«Այնպես ստացվեց՝ միակ փոփոխությունը, որ տեղի ունեցավ, դիտորդական առաքելության հետ էր կապված, մինչդեռ դրանից առաջ արդեն մի քանի ամիս քննարկում էինք նաև ֆինանսական թափանցիկության հետ կապված կարգավորումները կուսակցությունների մասով։ Մենք կարծում էինք, որ սրանք շատ ավելի լայն, էական խնդիրներ են, քան դիտորդական առաքելության չեզոքությունը։ Ու ստացվեց այնպես, որ դիտորդական առաքելության հետ կապված կարգավորումները շատ ավելի հեշտ էր իրականացնել և դրանք իրականացվեցին, մինչդեռ մյուսները, որոնք շատ ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ ընտրությունների գործընթացի վրա, չարվեցին»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Դիտորդների գործունեության նոր կարգ. սահմանափակո՞ւմ, թե՞ կարգավորում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման գործընթացի խստացումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը։
Վարդինե Գրիգորյանը նշեց, որ փոփոխությունների առաջարկությունը բխել է իրենցից. «Եթե մենք ինչ-որ բան պահանջում ենք կուսակցություններից, դաշինքներից, որ ֆինանսական թափանցիկություն ապահովվի, այդ նույն կանոններին մենք ևս պետք է համապատասխանենք։ Կան դիտորդական առաքելություններ, որոնք ծախսում են շատ մեծ գումարներ, որոնց ծագումն անհայտ է։ Բայց բոլորս գիտակցում ենք, որ դիտորդական առաքելությունները չեն ընտրությունների խնդիրը, իրենք չեն ստեղծում անհավասար պայմաններ կամ իրավիճակներ, որտեղ ընտրությունների անաչառությունը կարելի է կասկածի տակ դնել։ Այդ առումով փոփոխությունները միայն դիտորդական կազմակերպությունների մասով սխալ էր, այլ պետք է լիներ ամբողջական»։
Հարցին՝ իսկ ի՞նչ գործոններ են ազդում ընտրությունների վրա, ի՞նչ մտահոգություններ ունեն, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց․ «Մեզ ավելի շատ մտահոգում են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման և հաշվետվությունների թափանցիկության հարցերը։ Մեր օրենսդրությունը չնայած նախատեսում է կուսակցությունների ցանկացած գործունեություն, բայց կուսակցությունների կողմից քաղաքական գործունեությունը չի սահմանափակվում կուսակցական հաշիվներով և միջոցներով։ Նախընտրական հիմնադրամի մասով կարգավորումները հստակ են, սահմանափակումների ժամանակահատվածում ծախսերը միայն նախընտրական հիմնադրամից պետք է կատարվեն, այս ժամանակահատվածից դուրս քարոզչությունը որևէ կերպ չի արգելվում ու սահմանափակվում, և մենք տեսնում ենք իրավական և այլ առումներով որևէ առնչություն չունեցող միավորների կողմից քաղաքական քարոզչությանն ուղղված ֆինանսական հոսքեր, որոնք որևէ հաշվետվության չեն ենթարկվում։ Տարբեր հիմնադրամների, ՍՊԸ-ների միջոցով իրականացվող քարոզչության ծախսեր են, որոնք ստեղծում են անհավասար պայքար տարբեր ուժերի միջև»։
Հայաստանի խնդրանքով ԵՄ-ի աջակցությունը Վարդինե Գրիգորյանը միջամտություն համարելը մանիպյուլատիվ բնութագրեց ու նշեց․ «Մենք խոսում ենք աջակցության մասին, որի համար դիմել է ՀՀ-ն․ չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարելի է համարել միջամտություն։ Տարածաշրջանի այլ երկրների փորձը մենք տեսել ենք, դիտարկել ենք, հասկացել ենք, որ այդ ազդեցությունը կարող է նաև մեր երկրում տեղի ունենալ»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ր երկրից է բացասական ազդեցությունը՝ ուղղված ՀՀ-ին, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց․ «Փաստացի եղած դիտարկումներով՝ գոնե մեր դիտարկումներով, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի



















































…չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարելի է համարել միջամտություն…2026
…չեմ պատկերացնում, թե դրոնները ինչպես կարելի է համարել համարժեք կալաշնիկովին…2020
Պատկերացնել անունակներ, դո’ւրս իշխանությունից: