ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցերը։
Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Այս համատեքստում ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական և գործարար կապերի, ներդրումային ծրագրերի խթանման տարբերակները, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաև նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակը և զբոսաշրջության ծավալները։
Արարատ Միրզոյանը և Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը։
Կարդացեք նաև
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունը՝ ի նշանավորումն հաստատված խաղաղության։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության, ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։
ՀՀ ԱԳՆ


















































