Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերն արձանագրել են Հայաստանի անվտանգության հարցում ԵՄ ներդրումը. կայացել է ՀՀ-ԵՄ երկխոսության երրորդ նիստը

Փետրվար 04,2026 18:07 Share

Փետրվարի 3-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը:

Այն վերահաստատել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական ձգտումները և համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային և պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության և մոտարկման առաջմղման հարցում։ Ընդգծվել է նաև քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարևորությունը՝ որպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևոր հիմնասյուն:

Կողմերը ողջունել են երկկողմ հարաբերություններում առկա նշանակալի պահը՝ ի հաջորդումն 2025թ. դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի հաջողության և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունման, ինչը հավակնոտ քաղաքական ուղենիշ է սահմանում քաղաքական, անվտանգային և այլ ոլորտներում համագործակցության խորացման համար։ Կողմերն ընդգծել են 2026թ. մայիսին Երևանում նախատեսված ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Ռազմավարական օրակարգի անվտանգային և պաշտպանական ուղղությունների իրականացման վերաբերյալ: Այս համատեքստում նրանք արձանագրել են ԵՄ ճգնաժամային առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Կողմերն արձանագրել են նաև Հայաստանի դիմակայունության ու անվտանգության հարցում ԵՄ արժեքավոր ներդրումը, ինչպես, օրինակ՝ Եվրոպական Միության առաքելության ներկայությունը Հայաստանում և Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում աջակցությունը, որը 2024թ. ի վեր կազմում է 30 միլիոն եվրո:

Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հիբրիդային, կիբեր և տեղեկատվական տիրույթին առնչվող սպառնալիքներին։ Հայաստանը և Եվրոպական Միությունը համաձայնել են շարունակել համագործակցությունն այս ոլորտում Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ուղղված վնասարար միջամտություններին հակազդելու նպատակով:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային կապակցվածության խթանման հարցում կողմերի համատեղ հանձնառությունը։

ԵՄ իր հաստատակամ աջակցությունն է հայտնել այս երկու գործընթացներին՝ տարածաշրջանում բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հարգմամբ։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես միջտարածաշրջանային և անդրտարածաշրջանային կապերի ընդլայնմանն ուղղված կարևոր շրջանակի, որը համապատասխանում է նաև ԵՄ «Գլոբալ դարպասներ» օրակարգին։ Կողմերը քննարկել են «ԹՐԻՓՓ ուղու» գործարկման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած զարգացումները:

ԵՄ ողջունել է Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության շրջանակներում արտահայտված դիրքորոշումներին միանալու աճող ցուցանիշն ու միջազգային անվտանգության հարցերում մշտական ներգրավվածությունը և կխրախուսի այդ մոտարկման ցուցանիշի հետագա աճը:

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը՝ որպես գործըներության առանցքային տարրերի։ ԵՄ վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։ ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա 2027թ. Բրյուսելում:

Նիստը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, քաղաքական գծով տնօրեն Օլոֆ Սկուգը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728