՝ ոչ այն չափով, որքան ընդունում ենք դրսից, սակայն տարեցտարի աճում է նաև մեր մասնագետների արտագնա գործուղումների քանակն ու աշխարհագրությունը: Նշենք, որ խնդիրը ոչ այնքան ֆինանսական է, թեև կոնսերվատորիայի ներկայիս բյուջեն բավական համեստ հնարավորություններ ունի: Շատ դեպքերում դա կապվում է մասնակիցների լեզվի իմացության, հաղորդակցման կարողությունների հետ:

Այս ուղղությամբ առաջնահերթ անելիքներ ունենք, որպեսզի օտար լեզուն խոչընդոտ չհանդիսանա մեր լավագույն մասնագետների փորձն ու կարողությունները ցուցադրելու արտերկրի առաջատար հեղինակավոր երաժշտական հաստատություններում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Թվարկենք մեկ-երկու երաժիշտների հնչեղ անուններ, որոնք տարեսկզբից հյուրընկալվել են Երևանի կոնսերվատորիայում. Ռոբերտո Տուրրին՝ իտալացի դաշնակահար, G. Tartini Conservatory of Music-ի նախկին տնօրեն, Արտուրաս Անուսաուսկաս՝ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի ջազի ամբիոնի ղեկավար, Ֆին Էլիաս Սվիթ՝ դանիացի կիթառահար, Aalborg International Guitar Festival-ի հիմնադիր նախագահ, Ֆրանսուա Պինո-Բենուա՝ Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայի ջութակի պրոֆեսոր… Մարտի 26-ին կկայանա դաշնակահարուհի, Աջարիայի մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի վարպետության դասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031